ԵՐԵՎԱՆՑՈՑ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ

ԹԲԻԼԻՍԻԻ ՍԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻՆ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1790 Թ., ԻՍԿ 1883 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 2-ԻՆ ՀԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՂՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԵՐԵՎԱՆՑՈՑ ՍԲ. ՄԻՆԱՍԸ: ԱՅԺՄ ԿԻՍԱՎԵՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է:

Եկեղեցու հիմնադրումև վերանորոգություններ. Թբիլիսիի Գելաթիի (նախկինում Իորսկայա փողոց) №13 հասցեում[1]է գտնվումՍբ Մինաս եկեղեցին: Վրաց հետազոտողներից եկեղեցու կառուցման վերաբերյալ արժեքա վոր տեղեկություններ է հաղորդում Էգն. Իոսելիանին` փաստելով եկեղեցու հայկական լինելը[2]: Ըստ Լ. Մելիքսեթ-Բեկի եկեղեցին հիմնադրվել է հավլաբարցիների միջոցներով և անվանվել հանուն Սուրբ Մինաս Վկայի[3]: Թե´ հայ և թե´ վրաց հետազոտողները եկեղեցու հիմնադրման տարեթիվ են համարում 1790 թվականը:

19-20-րդ դարերում Սբ Մինաս եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորո­գությունների և հիմնանորոգման: Առաջին վերանորոգությունն իրականացվել է 1811 թվականին[4]: Հիմնավորապես վերակառուցվել է 1880-ական թվականներին: Նոր եկեղեցին կրկնում էր հին եկեղեցու աղյուսաշեն փայտածածկ հորինվածքը[5]: Հիմնովին վերա­կառուցված եկեղեցին օծվում է 1883 թվականի հունվարի 2-ին[6]: 20-րդ դարի սկզբին քայլեր ձեռնարկվեցին նաև եկեղեցու պարսպի և կից երկհարկանի շինության կառուցման ուղղությամբ[7]:

Ճարտարապետություն: Սբ Մինաս եկեղեցին ուշ միջնադարի հայկական ճարտարա­պետությանը բնորոշ եռանավ բազիլիկա է` երկու զույգ մույթերով, երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով, կիսաշրջանաձև աբսիդով[8]: Եկեղեցին ընդգրկում էր փողոցի ողջ երկայնքը: Ընդարձակ դահլիճը ծածկված է եղել փայտե կամարով` երեսպատված երկթեք թիթեղյա թերթերով: Ներկայումս փայտյա ծածկը ամբողջությամբ փլված է: Արևելյան և արևմտյան ճակատամասերը ճակտոններ չունեն և ամբողջական շինությունն ավելի շատ աշխարհիկ շինություն է հիշեցնում: Եկեղեցու ներքին տարածքը բավականին մեծ է եղել: Այն բացի արևելյան կողմից, մյուս երեք կողմերից ունեցել է մուտքեր, որոնք եղել են բավական լայն ու բարձր: Ունեցել է նաև ընդարձակ պատուհաններ: Ճակատամասերը խիստ համաչափ են: Արևելյան կողմից եկեղեցու վրա ներկայումս կառուցված է երկար պահեստարան, որը ծածկում է արևելյան պատուհանները: Կցված կառույցի վերևում երևում է պատուհանի կամարի սկիզբը: Պահեստ է կառուցվել նաև արևմտյան ճակատամասին[9]:

Քահանաներ և երեսփոխաններ. 19-րդ դարի 20-ական թվականներին Սբ Մինաս եկեղեցում քահանայագործել է Տեր-Հովհաննես ավագ քհն. Աստվածատուրյանը[10]: ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆԵկեղեցու միաբան քահանաներից են եղել նաև Զաքարիա Տեր-Դավթյանը[11], Ղազարոս քհն. Հովսեփյանցը[12], Գևորգ քհն. Տեր-Հովհաննիսյանը[13], Արիստակես քհն. Բենքլեանցը[14]:

1817 թ. Սբ Մինաս եկեղեցու երեսփոխ է հիշատակվում պարոն Գրիգորը: Պահպանվել է նաև նրա հաշվեմատյանը[15]: 20-րդ դարի սկզբի երեսփոխաններից են եղել Նազար Ափյանցը[16], Հովհաննես Մկրտչի Ավագյանը[17], Պողոս Քաթանյանցը[18], Սեդրակ Բարսեղյանը[19]:

Եկեղեցական կալվածքներ. Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1838 թվականի կալվածքների տեղեկագրում առկա է հիշատակություն Սբ Մինաս եկեղեցու շարժական և անշարժ կալվածքների մասին: Զանազան եկեղեցական իրերից զատ այն ունեցել է նաև վարձակալման տրված սենյակներ, եկեղեցուն կից հողատարածքներ[20]: 20-րդ դարի սկզբին եկեղեցուն են պատկանել ինչպես Շիրազխանա կոչված փողոցում գտնվող երկու խանութները, այնպես էլ նրա բակում գտնվող ուսումնարանի շինությանը կից մի խանութ[21]: Հայտնի է նաև, որ Դավիթ Իզմիրյանցը եկեղեցուն է կտակել որոշ կալվածքներ[22]: Բացի Իզմիրյանցից, նվիրաբերություն է կատարել նաև Ղազար Ափյանցը: Մասնավորապես, 1900 թվականին նա եկեղեցուն է նվիրել Հավլաբարի 7-րդ տեղամասում գտնվող 1450 ռուբլի արժողությամբ միահարկ շինություն կից բակով: Այն զբաղեցրել է մոտ 54, 23 քառ. սաժեն հողատարածք[23]:

Դպրոց. Սբ Մինաս եկեղեցուն կից ծխական դպրոցի բացման վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ են հաղորդում սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից: Մասնավորապես, 1860-1862 թվականներին Սբ Մինաս եկեղեցու գավթում կառուցվել են նոր սենյակներ, որոնցից մեկն էլ օգտագործվել է ուսումնական նպատակներով[24]: Հետագայում՝ 1872 թվականին, Մակար արքեպիսկոպոսի տնօրինությամբ Սբ Մինաս եկեղեցուն կից բացվում է Մարիամյան օրիորդական ուսումնարանի մասնաճյուղ[25]: 1870-ական թվականների վերջին եկեղեցուն կից բացվել է նաև հայտնի Իզմիրյան դպրոցը[26]:

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին. Եկեղեցու հանդեպ բոլշևիկների վարած հակաեկեղեցական ու հակակրոնական քաղաքականությունը, հալածանքներն ու բռնաճնշումները ակնհայտ իրենց դրսևորումը գտան 1920-1930-ական թվականներին: 1924 թվականին Թիֆլիսի կենտգործկոմի որոշմամբ Սբ Մինաս եկեղեցին հատկացվեց Հավլաբարի շրջկոմին` այնտեղ շրջանային ակումբ բացելու նպատակով[27]: Հետագայում եկեղեցու շենքը գործածվեց՝ որպես կարի արտադրամաս, 1990-ական թվականների կեսերից այն ամայի էր:

2007 թվականի հոկտեմբերի 1-ին Սբ Մինաս եկեղեցուն տրվեց պատմական հուշարձանի կարգավիճակ, սակայն այն ոչնչով չնպաստեց եկեղեցու պահպանման գործին: Այդ առնչությամբ Վիրահայոց թեմը բազմաթիվ նամակներ է հղել պատկան մարմիններին, սակայն ոչ մի փոփոխություն: 2009 թվականին, ապա նաև 2011, 2012, 2015 թվականներին Վիրահայոց թեմըբազմաթիվ ահազանգող նամակներով Վրաստանի պատկան մարմիններին ներկայացրել է Սբ Մինաս և այլ եկեղեցիների վիճակը, սակայն ոչ մի փոփոխություն: 2014 թ. սեպտեմբերի 19-ին անձրևների պատճառով քանդվեց եկեղեցու տանիքը, որը վերանորոգելու փոխարեն քաղաքապետարանը ամբողջությամբ եկեղեցին ազատեց տանիքից[28]: Այն ցանկապատված չէ, և վերջին տարիներին եկեղեցու տարածքի համար վեճեր են ծագել եկեղեցու հարևանությամբ ապրող բնակիչների միջև: Եկեղեցու հարակից տարածքը սեփականաշնորհվել է մասնավոր անձի կողմից: Եկեղեցու տարածքում սկսել են կառուցվել մասնավոր շինություններ:



[1] Հավլաբար, գործող Էջմիածնեցոց եկեղեցու մոտակայքում:

[2] Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 233:

[3] Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. գ., Երևան, 1955, էջ 268:

[4] ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 102, թ. 16-ի շրջ.:

[5] «Մեղու Հայաստանի», 1880, N 49, էջ 4:

[6] «Մեղու Հայաստանի», 1883, N 1, էջ 4:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2464, թ. 10:

[8] Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, «Էջմիածին», 2009 (Զ), էջ 74:

[9] Մելիքսեթ-Բեկ Լ., 1923: Նյութեր Տփիլիսիի և «Սոմխիթի» հնությունների պատմության համար, Մեր

գիտությունը», 1923, 1, Տփիլիսի, էջ 92: Տղեմալաշվիլի Օ., 1967, Թբիլիսի (ուղեցույց), Թբիլիսի:

[10] ՄՄ, Ներսես Աշտարակեցու արխիվ, թղթ. 166, վավ. 874:

[11] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2614, թ. 63:

[12] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2273, թ. 238.:

[13] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2375, թ. 1-ի շրջ.-2:

[14] ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2380, թ. 1-ի շրջ.-2:

[15] ՄՄ, Կաթողիկոսական դիվան, թղթ. 31, վավ. 198:

[16] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1050, թ. 2:

[17] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2464, թ. 10:

[18] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 21:

[19] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 37:

[20] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թթ. 78-ի շրջ.-80:

[21] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 60:

[22] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 17, 39:

[23] ՀԱԱ, ֆ. 56, ց. 4, գ. 3861, թ. 1; 8:

[24] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2252, թթ. 115-116; ֆ. 56, ց. 5, գ. 55, թթ. 411-412 և շրջ.:

[25] «Նորաշեն», նույն տեղում:

[26] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2273, թ. 71-ի շրջ.:

[27] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3135, թ. 3 և շրջ.:

[28] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

  • Hits: 440

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։