«Հովհ.Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն – ղեկավար՝ Գիսանե Հովսեփյան

2017 թվականի օգոստոսի 5-ին, Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան վերնահարկում բացվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը:
Նույն այս՝ Սոլոլակ թաղամասում, Լադո Ասաթիանի փողոցի թիվ 44 տան վերնահարկում, ուր ավելի վերև «աստղալից երկինքն էր ու Աստված», 1899 թվականին հիմնվում է «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը: Խմբակի հիմնական անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը: Ակումբի հավաքների ժամանակ կազմակերպվում էին գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվում էին հայ և համաշխարհային գրականությունն ու բանահյուսությունը:
Թումանյանի ընտանիքը Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան տեղափոխվել է 1909 թվականին: Այստեղ է ապրել Մեծ Բանաստեղծը մինչև մահ: Տունն այս կառուցել է Վրաստանի պետական խորհրդական, մշակութային գործիչ ու գրաքննիչ Գրիգոր Հովսեփի Շանշյանը, ում ազգանվան սկզբնատառերն այսօր էլ պահպանվում են շքամուտքի ծածկոցի վրա:
Վրաստանի խորհրդայնացումից հետո Հովհաննես Թումանյանի ընտանիքը Վրաստանի Ռևկոմի կողմից մանդատ է ձեռք բերում առ այն, որ իրենց տունը ենթակա չէ բռնագրավման, և որևէ մեկի բնակեցումն այստեղ անթույլատրելի է: Սակայն 1932 թվականին տան մի հատվածում նոր բնակիչներ են բնակեցվում: 1953 թվականին տան արդեն տարհանված նոր բնակիչների զբաղեցրած հատվածում բացվում է Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարանը:
Պատմական այս տան ճակատագրով մտահոգված էր համայն հայությունը: 2012 թվականին ՀԳՄ նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Գյումրիի քաղաքապետ (այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր) Վարդան Ղուկասյանի աջակցությամբ գնվում է Վրաստանի անկախացումից հետո վաճառված բնակարանի գրադարանային հատվածը և փոխանցվում է Վիրահայոց թեմին՝ առ ի գործածություն վիրահայ համայնքի: Իբրև երախտիքի նշան մեծ մտավորականի հիշատակին, տան՝ հյուրերի համար նախատեսված հատվածն այսօր կրում է Լևոն Անանյանի անունը:
2015 թվականին IDeA հիմնադրամի կողմից գնվում է նաև տան՝ ժառանգներին մնացած մասը և նախօրոք ձեռք բերված հատվածի հետ միասին, ամբողջական տեսքով նվիրաբերվում է Վիրահայոց թեմին՝ որպես սեփականություն:
Տան վերանորոգման, հնաոճ իրերի ձեռքբերման, կահավորման աշխատանքներն իրականացվեցին թեմի միջոցներով և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու IDeA հիմնադրամի աջակցությամբ:
Թումանյանի վերջին բնակարանի, այսօր արդեն՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի պատմության էջերը բացվել են Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, ազգային բարերար Ռուբեն Վարդանյանի, Վարդան Ղուկասյանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի պատասխանատուներ Էլիզա Մինասյանի և Արմեն Հակոբյանի շնորհիվ: «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի բացմանը մեծապես նպաստել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Կենտրոնի բացման աշխատանքներին օժանդակել են Թբիլիսիի քաղաքային իշխանությունները՝ Քաղաքապետարանը, Քաղաքային ժողովը, Մթածմինդայի շրջանային վարչությունը:
Թումանյանաշունչ այս տանը վերականգնվել են բանաստեղծի ժամանակների վառարանը, մեծ հնաոճ հայելին: Տան սրահներից մեկի պատերը զարդարում են Գևորգ Բաշինջաղյանի որմնանկարները, որ Թումանյանի տուն են բերվել Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցուց: Երկրորդ սրահում բացվել է գրադարան-ընթերցարան:
Վիրահայոց թեմը նպատակադրված է արդի պահանջներին համահունչ նոր շունչ տալ Թումանյանի տանը, «Վերնատան» օրինակով այստեղ ծավալել գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ստեղծել ազգագրության ուսումնասիրության և զարգացման, հայ և վրաց արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, դարավոր հարուստ ավանդներ ունեցող վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան: Այստեղ կգործի նաև տիկնիկային թատրոն:
2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կենտրոնի աշխատակիցներն են.
1. Գիսանե Հովսեփյան – կենտրոնի ղեկավար
2. Իվանե Կեզուա - կենտրոնի կազմակերպիչ և հրատարակչության դիզայներ
3. Արմեն Հովհաննիսյան - կենտրոնի տիկնիկային թատրոնի ղեկավար

Գիսանե Հովսեփյանը ծնվել է 1976 թվականին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում
1996 ավարտել է Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի հայագիտության ֆակուլտետը, 2005 թ.-նին ավարտել է Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելիանիի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Ունի ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Ունի մանկավարժական, լրագրողական և գրական արխիվում աշխատանքի փորձ: Արժանացել է մի շարք դիպլոմների և մեդալների: Հեռախոս՝ էլ.հասցե. Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

  • Создано .
  • Последнее обновление: .

Контакты

ул. Самгебро №5, 0105 - Тбилиси, Грузия
Телефон: +995322922248
+995322754111
Эл-почта: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.