ԹԲԻԼԻՍԻԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ԿՐԹԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
2011 թվականին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի, ռուսաստանաբնակ գործարար Բորիս Սաակովի ու վրացահայ գործարարներ Ռաֆիկ Աղաջանյանի, Սամվել Աղեկյանի, Արամ Սիմոնյանի, Նելսոն Պետրոսյանի, Կիմ Սաֆարովի, Արամ Սանոսյանի, Վիտալի Մանասյանի, Սամվել Մանուկյանի և Արկադի Մանուկյանի հովանավորությամբ, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարևանությամբ կառուցվեց հայ արվեստի տունը, որի հանդիսավոր բացումը կատարվեց նույն թվականի հունիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ հովվապետական այցով Վրաստան կատարած այցի ժամանակ: Իր Հայրապետական օրհնությունը բերելով՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորեց հայ համայնքին կենտրոնի բացման առիթով, մաղթեց, որ այն դառնա հայաշունչ մշակութային, ազգային, հոգևոր մի նոր օջախ՝պահպանելով պատմական թումանյանական «Հայարտուն» կենտրոնի բարի ավանդույթները:
Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում 2010 թվականին ձեւավորված «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, ստեղծման առաջին իսկ օրերից ծավալեց ազգանվեր գործունեություն և բեղմնավոր աշխատանք, ձեռնամուխ լինելով մայրենի լեզվի պահպանմանը, պատմական եւ եկեղեցական տոների նշանավորմանը, ազգային սովորությունների եւ ավանդույթների վերականգնմանը, հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը:
«Հայարտուն» կենտրոնը լիարժեք և լուրջ կառույց է, որտեղ համախմբված աշխատակիցները, Վիրահայոց Թեմի առաջնորդի գլխավորությամբ, նվիրվել են ազգային վեհ գաղափարները կյանքի կոչելու գործին: Հայ արվեստի տունն իր առաքելությունը տեսնում է նաեւ իր հարկի տակ հայկական տարբեր միությունները համախմբելու մեջ: «Հայարտուն» կենտրոնի և Վիրահայոց թեմի հովանու ներքո համախմբված միությունները կազմակերպում են ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ, նշանավոր տարելիցներին նվիրված երեկոներ, նաեւ փառատոներ, հյուրընկալություններ, տոնական հանդիսություններ՝ միջոցառումներ, որոնք ամեն շաբաթ-կիրակի օրերին բազմամարդ են դարձնում կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը, ներս հրավիրելով ինչպես հայ, այնպես էլ այլազգի հանդիսատեսին:
«Հայարտուն» կենտրոնի ղեկավարն է թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը:
«Հայարտուն» կենտրոնը համագործակցում և աջակցություն է ցուցաբերում Վրաստանում գործող հայկական ստեղծագործական միությունների գործունեությանը: Դրանք են.
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը,
Հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը,
Վրաստանի հայ մտավորականների միությունը,
Վրաստանի հայ նկարիչների միությունը,
«Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տունը,
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը,
Վրաստանի «Հայ համայնք» կազմակերպունը,
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը,
«Շեն» հասարակական կազմակերպությունը,
Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային կենտրոնը
Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը
Վրաստանի գրողների միությունը,
Վրաստանի նկարիչների միությունը,
Վրաստանի երաժիշտների միությունը,
«Կովկասյան տուն» - Միջմշակութային հարաբերությունների կենտրոնը,
Վրաստանի ժողովրդականի պաշտպանի գրասենյակին կից գործող հանդուրժողականության դեպարտամենտը,
Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը,
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնն իր գործունեությունը ծավալում է իր առաքելությանը համահունչ: Կենտրոնում համախմբվում են իրավամբ շնորհալի պատանիներ ու աղջիկներ, ում գերագույն նպատակն է սովորել մայրենի լեզուն և տիրապետել այն, ճանաչել հայ արվեստը, նվիրվել նրա զարգացմանը: Այդ նպատակով կենտրոնում գործում են տարբեր խմբեր, որտեղ ընդունելությունը կատարվում է իրավասու հանձնաժողովի կողմից: Ստեղծագործական խմբին անդամագրվելուց հետո պարտադիր է հայերենի իմացությունը: Չիմացողներն անցնում են երկամյա հայերենի ուսուցման դասընթաց «Հայարտուն» կենտրոնում:
Ստեղծագործական խմբակներ.
Մշակութային ոլորտի նպատակին են ծառայում հիմնադրման օրվանից ստեղծված և գործող խմբերը.
«Ներսես Շնորհալի» մանկական երգչախումբ,
«Տարոն» ազգագրական երգի-պարի երիտասարդական համույթ,
Դուդուկի դասարան,
Վոկալ-գործիքային էստրադային համույթ,
Մենակատար երգիչների «Հայարտուն» խումբ,
«Հայարտանը» գործում են Վիրահայոց թեմի կրթության բաժնի իրավասության ներքո գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը (երկու խմբակներ 60 աշակերտով), «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցը (չորս խմբակներ 105 աշակերտով) և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը (չորս խմբակներ 95 աշակերտով):
Կիրակի օրերին «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է հայ ժողովրդի պատմության դասախոսություն, որին հաջորդում է հայ ժողովրդի և հայոց Եկեղեցու պաատմությանը վերաբերող ֆիլմերի ցուցադրումը, այնուհետև սկսվում է երիտասարդներին ազգագրական երգուպարի ուսուցումը: