ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը անբաժան մասն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, որի կենտրոնն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Թեմը ղեկավարվում է Աստվածաշնչի, Հայ Եկեղեցու կանոններով և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինություններով: Թեմի առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից:
2019 թ. հունիս 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց Թեմում` որպես առաջնորդական տեղապահ:
Թեմակալ առաջնորդի նստավայրն է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն կից 2010 թվականին կառուցված առաջնորդարանը: Վիրահայոց թեմի առաջնորդին կից գործում է խորհրդատվական մարմին:
Վիրահայոց թեմն ընդգրկում է Վրաստանի տարածքը։
ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
Թեմի առաջնորդանիստը Թբիլիսիի 13-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին է: Վիրահայոց Թեմը համախմբում և գլխավորում է Վրաստանի տարածքում գործող եկեղեցիները, առաջնորդում հայ քրիստոնյա համայնքը, ներկայանում է մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Եկեղեցու ենթակայության ներքո: Վիրահայոց թեմի կազմի մեջ մտնում են Թբիլիսիի, Ջավախքի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գտնվող համայնքները, գործող և չգործող եկեղեցիները: 2024 թ. դրությամբ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմն ունի 25 հոգևորական, գործող 68 եկեղեցիներ:
2011 թվականի հուլիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, ըստ որի Վրաստանում գործող կրոնական համայնքները կարող են ստանալ կարգավիճակ: Այդ օրենքի հիման վրա, 2012 թվականի մարտի 12-ին, Վիրահայոց թեմը Վրաստանի Արդարադատության նախարարության Հանրային Ռեեստրում գրանցվեց որպես Հանրային իրավունքի իրավաբանական անձ:
Առաջնորդարանը գլխավորում է Վրաստանի հայ ազգաբնակչության հոգևոր կյանքը, նպաստում Վրաստանում հայ համայնքի կենտրոնացմանը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու շուրջը, համայնքում կազմակերպում հայապահպանությանը և ազգապահպանությանը միտված կրթական, մշակութային, երիտասարդական միջոցառումներ, հավուր պատշաճի նշում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու բոլոր տոներն ու հիշատակության օրերը, պահպանում ավանդույթներն ու ծիսակատարությունները: Առաջնորդարանը գլխավորում է Վրաստանի ողջ տարածքում թեմապատկան եկեղեցիների, վանքերի ու մատուռների գործունեությունը, ինչպես նաև կառավարում է թեմի հովանու ներքո գործող հոգևոր, գիտական, կրթական, մշակութային, սպորտային, մանկական ու երիտասարդական զանազան կենտրոններ ու խմբակներ (ավելի տե՛ս կայքէջի Բաժիներ, Կենտրոններ բաժնում)։
Թբիլիսիի նախկին Գարեթուբանիի, այժմ՝ Աթոնելիի փողոցում, Քուռ գետի աջափնյակին գտնվող Վանքի Մայր Տաճարում կամ Հարանց վանքում ԺԶ դարից մինչև խորհրդային տարիները, տեղակայված է եղել Վիրահայոց թեմի առաջնորդարանը:
Այժմ Վիրահայոց Թեմի Առաջնորդարանը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու գավթում, որն էլ ԺԳ դարից ի վեր հանդիսանում է Թեմի Առաջնորդանիստ եկեղեցին։ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1251 թվականին։
Առաջնորդարանը սերտորեն համագործակցում է Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալության, Վրաց Ուղղափառ Եկեղեցու, Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և Գիտության, Սպորտի և Երիտասարդության հարցերով պատկան կառույցների, Վրաստանում և նրա սահմաներից դուրս գործող կրոնական, հասարակական ու մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական տարբեր միությունների հետ։
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Պատմական աղբյուրների համաձայն, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին` Վրաստանում որպես առանձին եկեղեցական միավոր, գործել է Ե դարից: Այս մասին է վկայում Ժ դարի պատմիչ Ուխտանեսը իր «Պատմություն հայոց» պատմագրքի «Հայերից վրացիների բաժանվելու պատմությունը» գլխում, նշելով, որ արդեն Ե դարում Ցուրտավիում նստում էր հայ եպիսկոպոս: Ուշագրավ է, որ Ցուրտավին թեպետ Վրաց Եկեղեցուն պատկանող, սակայն հայալեզու թեմ էր, որտեղ Ե դարից սկսած, Սուրբ Շուշանիկի կարգադրությամբ, եկեղեցական պաշտամունքը կատարվում էր հայերեն:
Հարկ է նշել, որ ԺԱ դարի պատմիչ Մատթեոս Ուռհայեցու պատմության համաձայն, վրաց նշանավոր թագավոր Դավիթ Շինարարի (1089-1125թթ.) կողմից Վրաստանում Հայոց Եկեղեցու ներկայացուցչությանը տրվում է այն ժամանակների բարձրագույն կարգավիճակ, վարչական կենտրոն ունենալով Թբիլիսին: Ենթադրվում է, որ թեմը հիմնվել է ԺԲ դարում։ Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցին (ԺԳ դարից)։ Թեմակալ առաջնորդների մասին ամենահին հիշատակությունը վերաբերում է ԺԲ դարի 70-ական թկվականից։ Հիշվում է Բարսեղ (Բասիլիոս) արքեպիսկոպոսը, որը 1178 թվականին մասնակցել է Հռոմկլայի եկեղեցական ժողովին։
Նախքան թեմի հիմնվելը, դեռևս Է դարում վիրահայ համայնքը ղեկավարել են հայ եպիսկոպոսներն ու քահանաները, հայերն ունեցել են իրենց եկեղեցիներն ու մատուռները։ 754 թվականին Տփղիսում կառուցվել է հայկական Հրեշտակապետաց եկեղեցին (1593 թվականին ավերվել է, հիմնովին վերակառուցվել է 1781 թվականին և վերջնականապես քանդվել 1937 թվականին)։ Պատմիչ Ուխտանեսի վկայությամբ, 850-ական թվականին Տփղիսում գործել է հայ Կիրակոս քահանան, որը գերազանց տիրապետել է վրաց գրին ու գիտությանը։ 931 թվականին կառուցվել է Հարանց վանքը (վերանորոգվել է 1430 թվականին, 1715 թվականին, իսկ 1900 թվականին՝ հայ մեծահարուստ բարերար Ա. Մանթաշովի միջոցներով)։
Դարերի ընթացքում Տփղիսում կառուցվել են բազմաթիվ հայկական եկեղեցիներ՝ Մուղնու Սուրբ Գևորգը (կառուցվել է 1356 թվականին, նորոգվել՝ 1752 թվականին, 1860 թվականին), Նորաշենի Սուրբ Աստվածածինը (կառուցվել է 1507 թվականին, նորոգվել՝ 1650, 1795, 1830 թվականներին)։ Վերջինիս ներսում պահպանվել են ԺԸ դարի պալատական նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի որմնանկարները։ Հիշատակության արժանի են նաև Թիֆլիսի Բեթղեհեմի Սուրբ Աստվածածին (կառուցվել է ԺԳ դարի 2-րդ կեսին, նորոգվել՝ 1718, 1884, 1898 թվականներին, ներկայումս վերածված է վրացական եկեղեցու՝ վրացականացված է), Կուսանաց Սուրբ Ստեփանոս (կառուցվել է 1727 թվականին, նորոգվել՝ 1868, 1910 թվականներին), Սուրբ Նշան Նիկողայոս (կառուցվել է 1703 թվականին, նորոգվել՝ 1784, 1868 թվականներին) եկեղեցիները, Խոջիվանքի գերեզմանատան եկեղեցին։ Վերջինս հայ իշխան Բեհբութովները 1655 թվականին կառուցել են որպես տապանատուն, որը վերածվել է պանթեոնի։ Այստեղ են թաղվել հայ մեծանուն իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի հայտնի դեմքեր ինչպիսիք են Րաֆֆին, Ղազարոս Աղայանը, Մուրացանը, Գրիգոր Արծրունին, Ջիվանին, Նար-Դոսը, Պերճ Պռոշյանը, Գաբրիել Սունդուկյանը, Հովհաննես Թումանյանը, Մակար Եկմալյանը և այլոք։
Վիրահայոց Թեմի առաջնորդներից շատերը եղել են ականավոր հոգևորականներ, մտավորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ովքեր ազգանվեր աշխատանք են կատարել ոչ միայն Վրաստանի, այլև համայն հայության կյանքում։ Ինչպես օրինակ Սարգիս Դ Վրաստանցին, Հովհաննես Ը Կարբեցին, Ներսես Ե Աշտարակեցին, Մակար Ա Թեղուտցին, Գևորգ Ե Սուրենյանցը, Գևորգ Զ Չորեքչյանը, հետագայում օծվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս, Գարեգին Ա Հովսեփյանը՝ հետագայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս։ Վիրահայոց Թեմի առաջնորդներ են եղել բանաստեղծ, մանկավարժ, հասարակական գործիչ Հարություն վարդապետ Ալամդարյանը, Ստեփանոս արքեպիսկոպոս Արղությանը, որի օրոք Թիֆլիսում կառուցվել է թեմի եռահարկ առաջնորդարանը։ 1824 թվականին Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին հիմնել է Ներսիսյան դպրոցը, որը նշանակալից դեր է ունեցել հայ կրթանշակութային ու հոգևոր կյանքում։
Վիրահայոց Թեմում իր գործունեությամբ աչքի է ընկել հատկապես Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին։ Նրա առաջնորդության 20 տարիների ընթացքում կառուցվել են շուրջ 60 եկեղեցի, բազմաթիվ հայկական դպրոցներ, որոնցից նշանավոր են նոր Կարապետյան վարժարանը (հիմն. 1842 – 44 թվականներին) Ախալցխայում և Մեսրոպյան արական դպրոցը՝ Ախալքալաքում։
1837 թվականին Վրաստանում հաշվվում էր 198 հայկական եկեղեցի, վանք ու մատուռ, իսկ 1903 թվականին, ներառյալ Արդվին-Արտանուշ շրջանը, եկեղեցիների թիվը հասել է 256-ի։
Խորհրդային իշխանության տարիներին ծավալված բռնությունների և հալածանքների հետևանքով փակվել են թեմի տարածքում գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը։ Թբիլիսիում քանդվել են Կուկիայի Սուրբ Գրիգոր Եկեղեցին (կառուցվել է 1789 թվականին), Հավլաբարի Սուրբ Կարապետ եկեղեցին (կառուցվել է 1400 թվականին, վերակառուցվել 1790 թվականին), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (կառուցվել է 1894 թվականին), Խարփուխի Սուրբ Սարգիս եկեղեցին (կառուցվել է 1716 թվականին), Հարանց վանք, Հրեշտակապետաց եկեղեցին, Մետեխիի Սուրբ Վարդան եկեղեցին (կառուցվել է 1893 թվականին), Ջիգրաշենի Ավետյաց Սուրբ Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1704-ին), Նավթլուղի Սուրբ Գևորգ եկեղեցին (կառուցվել է 1897 թվականին), Խոջիվանքի և այլ եկեղեցիներ, վանքեր ու մատուռներ։ Այսպիսով Վրաստանում Է – Ի դարերում կառուցվել է մոտ 650 հայկական եկեղեցի, որոնցից կանգուն են շուրջ 320-ը։
Վիրահայոց Թեմի կազմի մեջ մտնում են Թբիլիսիի, Ջավախքի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գտնվող հայ համայնքները, գործող և չգործող, խոնարհված ու կանգուն եկեղեցիները: (ավելի տե՛ս կայքէջի Եկեղեցիներ բաժնում)։
Վիրահայոց Թեմի Առաջնորդարան
5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։