ԱԽԱԼՑԻԽԵԻ ՍԲ ՆՇԱՆ (Ս.ՎԱՐԴԱՆԱՆՑ) ԵԿԵՂԵՑԻ

ԱԽԱԼՑԻԽԵԻ ՍԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ XIX ՐԴ ԴԱՐ

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1861-1862 ԹԹ.: 1970 ԹԹ. ԵԿԵՂԵՑԻՆ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է, 1980-ԱԿԱՆ ԹԹ. ՎԵՐԱԾՎԵԼ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ: ԱՅԺՄ ԳՆՏՎՈՒՄ Է ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՎ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ:

Հիմնադրում. Մինչև օրս կանգուն Ախալցիխեի Սբ Վարդանանց (Սբ Նշան) եկեղեցին գտնվում է նույն քաղաքի Մարդա (Մարտա) թաղամասում՝ փոքրիկ բլրակի զառիվայր լանջին[1]: Այն տարածքը, որտեղ կառուցվել է Սբ Նշան եկեղեցին, 1829-1830 թթ. Կարինից Ախալցիխե գաղթած հայ գաղթականները, ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի մոտ գտնվող սրբավայր լեռան, կոչել են Սուրբ Նշան[2]: Բանն այն է, որ քաղաքում գործող հայոց Սուրբ Փրկիչ եկեղեցին բավականին հեռու էր Մարդա արվարձանից, ուստի հայ ծխականները դիմում են հոգևոր իշխանությանը՝ «Սուրբ Նշան» անվանված տեղանքում նոր եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Սբ Նշան եկեղեցու կառուցման թույլտվությունը տրվեց 1861 թ.[3], իսկ շինարարությունը սկսվեց 1862 թ.: Կառուցման ողջ ծախսը ստանձնեց Ախալցիխեի պատվավոր քաղաքացի մահտեսի Վարդան Վարդանյանցը[4]:

Եկեղեցու շինարարությունը տևեց երկու տարուց ավելի և ավարտվեց 1864թ.: Նույն թվականի փետրվարի 27-ին, քաղաքական և զինվորական աստիճանավորների ներկայությամբ, Սրբազան առաջնորդը հոգևորական դասի հետ միասին կատարեց եկեղեցու օրհնության և օծության հանդեսը և «դրոշմեց զայն յանուն սրբոյ զօրաւարին և մեծի նահատակին Վարդանայ…»[5]:

Եկեղեցու արևելյան ճակատին և հարավային մուտքի վերնամասում պահպանվել են նաև համապատասխան շինարարական արձանագրությունները[6]:

Ճարտարապետություն. Սբ Նշան եկեղեցին ճարտարապետական հորինվածքով արտաքուստ ուղղանկյուն հատակագծով եռանավ կենտրոնագմբեթ շինություն է: Սրածայր վեղարով ավարտվող վեցանիստ թմբուկը ներքուստ պահում են երկու զույգ բոլորաձև սյուների վրա հենված թաղակիր կամարները: Մուտքերը երեքն են՝ բացված հյուսիսային, հարավային և արևմտյան ճակատներից: Արևմտյան ճակատին կից է առաջին և երկրորդ հարկերում քառասյուն, իսկ երրորդում՝ վեց սյուների վրա կանգնած կից եռահարկ զանգակատունը: Կառուցված է սրբատաշ քարերից, ներքուստ սվաղված է: Արտաքին չափերն են՝ 15,35 x 10,83 մ[7]:

Քահանաներ. Սբ Նշան եկեղեցու քահանաներից են եղել Հովհաննես քհն. Առվանյանցը[8], Հովհաննես ավագ քհն. Տեր-Մարգարյանցը[9], Տիգրան քհն. Սիսակյանցը[10], Մինաս Ազնավուրյանցը[11], Գևորգ Տեր-Կարապետյան Սիսակյանցը[12] :

Տնտեսականդրություն. Սբ Նշան (Սբ Վարդանանց) եկեղեցին ունեցել է եկեղեցապատկան մի շարք կալվածքներ և շինություններ, որոնց վերաբերյալ առկա են բազմաթիվ փաստեր:

Եկեղեցուն են պատկանել պտղատու ծառերով պարտեզ, վարելահողեր և տներ: Եկեղեցապատկան անշարժ կալվածքների մասին հավաստող ուշագրավ տեղեկություններ են պահպանվել 1886թ. հունիսի 17-ին կազմված եկեղեցու անշարժ կալվածքների ցուցակում[13]: Բացի անշարժ կալվածքներից, Սբ Նշան եկեղեցին ունեցել է նաև բազմաթիվ թանկարժեք զարդեր և անոթներ[14]: 20-րդ դարի սկզբին քաղաքի նոր թաղամասում եկեղեցին ուներ այգի և 2 տուն: Եկեղեցու մայր գումարը կազմում էր մոտ 360 ռ. 73 կ., անշարժ գույքից ստացված գումարը՝ 694 ռ. 28 կ., ծախքը` 672 ռ. 34 կ.: Նախկին կալվածքներին ավելացել էր նաև Ալեքսանդրյան փողոցում մի տուն, որն եկեղեցուն էր նվիրել Կովկասյան Բարեգործական ընկերության տեղի մասնաճյուղը[15]: Սբ Նշան եկեղեցին պարբերաբար, տարբեր մեկենասների և նվիրատվությունների շնորհիվ, կարողանում էր ձեռք բերել նոր կալվածքներ և հարստություններ, որոնց մասին հիշատակության են արժանի տարբեր ժամանակաշրջաններում կազմված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ ցուցակները[16]:

Դպրոց. Սբ Նշան եկեղեցու ծխական դպրոցի կառուցումը դարձյալ կապված է Վարդանյանցների ընտանիքի անվան հետ: Մասնավորապես, եկեղեցուն կից դպրոց կառուցելու նպատակով հայր և որդի Վարդանյանցները 1864 թ. գրել են. «…ցանկալով ի պարսպի նորին շինել սենեակս վասն ազգային ուսումնարանի հարիւրաւոր մանկտեաց բնակչաց այնր տեղոյ, որք վասն ի կարի հեռիութեան չկարին գալ ի միւս մեծ ուսումնարանն քաղաքի մեր և մնան զուրկ ի գիտութիւնէ հաւատոյ»[17]: Համազասպ Վարդանյանցը, իր սեփական միջոցներից 8000 ռ. ծախսելով կառուցում է դպրոցի շենքը և ստանձնում տարեկան մոտ 1000 ռ. ծախս պահանջող հաստատության պահպանության հոգսը[18]:

Դպրոցում դասավանդած ուսուցիչներից են եղել Հովհաննես Հակոբյանցը, Մելքիսեդեկ Մկրտչյանը, Տիգրան Սիսակյանցը, Ղազարոս Բաղդասարյանցը, Մարտիրոս քհն. Մեծատունյանցը և այլք[19]: Դպրոցի հոգաբարձուների թվում հիշատակվում են մահտեսի Համազասպ Վարդանյանցը և նրա օգնական Գրիգոր աղա Սաղոյանցը: Սբ Նշան եկեղեցու դպրոցը փակվել է 1884 թ.[20]:

Եկեղեցին խորհրդային շրջանում. Չնայած եկեղեցու գործունեության դադարեցման վերաբերյալ 1928 թվականով թվագրվող մի գրագրության[21]՝ եկեղեցու պաշտոնական փակումը տեղի է ունեցել 1938 թվականին, թեև եկեղեցու դռները բաց էին հավատավոր ժողովրդի առջև մինչև 1941 թ.:

1957թ. Վիրահայոց թեմակալ առաջնորդի փոխանորդը Սուրբ Վարդանանց եկեղեցու վերաբացման հետ կապված մի շարք հայտարարություններ ու խնդրագրեր է ուղղում իշխանություններին և Վազգեն Առաջին կաթողիկոսին: Արդեն մարտին, ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր Կրոնի գործերի խորհրդի նախագահ Վ. Գոստևին հղած գաղտնի զեկուցագրում, Վրաստանում գործող նույն խորհրդի լիազորված անձ Շալուտաշվիլին նշել է, որ «…Ախալցխայի Հայկական Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 1840 թ.: Եկեղեցական շինությունը զբաղեցնում է 107 քառակուսի մետր տարածք: Եկեղեցին փակելու պահից մինչև այսօր օգտագործվում է՝ որպես շրջանային արխիվ»[22]: Միաժամանակ նա հավելում է, որ թեմակալ առաջնորդի փոխանորդ Քալանթարյանը հանրապետության տարբեր վայրերում հավատացյալ հայերի շրջանում ագիտացիա է տարածում և հորդորում հայտարարություններ ներկայացնել իշխանություններին՝ եկեղեցին վերաբացելու համար: Հարկ է նշել, որ 1956 թ. Ախալցխայի շրջանային գործկոմը եկեղեցու շենքի ներսում արխիվային գործերի համար տեղադրել էր հատուկ երկհարկանի փայտե դարակներ, ինչպես նաև շրջանային արխիվի աշխատակիցների համար կառուցել աշխատասենյակ` այդ ամբողջի համար ծախսելով մոտ 15 հազար ռուբլի[23]:

1970-ական թվականներին եկեղեցին մասնակի վերանորոգվում է, որի արդյունքում անհետանում է հյուսիսային մուտքի ճակտոնապատի (տիմպան) արձանագրությունը[24]:

1976-78 թթ. եկեղեցին մաքրվում է հայ հասարակության և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանաներ եղբայրներ Տեր Ռուբեն և Տեր Շմավոն Սադոյանների կողմից, ովքեր և իշխանությունների կողմից ենթարկվում են տույժերի: Ավաղ, եկեղեցին այդպես էլ չի վերադարձվում ժողովրդին և վերածվում է ազգագրական թանգարանի: Ավելի ուշ`1989 թ. ապրիլի 24-ին, տեղի հոգևոր դասի և հայ բնակչության մասնակցությամբ եկեղեցում իրականացվող հոգեհանգստի արարողությունն առիթ է դառնում քաղաքի հայ և վրաց բնակչության միջև ծագած տարաձայնության: Այդ օրերի Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների և մտավորականության միջամտությամբ որոշվում է եկեղեցու դռները հավասարապես բաց պահել երկու համայնքների առջև՝ մինչև հարցի վերջնական լուծումը:

Այս որոշման կայացմանը նպաստում է վրաց որոշ գիտնականների պնդումն այն մասին, որ, իբրև թե, Սուրբ Նշանը կառուցվել է վրացական եկեղեցու հիմքերի վրա: Ցավոք, պետք է փաստենք, որ տվյալ թյուր կարծիքը վրաց մտավորականներից ու հոգևորականներից ոմանք փորձում են տարածել նաև Վրաստանի հայկական ծագում ունեցող այլ եկեղեցիների վրա ևս:



[1]Եկեղեցին Խորհրդային տարիներին անվանվել է նաև Սուրբ Նշան:

[2]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2253, թ. 271 շրջ.-272:

[3]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2252, թ. 104:

[4]Ի. Հազարապետեանց,Ախալցխայու Սուրբ Վարդանայ եկեղեցու օծման հանդէսը, «Մեղու Հայաստանի», 1864, № 18, էջ 148:

[5]Ի. Հազարապետեանց, նշվ. հոդվ., էջ149:

[6]Արձանագրութունների տեքստը տե′ս Ս.Կարապետյան, Ախալցխա, Երևան, 2008, էջ 136: Արձանագրությունն առավել ընթեռնելի դարձնելու նպատակով 2002 թ. տեղի հայերը սև ներկով պատել են տառերի փորվածքները:

[7]Ս. Կարապետյան, նշվ. աշխ., էջ 135:

[8]ՄՄ, Ա. Երիցյանի արխիվ, թղթ. 157, վավ. 276, թ. 52:

[9]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 550, թթ. 16-17:

[10]ՄՄ, Կ/դ, թղթ. 202, վավ. 502, բնագիր, ձեռագիր:

[11]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 566, թթ. 1-2:

[12]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 795, թ. 29:

[13]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 944, թ. 30: Նույն կալվածքները նշված են նաև 1898 թ. մայիսի 3-ին կազմված եկեղեցու անշարժ գույքի ցուցակում, (ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1218, թ. 2 և շրջ.):

[14]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1240, թթ. 10-13:

[15]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1240, թ. 9 շրջ.:

[16]ՀԱԱ, 355, ց. 2, գ. 405, թ. 3 և շրջ:

[17]ՄՄ, Ա. Երիցյանի արխիվ, թղթ. 157, վավ. 275, թ. 51:

[18]ՀԱԱ, ֆ. 355, ց. 1, գ. 329, թ. 3:

[19] «Մեղու Հայաստանի», 1869, № 28, էջ 219:

[20]«Մեղու Հայաստանի», 1884, № 61, էջ 4:

[21]ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3217, թ. 1 և շրջ.:

[22]ՀԱԱ, ֆ. 823, ց. 3, գ. 119, թ. 12.: Անշուշտ, եկեղեցու կառուցման թվականը սխալ է նշված:

[23]ՀԱԱ, ֆ. 823, ց. 3, գ. 119, թ. 12.: Տե՛ս նաև «Բանբեր Հայաստանի արխիվների», 2001, № 1, էջ 91:

[24]С. Карапетеян, А. Марутян, Р. Наатакян, Церковь Сурб Вардананц (Сурб Ншан) города Ахалцха (документы), «Լրաբեր հասարակական գիտությունների», 1990, № 5, էջ 85:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։