ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

kusanac sb stephanos 1

Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց անապատի (Ասաթիանի փ.) անվան եկեղեցու հիմնարկության հստակ տարեթիվը հայտնի չէ: Անապատի հիմնարկության մոտավոր տարեթիվ է համարվում 1724/1727 թվականը, որի մասին ավանդում է Գայանե մայրապետը` հենվելով բանավոր զրույցների վրա: Մայրապետ Գայանեն իր նամակում ներկայացրել է նաև Անապատի կանոնադրությունը[1]: Եկեղեցու բուն շինարարությանը վերաբերող արձանագրությունները չեն պահպանվել: Եղածները վերաբերում են նորոգություններին, որոնք հավաքել և հրատարակել է Խ. Խուցյանը[2]: Այն հերթական անգամ վերանորոգվել է նաև 1868 թվականին[3]:

Կուսանաց Սբ Ստեփանոս անապատի վերաբերյալ հիշատակությունների կարելի է հանդիպել նաև Վրաստանի և Իմերեթի թեմի ֆոնդի արխիվային վավերագրերում: Հատկապես ուշագրավ է 1838 թվականի եկեղեցու կալվածքների տեղեկագիրը, համաձայն որի այն ունեցել է շարժական գույք և անշարժ կալվածքներ[4]:

Ամենավաղ արխիվային վավերագիրը թվագրվում է 1814 թվականով, որտեղ առկա է հիշատակություն քահանա երևանցի Տեր Գրիգորի և 13 միանձնուհիների մասին Kusanac Sb Stephanos(Մարիամ, Ուստիան Ալադաթովնա, Քրիստինե Թամամշյան, Հռիփսիմե Բեկտաբեկովնա, Գայանե Բեհբութովնա, Եպրասինե Միրիմանովնա, Մարիամ Պիտոևնա, Մարիա Ղզլարից, Եվգինե Բեհբութովնա, Կատարինե Կորգանովնա, Հռիփսիմե Մելիքովնա, Կատարինե Շամքորից և Թեկլա Տեր Խաչատուրովնա)[5]:

Խորհրդային կարգերի հաստատման առաջին տասնամյակում եկեղեցին դեռևս շարունակում էր մնալ Վիրահայոց թեմի իրավասության ներքո[6], իսկ արդեն 1990-ական թվականներին Կուսանաց Սբ Ստեփանոս եկեղեցին ևս վրացականացվեց: Ըստ Հակոբ Սանասարյանի 1997 թվականի փետրվարի 8-ին գրված մի վկայության` եկեղեցին նշված տարիներին հանձնվում է ոմն նկարիչ

Գոցաձեի, որն էլ եկեղեցում տեղավորում է իր անձնական իրերը: Տարիների ընթացքում այն քանդվում է և վերացվում է հայկական հետքը:

Վրացականացվելուց հետո եկեղեցին վերանվանվում է «Քվեմո (Ստորին) Բեթլեհեմ»[7]:

Ճարտարապետություն. Եկեղեցու 12 նիստանի թմբուկով գմբեթը բարձրանում է չորս գլանաձև, զանգվածեղ մույթերի վրա: Թաղերը և կամարները շեշտված սլաքաձև են: Խորանի երկու կողմում ուղղանկյուն հատակագծով ավանդատներն են[8]:

Վիրահայոց թեմ

Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոն



[1]Խ. Խուցեան, Թիֆլիսի Ս. Ստեփանոս Կուսանաց անապատի պատմությունը, Թիֆլիս, 1914, էջ 16, 87-88, Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 74:

[2] Խ. Խուցեան, նշվ. աշխ., էջ 16, 58-60:

[3] Խ. Խուցեան, նշվ. աշխ., էջ 70:

[4] ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թթ. 58-61:

[5] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3792, թ. 4-ի շրջ.-6:

[6] Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք Գ, Երևան, 1997, էջ 526:

[7]Ս. Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 26:

[8]Էջմիածին, 2009/Զ/, Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը էջ 72:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
+995322754111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։