ՇԱՄՇՈՒԼԴԱ - ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ

2 shamshulda-surb prkichՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ:

Եկեղեցու հիմնադրումը. Շամշուլդա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվային վավերագրերը, այնպես էլ ժամանակի մամուլը: Մասնավորապես, 1845-1846 թվականների թեմի եկեղեցիների տեղեկագրում առկա է հիշատակություն գյուղում գործող մեկ քարաշեն եկեղեցու վերաբերյալ, որը տվյալ պահին ունեցել է 219 ծխական և մեկ քահանա[1], իսկ 1857-1860 թվականների տեղեկագրում հիշատակվում է նաև եկեղեցու գերեզմանատունը[2]: Եկեղեցու հարավային պատի տակ պահպանված շիրմաքարի վրա արված արձանագրությունից (ԱՍՏ ԱՄՓՈՓԵԱԼ ԿԱՐ ՀԻՄՆԱԴԻՐ ՍՈՅՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՊԵՏՐՈՍ ՔԱՀԱՆԱՅ ԱՐԱՐԱՏԵԱՆՑ, Ի 1860 ԱՄԻ, Ի 10-Ն ՄԱՐՏԻ) պարզ է դառնում, որ այն հիմնադրվել է Պետրոս քահանա Արարատյանի ջանքերով:

19-րդ դարի 70-ական թվականներին եկեղեցին գտնվել է անմխիթար վիճակում[3]: «Ճանապարհորդական հիշատակարանի» հաղորդած տվյալների համաձայն` 1884 թվականի դրությամբ, գյուղում գործել է մեկ քարաշեն եկեղեցի: Արխիվային վավերագրերում Շամշուլդա գյուղի եկեղեցին հիշատակվում է Սուրբ Աստվածածին անվամբ[4]:

Ուխտատեղիներ. Շամշուլդա գյուղից 1.5 վերստ հեռավորության վրա գտնվել է փոքրիկ քարաշեն մատուռ` Սուրբ Աստվածածին անվամբ: Մատուռի կենտրոնում հայերեն արձանագրությամբ խաչքար է կանգնեցված եղել[5]: Ուխտատեղիից դեպի արևելք տարածվել են բազմաթիվ հին շինությունների ավերակներ, որոնց ծայրամասում բարձրացել է Շամշուլդայի հայտնի բերդը` կրաշաղախ ամուր կրկնապարիսպներով: Գյուղի մյուս կողմում գտնվել է մեկ այլ ուխտատեղի` Սուրբ Գևորգ անվամբ: Երկու ուխտատեղիներից ստացված եկամուտը հատկացվել է գյուղի 1 Tetri Tsyaro Samshvilde Surb Prkichուսումնարանին[6]:

Ճարտարապետություն. Եկեղեցին կառուցված է տուֆից, պատկանում է դահլիճային տիպին: Եկեղեցու արտաքին չափսերն են 14,35×7մ: Մուտքը բացված է հարավային կողմից: Ներքին տարածքն իրենից մի մեծ դահլիճ է ներկայացնում: Պատերը սվաղած են և ներկած:

Ծխատեր քահանաներ. Շամշուլդա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից են եղել Սարգիս քհն. Տեր-Գրիգորյանը[7], Կարապետ քհն. Տեր-Գրիգորյանը[8], Հովսեփ քհն. Արարատյանցը[9]: Քահանայագործել են 1860-1880-ական թվականներին: Տվյալները վերցված են եկեղեցու չափաբերական մատյաններից:

Դպրոց. 1878 թվականին «Մեղու Հայաստանի»-ի թղթակիցը գրում է, որ ինչպես Սոմխեթի (հայկական) մյուս գյուղերը, այնպես էլ Շամշուլդան զուրկ են ուսումնարանից[10], սակայն արդեն 1884 թվականի «Արձագանք» թերթի տվյալներով, գյուղի Սբ Աստվածածին և Սբ Գևորգ ուխտատեղիների եկամուտը հատկացվել է ուսումնարանին[11]: Այսինքն 1880-ական թվականներին գյուղն արդեն դպրոց ուներ: Հետագայում դպրոցը փակվել է: Տեղացիները դպրոցը վերաբացելու քայլեր են ձեռնարկել 1905-1906 թվականներին[12]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Խորհրդային տարիներին Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես շատ ու շատ այլ եկեղեցիներ, փակվում և վերածվում է պահեստի: Գյուղի բնակիչների կողմից տարիներ շարունակ տարած խնամքի շնորհիվ, եկեղեցին շարունակում է կանգուն մնալ։ Հետագայում Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է ռուսաստանաբնակ, նախկին շամշուլդեցի Գուրգեն Հովհաննիսյանի բարերարությամբ: 2008 թվականի փետրվարի 22-ին ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Շամշուլդա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 43-ի շրջ.-44:

[2] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թթ. 15-ի շրջ.-16:

[3] «Մեղու Հայաստանի», 1878, N 29, էջ 2

[4] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 58-ի շրջ., գ. 3912, մաս 1, թ. 55:

[5] «Արձագանք», 1884, N 41, էջ 601:

[6] Տե′ս նույն տեղում:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4421, թ. 2:

[8] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4444, թ. 3:

[9] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 4449, թ. 3:

[10] «Մեղու Հայաստանի», նույն տեղում:

[11] «Արձագանք», նույն տեղում:

[12] ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 138, թթ. 1-6; գ. 188, թթ. 1-3:

  • Hits: 829

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։