ՍՈՒՐԲ ՆՇԱՆ (ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ) ԵԿԵՂԵՑԻ

ԹԻՖԼԻՍԻ ՍԲ ՆՇԱՆ ՍԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԵԿԵՂԵՑԻ XXI ՐԴ ԴԱՐ

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1624 Թ.: Ս. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՄԵԾ ՎՆԱՍ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԸ: ԵԿԵՂԵՑԻՆ ԱՅՍՕՐ ԳՏՆՎՈՒՄ Է ԿԱՆԳՈՒՆ, ՍԱԿԱՅՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ:

Հիմնադրում և վերանորոգություններ Թբիլիսիի Սբ Նշան Եկեղեցին հայկական մշակութային այն հուշարձաններից է, որն աչքի է ընկնում ոչ միայն ավանդական հայկական ճարտարապետական հորինվածքով, այլև կրում է վրացական և արևելյան մշակույթի տարրեր: Ներկայումս եկեղեցու պատկանելիության հարցը վիճաբանության առարկա է Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների միջև: Սբ Նշան եկեղեցին գտնվում էր հին Թիֆլիսի Կալոյի (Կալոս Ուբանի) թաղի կենտրոնում:

Պահպանված շինարարական արձանագրությունները և սկզբնաղբյուրները լիարժեք չպահպանված լինելու պատճառով թույլ չեն տալիս հստակեցնելու եկեղեցու հիմնադրման կոնկրետ տարեթիվը: Այսպես` համաձայն հայերեն ձեռագրերի հիշատակարանների՝ եկեղեցին հիմնադրվել է 1624 թ.[1]: Եկեղեցու հյուսիսային բարավորին պահպանված արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է 1703-1720 թվականների ընթացքում[2]: Հավելենք, որ 1720 թ. դրությամբ եկեղեցին դեռևս գմբեթ չի ունեցել: Չնայած դրան, այն սկսել է գործել[3]: Գմբեթը հավելվել է 1780 թ.[4]:

Եկեղեցու հիմնադրման և պատկանելիության հարցի հետ կապված վրաց հետազոտողները առաջ են քաշել այն տեսակետը, համաձայն որի 1703 թ. հայերը նշված եկեղեցին հիմնադրել են նախկինում գոյություն ունեցած վրացական ուղղափառ եկեղեցու տեղում: Այս տեսակետը շրջանառության մեջ է դրել վրաց հետազոտող Պ. Իոսելիանին[5]: Հետագայում շատ հեղինակներ, այդ թվում և հայ[6], հենվել են նրա շրջանառած կարծիքին: Նշենք, որ Պ. Իոսելիանու հաղորդած տեղեկությունները հիմնավորված չեն բազմակողմանի սկզբնաղբյուրներով:

Ըստ էության կարելի է փաստել, որ թե´ հայ, թե´ վրացի հետազոտողները համակարծիք են մինչև 1703թ. եկեղեցու գոյություն ունենալու փաստին: Տարա­ձայնություն­ները ԹԻՖԼԻՍԻ ՍԲ ՆՇԱՆ ՍԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԵԿԵՂԵՑԻ XIX ՐԴ ԴԱՐպտտվում են այն հարցի շուրջ, թե սկզբնապես ովքեր են հիմնադրել եկեղեցին՝ հայերը, թե՞ վրացիները:

Ճիշտ է Սբ Նշան Եկեղեցին 19-րդ դարում արդեն ուներ ամբողջական ճարտարապետական տեսք, սակայն այս շրջանում եկեղեցին ենթարկվել է մի շարք վերանորոգությունների: Մասնավորապես, 1830 թ. երեսփոխ Ավետիս Պիրոյանցինախաձեռնությամբ կատարվել է եկեղեցու ներքին ծավալի նկարազարդում: Շինության ընդհանուր բարեկարգումը իրականացվել է 1837 թ. [7]: Եկեղեցու մատուռը կառուցվել է 1861 թ.: Վերանորոգման աշխատանքներ կատարվել են նաև 1880-1890-ական թվականներին:

Ճարտարապետություն. Սբ Նշան եկեղեցու ճարտարապետական նկարագիրը ներկայացրել են ինչպես օտարազգի, այնպես էլ հայ հեղինակները: Ըստ հուշարձանագետ Ս. Կարապետյանի՝ եկեղեցին ունի 17-18-րդ դարերում հայ եկեղեցաշինության մեջ տարածված գմբեթավոր եռանավ բազիլիկի հորինվածք:

Եկեղեցու կենտրոնական գմբեթը նվիրված է Սբ Նիկողայոսին, իսկ կողայինները` Սբ Անդրեին և Գեորգիին[8], իսկ զույգ հաստահեղույս սյուները պահում են 12 նիստանի թմբուկը և թաղերը: Ավանդատները կրկնահարկ են: Երկրորդ հարկում մուտքերը բացված են խորանի մեջ և նրա հետ հաղորդակցվում են 17-ական աստիճանների միջոցով: Հիմնական շինանյութը աղյուսն է: Գործածված է նաև քար: Ծածկերը կղմինդրապատ են: Ներքին ծավալները պատված են եղել որմնանկարներով: Արևմտյան ճակտոնի գագաթն ունի ութ սյուների վրա կանգնած զանգակատուն, իսկ հյուսիսային մուտքի առջև` քառասյուն նախամուտք[9]:

Քահանաներ.Սբ Նշան եկեղեցում տարբեր ժամանակներում քահանայագործել են`Հովհաննես ավագ քահանա Մկրտումյանը[10], Գրիգոր քահ. Տեր-Դավթյան Իզմիրյանցը[11], Անդրեաս քահ. Տեր-Ստեփանյան Ամբարտանյանցը[12], Պետրոս քահ. Օհանյան Տեր-Կարապետյանցը[13], Եսայի քահ. Մեհրաբյանցը[14], Գրիգոր քահ. Շերմազանյանցը[15]:

Դպրոց. Սբ Նշան եկեղեցուն կից արդեն 19-րդ դարի առաջին կեսից բացվել են արական և իգական, ինչպես նաև տիրացուական դպրոցներ:Արական դպրոցը բացվել է 1848 թ.[16], իգական դպրոցը բացվել է 1873 թ.[17]: Առավել հայտնի օրիորդաց դպրոց է համարվել 1883թ. բացված ուսումնական հաստատությունը, որը 1884 թ. արդեն ուներ 200 սան: Սբ Նշան եկեղեցու իգական դպրոցը աչքի է ընկել թե´ ընդհանուր կազմա­կերպվածությամբ, թե´ ուսուցիչների պատրաստվածությամբ: Տիրացուական դպրոցը բացվել է 1876 թ. Գաբրիել արք. Այվազովսկու (1876-1880) առաջնորդության շրջանում: Տվյալ պահին դպրոցում ուսանել է 40 տիրացու[18]:

Գերեզմանոց Սբ Նշան եկեղեցին կից ունեցել է նաև գերեզմանոց, որը զբաղեցրել է նրա հյուսիսային, մասամբ նաև արևմտյան կողմը: 1970-ական թվականներին հյուսիսային հատվածում գտնվող տապանաքարերի մեծ մասն ասֆալտապատվել է: Տեսանելի էին մնացել միայն սակավաթիվ այն տապանաքարերը, որոնց հնարավոր չի եղել ասֆալտապատել փոքր-ինչ բարձր լինելու պատճառով: Տապանաքարերից բացի գերեզմանոցում եղել են նաև մահարձաններ: Պահպանվել են դրանցից երկուսը` Ավետիք Փիրոյանինը (1858 թ.) և Բարսեղ Մեղվինյանցինը (1894 թ.): Պահպանված տապա­նա­քարերից ամենավաղը վերաբերում է 1743 թ.[19]:

Տնտեսական դրություն. Սբ Նշան եկեղեցին ունեցել է շարժական և անշարժ կալվածքներ[20], ինչպես նաև աղյուսի գործարան, որը կառուցել և նվիրատվություն են արել Մելիք Գեորգին և նրա ընտանիքը[21]: 1875 թ. եկեղեցապատկան կալվածքների տեղեկագրի համաձայն, Սբ Նշան Եկեղեցին ունեցել է նաև փոքր պարտեզ[22]:

Եկեղեցին խորհրդային շրջանում. 1928 թ., Թբիլիսիի մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ կնիքվեց և փակվեց նաև Սբ Նշան եկեղեցին: 1930 թ. եկեղեցին նորից վերադարձվեց համայնքին[23], սակայն 1931 թվականի մայիսի 3-ին կրկին փակվեց: Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը հարմարեցվել և ծառայեցվել է տարբեր նպատակնեով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին ծառայել է որպես մակարոնի և վերմիշելի պահեստ: Ավելի ուշ այն վերածվել է Ազգային գրադարանի գրապահոցի, ապա նաև` կարի արտադրամասի: 1980-ական թվականների սկզբներին եկեղեցին վերածվել է գրքերի պահոցի[24]: Սբ Նշան եկեղեցուն մեծ վնաս են հասցրել նաև մի քանի անգամ տեղի ունեցած հրդեհները: Առաջինը տեղի է ունեցել 2002 թ. հոկտեմբերի 20-ի գիշերը: Ըստ պաշտոնական տվյալների` հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէր: Երկրորդ և երրորդ անգամ հրդեհ տեղի է ունեցել 2012 թ. հունվարի 3-ին և 7-ին: Հավելենք նաև, որ մինչև 2002 թ. հրդեհը, եկեղեցին տարբեր նպատակներով շահագործվելու պատճառով մշտապես փակ է եղել: Հրդեհից հետո անհամեմատ մեծացել է եկեղեցու վթարային գործոնը: Ջրի քայքայիչ ազդեցությունից նստվածքներ են առաջացել աղոթասրահի կենտրոնական հատվածում և հյուսիսային նախամուտքի` թաղումներ պարունակող տապանաքարածածկ մակերեսին: Գրեթե ամբողջությամբ ոչնչացել են նաև եկեղեցու որմնանկարները:

1991 թ. Վրաստանի անկախացումից հետո տարեցտարի ոչ միայն խորացել է եկեղեցու շարունակական քայքայումը, այլև այն դադարել է դիտարկվել որպես պատմական հուշարձան, քանի որ ամեն օր եկեղեցու պատերին կից մեկը մյուսի հետևից սկսել են ծնունդ առնել իշխանությունների կողմից արտոնված բնակելի շինություններ: Սուրբ Նշան Եկեղեցին, մշտապես լինելով Վրաց Ուղղափառ եկեղեցու հավակ­նությունների շրջանակներում, վերջինիս ներկայացուցիչների, ինչպես նա Վրացական ԽՍՀ-ի ու անկախություն ձեռք բերած Վրաստանի պետական կառույցների կողմից հաճախակի ենթարկվել է ոտնձգությունների: Աղբով լցված, շների և թափառականների ապաստանավայրի վերածված եկեղեցին, այնուամենայնիվ, 2007 թ. ստացավ պատմական հուշարձանի կարգավիճակ, կատարվեցին մասնակի մետաղային կոնստրուկտիվ ամրապնդման աշխատանքներ, սակայն դրանով ամեն բան ավարտվեց: Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն, սակայն վթարային և անմխիթար վիճակում:



[1] Հայերեն ձեռագրերի Ժէ դարերի հիշատակարաններ, հ. Բ., Երևան, 1978, էջ 155:

[2] П. М. Мурадян, Армянская Эпиграфика Грузии, Ереван, 1988, с. 69:

[3] П. М. Мурадян, նույն տեղում, էջ 73:

[4] Ս. Կարապետյան, Թբիլիսիի Սբ Նշան Սբ Նիկողայոսի Եկեղեցի, Երևան, 2012, էջ 1:

[5] П. Иосселиани, Описание древностей города Тифлиса, 1866, с. 258.

[6]Գյուտ Աղանյանցը Թիֆլիսի հայկական եկեղեցիների շինարարության վերաբերյալ գրած պատմական տեղեկանքներում Սբ Նշան Եկեղեցու մասին գրում է. «Աւանդաբար ասում են, որ Ս. Նշան եկեղեցու տեղը առաջ եղել է վրաց ս. Նիկողայոս սքանչելագործի Եկեղեցի, որ հայերը գրաւելով` տեղը շինել են համանուն Եկեղեցի» (ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 102, թ. 8):

[7] ՄՄ, Ա. Երիցյանի արխիվ, թղթ. 148, վավ. 179:

[8] П. М. Мурадян, նույն տեղում, էջ 69:

[9] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 20-21:

[10] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 14:

[11] ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 14-ի շրջ.:

[12] Նույն տեղում:

[13] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 2914, թ. 124-ի շրջ.:

[14] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 491, թ. 216-ի շրջ.- 217:

[15] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 491, նույն տեղում:

[16] Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 25:

[17] «Մեղու Հայաստանի», 1873, N 9, 10 մարտի, էջ 3:

[18] «Մեղու Հայաստանի», 1876, N 40, 16 հոկտեմբերի, էջ 3:

[19] Նույն տեղում, էջ 27:

[20] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6 , գ. 39, թ. 61:

[21] П. М. Мурадян, նույն տեղում, էջ 73:

[22] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 63 շրջ.-64:

[23] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3254, թ. 39-ի շրջ.:

[24]Ս. Կարապետյան, նույն տեղում, էջ 17:

  • Hits: 498

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։