ԹԲԻԼԻՍԻԻ ՆՈՐԱՇԵՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

ՆՈՐԱՇԵՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ XXI-ՐԴ ԴԱՐ

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1467 Թ., ՈՐՈՇ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ Է 1507 Թ.: ԱՅԺՄ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՆԳՈՒՆ Է, ՍԱԿԱՅՆ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ:

Հիմնադրում և վերանորոգություններ. Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին Հին Թիֆլիսի հանրահայտ ու նշանավոր հայկական եկեղեցիներից է: Այն գտնվում է Թբիլիսիի Մեյդան հրապարակի հարևանությամբ, ներկայիս Կոտե Աբխազի փողոցի (նախկին Լեսելիձե փողոց) № 41-ում, վրաց առաջնորդանիստ Սուրբ Սիոն և հունական Ջվարիս Մամա եկեղեցիների հարևանությամբ:

Ինչ վերաբերում է Նորաշեն անվանմանը, ապա եկեղեցին իր ամբողջ պատմական տարեգրությունում հիշատակվել է Սուրբ Աստվածածին և երբեք չի նշվել՝ «Աւետյաց Սուրբ Աստվածածին», ինչպես սխալմամբ գրել է Պ. Մուրադյանը[1]: Հավանաբար, այս մտայնությունն էլ որոշ վրաց հոգևորականների համար հիմք է հանդիսացել շինությունն անվանել վրաց Խարեբա (թարգմանաբար՝ Ավետյաց) եկեղեցի, որը և վրաց եկեղեցու ծիսակարգով փորձել են օծել 1995թ. փետրվարի 15-ին:

Ըստ եկեղեցու հիմնադրման վերաբերյալ մեզ հասած արձանագրության` այն կառուցվել է 1507թ.[2]:Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին տարբեր ժամանակներում վերանորոգվել է ինչպես Թբիլիսիի հայ ազգաբնակչության ջանքերով, այնպես էլ մի շարք բարերարների մեկենասությունների շնորհիվ։Եկեղեցին մասնավորապեսվերանորոգվել է 1650, 1795, 1808, 1830-1835, 1857, 1897 թվականներին և անշուշտ վերանորոգություններ եղել են նաև հետագայում:

1650 թ. եկեղեցին հիմնովին վերանորոգվել է ջուղայեցի մեծատուն Խոջա Նազարի միջոցներով[3]: Նորաշեն եկեղեցին մեծ չափով վնասվել ու ավերվել է 1795թ. Աղա-Մահմադ խանի ասպատակության ժամանակ: Ընդ որում, ավերածությունը այնքան մեծ է եղել, որ Նորաշեն եկեղեցու համայնքը Հովսեփ Խատինի միջոցով (նա հայտնի բանագնաց Ռաֆայել Դինբեկեանցի հայրն էր) դիմել է Մադրասի հայությանը՝ եկեղեցին վերանորոգելու համար հանգանակություն կազմակերպելու խնդրանքով: Պահպանվել է նաև Հովսեփի տված պարտուց գիրը, որով նա այդ գումարը պետք է հանձներ Նորաշեն եկեղեցու ավագերեց Տեր Առաքել Շմավոնյանին[4]:

Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու հաջորդ նորոգությունը կատարվել է 1830-1835թթ., որի համար ծախսվել է շուրջ 11,563 ռ. գումար[5]: Այդ նորոգությունից հետո՝ 1837թ., եկեղեցին նկարագրել է Էգնատի Իոսելիանին՝ նշելով այն որպես հայոց չորրորդ եկեղեցի[6]: 1899թ. ներքին վերանորոգությունների ընդհանուր գումարը կազմել է 1154ռ.[7] :

Ինչպես Թբիլիսիի հայկական մյուս եկեղեցիները, Նորաշենը ևս չի վրիպել Թբիլիսի այցելած մի շարք ճանապարհորդների ուշադրությունից: 1673թ. ֆրանսիացի ՆՈՐԱՇԵՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ XIX-ՐԴ ԴԱՐԺան Շարդենը Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին թվարկել է հայկական գործող եկեղեցիների շարքում և նշել. «Նորաշեն կամ Նոր շինութիւն»[8]: 1817թ. Թբիլիսի է այցելել իտալացի Ա. Նեգրին, իսկ 1824-30թթ.՝ նրա հայրենակից Մ. Մեդիչին, որոնք նույնպես, հիշատակելով քաղաքի հայկական եկեղեցիները, դրանց թվում նշել են նաև Նորաշեն Սուրբ Աստվածածինը[9]: Այսպիսով` օտար ճանապարհորդները ևս հստակ նշել են Նորաշենի հայկական պատկանելության մասին:

Ճարտարապետություն. Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին ճարտարա­պե­տական հորինվածքով պատկանում է գմբեթավոր բազիլիկ կառույցների տիպին: Աղոթասրահը (լայնության և երկարության հարաբերությունը 1:1,2) երկու զույգ հզոր գլանաձև մույթերով (1,55 մ տրամագծով) բաժանվում է երեք թաղածածկ նավերի: Շինության գմբեթը դրված է արևելյան մույթերի և ավագ խորանի անկյունների վրա: Ավանդատներն ուղղանկյուն են, առանց աբսիդների (խորանների): Արևմտյան ճակատի վրա՝ երկթեք տանիքին բարձրանում է թեթև, սյունազարդ զանգակատունը[10]:Եկեղեցու որմնանկարները Հովնաթանյանների աշխատանքներն են:

Տնտեսական դրություն. Նորաշենի եկեղեցու տնտեսական դրության մասին տեղեկություններ են հաղորդում մի շարք արխիվային վավերագրեր: Հիշատակության է արժանի 1795-1807թթ. եկեղեցու ելքի և մուտքի հաշիվների մատյանը[11]: 1837թ. կազմվել է Նորաշեն եկեղեցու շարժական և անշարժ գույքի ցուցակը, որում առկա են բազմաթիվ թանկարժեք զարդեր, անոթներ, տպագիր Ավետարաններ և այլն[12]:Հիշատակման են արժանի նաև 1899թ. գույքացուցակում նշված երկու ձեռագրերը՝ Ավետարանը և Տաղարանը[13]:

Հոգևորականներ. Ինչ վերաբերում է Նորաշենի հոգևորականությանը, ապա տեղեկությունները նրանց վերաբերյալ բազմաթիվ են: 18-րդ դարի վերջին Թբիլիսիում ճանաչված քահանաներից է եղել եկեղեցու միաբան Տեր Հակոբը[14]: 19-րդ դարի 20-ական թվականների եկեղեցու միաբաններից են եղել Տեր Գևորգ Տեր-Ահարոնյանը, Տեր Հարություն Տեր-Սահակյանը[15]: 20-րդ դարի սկզբին եկեղեցում քահանայագործել են Գևորգ ավագ քհն. Տերտերյանցը, Դավիթ քհն. Գիրգիդյանցը, Թադևոս քհն. Երվանդյանցը և Սարգիս քհն. Շիոյանցը[16]:

Եկեղեցական-ծխական դպրոցներ. Նորաշենի ծխական արական դպրոցը հավանաբար բացվել է 1858թ.: 1873թ. դպրոցն ունեցել է 4 ուսուցիչ, 38 աշակերտ[17]:

Հայ աղջիկների համար բացված հնագույն և նշանավոր դպրոցներից էր Նորաշենի Սուրբ Մարիամյան օրիորդաց ուսումնարանը: Հիմնադրվել է 1866 թ. հայ ականավոր մանկավարժ Խորեն Ստեփանեի կողմից[18]: 1917թ. Նորաշեն եկեղեցու դպրոցն ունեցել է միջնակարգ աստիճան:

Խորհրդային և հետխորհրդային շրջան. Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես Թբիլիսիի մյուս հայկական եկեղեցիները, խորհրդային առաջին տարիներին, հակակրոնական քաղաքականության շնորհիվ հայտնվում է փակման վտանգի առաջ: Այդ առթիվ 1925թ. հունիսի 24-ին, Նորաշենի եկեղեցական խորհրդի անդամները հայտարարություն են ուղղում Վրաստանի Հայոց Թեմական եկեղեցական խորհրդին. «Նորաշէն եկեղեցուն սպառնում է վտանգ: Քաղգործկոմը փողոցը լայնացնելու համար ցանկանում է եկեղեցու արևելեան պատը ամբողջապէս քանդել, որով ոչնչանում են խորանները, բեմը...»[19]: Նույն թվականի հուլիսի 8-ին Նորաշենի եկեղեցական խորհուրդը դարձյալ դիմում է Վրաստանի Հայոց Թեմական եկեղեցական խորհրդին՝ եկեղեցին քանդելու վտանգից ազատելու խնդրով[20]: Արդյունքում, 1933 թվականի դեկտեմբերի 22-ին եկեղեցին փակվում է[21]: 1972թ. եկեղեցում տեղակայված էր Վրացական ԽՍՀ ԳԱ գիտական գրադարանը[22]:

2008թ. մայիսին Վրաց Ուղղափառ Եկեղեցին որոշում է Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցին և նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով Վրաց Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ կրոնական էլեմենտներ: Այդ առիթով իր մտահոգությունն է հայտնում Վիրահայոց թեմը, սակայն ապարդյուն[23]: 2014թ. Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը տալիս է եկեղեցու վերանորոգման աշխատանքների իրագործման թույլատվության վկայական: Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Վրաստանի պատմական հուշարձանների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ: 2015-2016թթ. Նորաշեն եկեղեցու ամրապնդման նպատակով անցկացվում են անհետաձգելի ինժեներական և կոնստրուկտիվ վերականգնման աշխատանքներ: Տաճարի գմբեթը, ճակատը, որմնա­խարիսխը մշակվում են բարձր ճնշման ավազ-շիթային մեթոդով: Տեղադրվում են նոր դռներ և պատուհաներ, եկեղեցու տարածք են վերադարձվում գերեզմանաքարերը:



[1]Տե՛ս П. Мурадян, Армянская Эпиграфика Грузии, Ереван, 1988, с. 76; «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները», էջ 39:

[2]Պ. Մուրադյան, ՀինԹիֆլիսիհայոցեկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 45:

[3] «Արարատ», 1850, Ատարի, № 4, սեպտեմբերի 23, էջ 53:

[4]Պ. Չոբանյան, Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին, Ս. Էջմիածին, 2006, էջ 111:

[5]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2637, թ. 15-իշրջ.-16:

[6]Լ. Մելիքսեթ-Բեկ, ՎրացաղբյուրներըՀայաստանիևհայերիմասին, հ. Գ., Երևան, 1955, էջ 266:

[7]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3399, թ. 2, տե′սնաև «Էջմիածին», 2010/ Է, էջ 76-77:

[8]Պ. Մուրադյան, նշվ. աշխ., էջ 312:

[9]ՀԱԱ, ֆ. 469, ց. 14, գ. 329, թ. 11,:

[10]Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, «Էջմիածին», 2009/Զ, էջ 74:

[11]ՄՄ, Կ/դ, թղթ. 6, վավ. 72:

[12]ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թ. 36-40:

[13]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1219, թ. 186-189:

[14]ՄՄ, Ա. Երիցեանիարխիվ, թղթ. 159, վավ. 112 ա: Տե՛սնաևՄՄ, Ն. Աշտարակեցուարխիվ, թղթ. 164բ, վավ. 945:

[15]ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 745, թ. 11-իշրջ.:

[16]ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 335, թ. 115-116:

[17]Ս. Խուդոյան, Արևելահայդպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 592-593:

[18]Ս. Խուդոյան, նույնտեղում, էջ 591:

[19]ՀԱԱ, ֆ. 148, ց. 1, գ. 12, թ. 2 ևշրջ.:

[20]ՀԱԱ, ֆ. 148, ց. 1, գ. 12, թ. 3 ևշրջ., տե′ս նաև«Էջմիածին», 2010/Է, էջ 83-84:

[21]ՀԱԱ, ֆ. 148, ց. 1, գ. 24, թ. 1:

[22]ՀԱԱ, ֆ. 469, ց. 14, գ. 329, թ. 2:

[23]«Էջմիածին», 2008/Ժ, էջ 138-139:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։