ՍԱՄՂՐԵԹ – ՍՈՒՐԲ ՆՇԱՆ

1 samghereTi surb nshanՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 10-11-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐՈՒՄ:

Սամղերեթ գյուղի Սուրբ Գևորգ (Սբ Նշան) եկեղեցին կառուցվել է միջնադարյան հայկական եկեղեցու տեղում և մասամբ նրա իսկ քարերով: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերում Սամղերեթ գյուղում ծխական եկեղեցու առաջին հիշատակությանը հանդիպում ենք միայն 1857 թվականից: Այն հիշատակված է որպես փայտաշեն կառույց[1]: 1860-ական թվականների թեմի եկեղեցիների տեղեկագրում առկա է հիշատակություն գյուղում գործող երկու եկեղեցիների և երկու քահանաների մասին[2]:

Եկեղեցու առաջին նկարագրություններից մեկում նշված է. «...ունի զհոյակապ մատուռն յանուն սրբոյն Գէորգայ: Ի վերա որման եկեղեցւոյ գրի «Ես Բէկի շինեցի զեկեղեցիս վասն միաբանաց եկեղեցւոյն և սոքա ետուն ինձ երկու ժամ, թուին ՌԿԱ ...»[3]: Այլ աղբյուրներում ևս շեշտված է եկեղեցու հին կառույց լինելը: 1884 թվականին «Արձագանք» թերթում տպագրված «Ճանապարհորդական հիշատակարանի» տվյալներով, գյուղն ունեցել է փոքրիկ քարաշեն հնակառույց եկեղեցի: Հայ բնակիչների թիվը հիշատակվում է 20 տուն[4]:2 samghereTi surb nshan

1885-1886–ական թվականների մեկ այլ տեղեկագրում գյուղի եկեղեցին դարձյալ հիշատակված է Սուրբ Գևորգ անվամբ[5]:

Սուրբ Գևորգ եկեղեցու մուտքի բարավորին առկա հայերեն արձանագրության մասին տեղեկություններ է հաղորդում «Մեղու Հայաստանի» թղթակից Ալեքսանդր Արարատյանցը[6]:

1906 թվականի դրությամբ, Սուրբ Գևորգ եկեղեցու մայր գումարը կազմել է 33 ռ. 59 կ., ծխականների թիվը` 289[7]:

Խորհրդային տարիներին նորոգվել է եկեղեցու ծածկը: Ներկայումս առավելապես հայտնի է ոչ թե Սուրբ Գևորգ, ինչպես վկայված է բազմաթիվ վավերագրերում, այլ Սուրբ Նշան անվամբ:

Ճարտարապետությունը. Կառուցված է խառը տեսակի քարերից: Պատկանում է դահլիճի տիպին: Արտաքին չափսերն են 10,94×5,76 մ: Մուտքը բացված է հարավային կողմից: Ենթադրելի է, որ 3 Samghereti Surb Nshanմեկ մուտք էլ ունեցել է արևմտյան կողմից: Ներքին պատերը մասամբ վերականգնված են: Շուրջը տարածվում է հայկական միջնադարյան գերեզմանոցը, ուր առկա են հայերեն արձանագրություններով գերեզմանաքարեր:

Քահանաները: Սուրբ Գևորգ եկեղեցու քահանաներից է եղել Սարգիս քհն. Տեր-Գրիգորյանը[8]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես շատ ու շատ այլ եկեղեցիներ, փակվում և վերածվում է պահեստի: Հետագայում գյուղի բնակիչների կողմից նախաձեռնվում են եկեղեցու մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Նրանց խնամքի և նախանձախնդրության շնորհիվ եկեղեցին կանգուն է մնում։ Ավելի ուշ, 2016 թվականին Սուրբ Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի և հայտնվում կիսախոնարհված վիճակում: Այժմ գյուղի բնակիչների ջանքերով իրականացվում են եկեղեցու վերականգման աշխատանքներ։

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թթ. 15-ի շրջ.-16:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 84:

[3] Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն: Վիրահայոց թեմ:

[4]«Արձագանք», 1884, N 41, էջ 601:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 58-ի շրջ.:

[6] «Մեղու Հայաստանի», 1874, N 22, էջ 3:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 37-ի շրջ.-38; 55: (1911 թվականի տվյալները Տե′ս ֆ. 56, ց. 16, գ.475, թ. 408-ի շրջ.-409):

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 5031, թ. 2-ի շրջ.-3:

  • Hits: 661

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։