Материалы

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու նվիրապետությունը դա եկեղեցականների աստիճանների դասակարգումն է։ Այն սրբազան իշխանություն է, որը շնորհվում է ի վերուստ՝ ձեռնադրության և օծման միջոցով:

Վաղ Եկեղեցու նվիրապետությունը հիմնականում ունեցել է երեք աստիճան՝ սարկավագություն, քահանայություն և եպիսկոպոսություն: Ժամանակի ընթացքում նվիրապետական աստիճաններն ավելացել են ու Եկեղեցու նվիրապետությունն այսօր ունի 9 աստիճաններ՝ ի նմանություն հրեշտակների 9 դասերի․

Ա) Դռնապանություն,

Բ) Ընթերցողություն,

Գ) Երդմնեցուցչություն,

Դ) Ջահընկալություն,

Ե) Կիսասարկավագություն,

Զ) Սարկավագություն,

Է) Քահանայություն,

Ը) Եպիսկոպոսություն,

Թ) Կաթողիկոսություն:

*Այսօր այս դասակարգումը փաստորեն պայմանական բնույթ է կրում, քանի որ առաջին 4 աստիճանները տրվում են միանգամից՝ ի դեմս դպրության, իսկ հաջորդ՝ կիսասարկավագության և սարկավագության աստիճանները շնորհվում են գրեթե միաժամանակ: Փոխարենը առաջացել է ուրարակրի աստիճանը, որով դպիրի դերը մոտեցնում է սարկավագության ստանալուն:

 

ԴՊԻՐ: Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցում կրտսեր աստիճանավորներին (դռնապան, ընթերցող-գրակարդաց, երդմնեցուցիչ ու ջահընկալ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է։ Դպիրներին սովորաբար ողջունում են ասելով. «Ողջույն, բարեկրոն դպիր», որն այսօր տարածված չէ։ Դպիր կարգելու հատուկ արարողությունը դեռ ձեռնադրություն չէ, այլ՝ ՏՎՉՈՒԹՅՈՒՆ, որով մանկանը, պատանուն, երիտասարդին որոշ իրավունքներ են տրվում։ Դպիրը ներկայումս ստանձնում է եկեղեցու տարբեր ծառայողների պարտականությունները. կարգուկանոն պահել, ծիսական արարողությունների ժամանակ կերոն (մոմակալ) բռնել, Աստվածաշունչ ընթերցել և աղոթել, կամ լինել սաղմոսերգող և, առհասարակ, երգեցիկ խմբի անդամ։

ԿԻՍԱՍԱՐԿԱՎԱԳ: Այս աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև, ով ընտրվում է դպիրներից: Կիսասարկավագը, դպրից որոշակի իրավունքներով (բուրվառ օգտագործելու կամ սկիհին դիպչելու իրավունք) առավելություն ունեցող եկեղեցականն է, որը սակայն որոշ կարևոր իրավունքներով զիջում է բուն սարկավագին (այդ իսկ պատճառով կոչվում է քառորդ սարկավագ)։ Կիսասարկավագը ծիսական արարողությունների ժամանակ ձախ բազկին ուրար (բազկուրար) է կրում (ուրարը նեղ և երկար երիզ է՝ նախատեսված սարկավագական հանդերձի համար. այն խորհրդանշում է Քրիստոսի լուծը), ինչը նշանակում է, որ անձը պատրաստակամ է տանել Քրիստոսի լուծի քառորդ մասը։ Այժմ կիսասարկավագությունը գրեթե կորցրել է իր նշանակությունը։ Առաջացել է ՈՒՐԱՐԱԿՐԻ աստիճանը (սարկավագացու), որով դպիրը մոտենում է սարկավագի աստիճանին։ Կիսասարկավագությունը նույնպես  ՏՎՉՈՒԹՅՈՒՆ է։ Կիսասարկավագին դիմելու և ողջունելու հատուկ ձևեր նույնպես չկան։

ՍԱՐԿԱՎԱԳ: «Սարկավագ» բառը հունարեն ծագում ունի, որ նշանակում է «սպասավոր, ծառա»: Առաքելական շրջանում սարկավագները սպասարկում էին կարիքավորներին, ինչպես նաև տնօրինում էին քրիստոնեական համայնքի տնտեսական հարցերը: Պաշտոնական եկեղեցու կազմակերպումից և եպիսկոպոսության ստեղծումից հետո սարկավագը դարձել է եպիսկոպոսի օգնական, ապա աստիճանաբար մղվել է նվիրապետության ստորին աստիճան։ Սարկավագը հիշատակվում է Առաքելական թղթերում, իսկ Գործք Առաքելոցում նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունենում սարկավագների ընտրությունը, և ինչպես են առաքյալները նրանց պաշտոն հանձնում, որպեսզի Սուրբ Սեղանին սպասարկեն և հոգածու լինեն նպաստի բաշխմանը, այցելեն աղքատներին, հիվանդներին, այրիներին, որբերին, հալածյալներին և նրանց կարիքները հոգան։ Հետագայում սարկավագի պաշտոնը սահմանափակվել է եկեղեցու մեջ միայն։

Այսօր նրանց պարտականության մեջ է մտնում Սուրբ Սեղանի առջև սպասարկել պատարագիչ հոգևորականին: Ձեռնադրության ընթացքում եպիսկոպոսը նրան հետևյալ ծիսական արտոնություններով է օժտում. Սուրբ Պատարագի ընթացքում Ավետարանի ընթերցումը, խորհրդանոցից Սուրբ խորհուրդը վերաբերելով` ընծայում պատարագիչ հոգևորականին, ինչպես նաև օգնել քահանային ժամերգությունների ժամանակ և հովվական գործունեության ընթացքում: Նախկինում գոյություն ունեին նաև ՍԱՐԿԱՎԱԳՈՒՀԻՆԵՐ, որոնք պարտավոր էին կուսակրոնության ուխտ կատարել և ապրել կուսանոցներում: Սարգավակության աստիճանը տրվում է Եպիսկոպոսի կողմից ձեռնադրությամբ։ Սովորաբար սարկավագներին ողջունում են ասելով. «Ողջույն, բարեշնորհ սարկավագ»:

ՔԱՀԱՆԱ: Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ: Քահանայական ձեռնադրության համար թեկնածուն պետք է ամենաքիչը մեկ տարի ամուսնացած լինի և ունենա զավակ: Քահանայությունը հաստատվում է ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսից Սուրբ Հոգու շնորհները փոխանցող Սրբալույս Մյուռոնով։ Քահանայի առաքելությունը Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և անշուշտ աղոթելը։ Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն շնորհելու մեղքերին, կատարելու հիվանդաց կարգ և քարոզելու Քրիստոսի Սուրբ Ավետարանը։ Քահանան եկեղեցու խորհուրդները, աստվածային արարողությունները կատարող սպասավորն է, որը միևնույն ժամանակ Սուրբ Խորանի վրա ներկայացնում է Քրիստոսին: Ահա թե ինչու քահանայական ձեռնադրություն ընդունելուց առաջ ձեռնադող եպիսկոպոսի պարտքն է քննել` արդյո՞ք նվիրյալ մաքուր ամուսնությունից է ծնված, մարմնական արատ չունի, ունի՞ բավական գիտություն կրոնական ուսման, վարք ու բարքը համապատասխան է՞ հոգևոր կոչմանը և վերջապես ունի՞ հոգևոր հոգի և ներքին ձգտում ճշմարիտ քահանայություն անելու: Նորընծա քահանան ձեռնադրությունից հետո քառասուն օր առանձնանում է եկեղեցում կամ վանքում՝ պահեցողությամբ ու աղոթքով անձնատուր լինելով հաղթում է փորձողին, և այնուհետև սկսում իր առաքելությունը: Քահանայի պարտականությունն է՝ ձեռնադրությունից և մյուռոնօրհնությունից բացի, կատարել Եկեղեցու բոլոր մյուս խորհուրդները:

Քահանայության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս նրա պատրաստակամությունն ամբողջովին ընդունելու Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ)։ Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել փիլոնը՝ լայն սև թիկնոցը ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ պերճաշուք զգեստավորում՝ վառ և տոնական գույներով)։

Մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին, Առաջնորդի խնդրագրի համաձայն՝ Կաթողիկոսի օրհնությամբ, շնորհվում է լանջախաչ և ծաղկյալ փիլոն։ Ամուսնացյալ Քահանան իր երկարամյա ծառայության շնորհիվ ստանում է ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ կոչում:

Այրիացյալ քահանան կարող է դառնալ աբեղա կամ երկրորդ անգամ ամուսնանալ՝ համաձայն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե (1911-1930 թթ.) կողմից սահմանված կանոնադրության:

Ամուսնացյալ քահանաներն անվանվում են Տեր Հայր։ Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե՛ք, Տե՛ր Հայր»` ձեռքը կրծին դնելով ի նշան հարգանքի։ Սա իհարկե խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել։ Գրավոր կերպով դիմում են` Արժանապատիվ Տեր Հայր (կամ անունով դիմելիս՝ Արժանապատիվ Տեր ԱՆՈՒՆ քահանա ԱԶԳԱՆՈՒՆ

ԱԲԵՂԱ/ԿՈՒՍԱԿՐՈՆ ՔԱՀԱՆԱՆ: «Աբեղա» ասորերենենից թարգմնաբար նշանակում է չամուսնացած, մենակյաց։ Կուսակրոն քահանա է ձեռնադրում եպիսկոպոսը՝ օծելով Սուրբ Հոգու շնորհները փոխանցող Սրբալույս Մեռոնով։ Եպիսկոպոս աբեղային հանձնում է նաև վեղար՝ սև սրածայր գլխի ծածկոցը, որը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարվելը (կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է՝ ի նշան իր ուխտի և հոգևոր աստիճանի)։ Աբեղան կուսակրոնության երդում է տալիս ձեռնադրության օրը՝ երեկոյան, միևնույն ժամանակ ստանալով իր վեղարը։ Արարողությունը կչվում է ՎԵՂԱՐԻ ՏՎՉՈՒԹՅՈՒՆ։

Կուսակրոն քահանան շնորհիվ իր մանկավարժական, գիտական գործունեության, ստանում է գիտական աստիճան՝ Վարդապետի, ապա Ծայրագույն Վարդապետի կոչում։ Վարդապետ նշանակում է ուսուցիչ։ Վարդապետության աստիճան տրվում է ոչ թե ձեռնադրությամբ, այլ տվչությամբ՝ եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կողմից։ Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցում գիտական աստիճաններն են։

Այս աստիճանները ստանալու համար աբեղան ներկայացնում է վարդապետական թեզ՝ համապատասխան գիտական աշխատանքներ, ապա այն գրավոր և բանավոր պաշտպանությունից հետո ստանում այդ կոչումները։ Վարդապետական այս աստիճանի հատուկ պաշտոնն է քարոզել և ուսուցանել, մեկնել Աստվածաշունչը, Եկեղեցու դավանությունը, ծեսն ու կանոնները բացատրել և ընդհանուր առմամբ հսկել Եկեղեցու վարդապետության անաղարտ պահպանմանը: Վարդապետությունն ունի 14 աստիճան: Առաջին 4 աստիճանը ՄԱՍՆԱՎՈՐ ՎԱՐԴԱՊԵՏԻ աստիճաններն են, իսկ մնացած 10 աստիճանը՝ մեծ կամ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ:

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ համապատասխանում է աստվածաբանության մեջ մագիստրոսի աստիճանին։

ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ համապատասխանում է աստվածաբանության դոկտորի աստիճանին:

*Վարդապետ նշանակում է ուսուցիչ։ Միայն կուսակրոն քահանան կարող է ստանալ այս գիտական աստիճանները և միայն այն եպիսկոպոսները, ովքեր ունեն ծայրագույն վարդապետի աստիճան, իրավասու են կատարել վարդապետների կամ ծայրագույն վարդապետների Տվչության կարգերը։

Երբ աբեղան ստանում է գիտական աստիճան և դառնում վարդապետ, նրան տրվում է երկգլխանի օձով գավազան՝ առանց մեջտեղի խաչի, իսկ երբ վարդապետը դառնում է ծագրագույն վարդապետնրան տրվում է երկգլխանի օձով գավազան մեջտեղի խաչով։

  Գավազանը խորհրդանշում է իմաստություն, ուսուցանելու ու քարոզելու իրավունք:

 

Կուսակրոն քահանային՝ աբեղային, վարդապետին, ծայրագույն վարդապետին անվանում են Հայր Սուրբ, քանի որ սուրբ է կյանքի նրա ընտրած ճանապարհը։ Առօրյայում ողջունելիս նրանց ասում են «Աստված օգնական, Հա՛յր Սուրբ», ինչը նշանակում է, որ ողջունողը աղոթում է, որ Աստված օգնի Հայր Սուրբին իր դժվարին գործում։ Գրավոր կերպով դիմելիս անվանում են Հոգեշնորհ Հայր Սուրբ կամ դիմում անվամբ՝ օրինակ Հոգեշնորհ Տեր ԱՆՈՒՆ աբեղա ԱԶԳԱՆՈւՆ։

ԵՊԻՍԿՈՊՈՍ: Եպիսկոպոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է տեսուչ։ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու նվիրապետության ամենաբարձր աստիճանն է: Եպիսկոպոսությունը Եկեղեցու միասնությունն է խորհրդանշում: Եպիսկոպոսը միևնույն աշխարհաքաղաքական շրջանի եկեղեցիների, թեմերի հոգևոր առաջնորդն է: Նա Եկեղեցու տեսուչն է (Տիտ. Ա 8-9), ժողովրդի առաջնորդն, միևնույն աշխարհաքաղաքական շրջանի եկեղեցիների, թեմերի հոգևոր առաջնորդն է՝ թեմի կառավարիչը: Միայն եպիսկոպոսն իրավունք ունի Եկեղեցու բոլոր խորհուրդների ու կարգերի հետ միաժամանակ նաև ձեռնադրություն կատարել: Բացառությունը Սրբալույս Մյուռոնի օրհնությունն է, որը վերապահված է միայն կաթողիկոսին: Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես Քրիստոսի առաքյալներից։ Հայ Եկեղեցում եպիսկոպոսը ձեռնադրվում և օծվում է Կաթողիկոսի կողմից: Ձեռնադրության ժամանակ եպիսկոպոսը ստանում է եպիսկոպոսական գավազան և մատանի՝ ի նշան իր իշխանության: Ընդհանրապես եպիսկոպոսներն ընտրվում են այն կուսակրոն քահանաներից՝ աբեղաներից, վարդապետներից, ծայրագույն վարդապետներից։

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ: «Արք» կամ «Արհի» նշանակում է մեծ, այսինքն` այն եպիսկոպոսը, ով իր վարչական իրավասությանը ենթակա ունի մեկ կամ ավելի եպիսկոպոսներ: Ներկայում արքությունը վերածվել է պարզ տիտղոսի, որը տրվում է Կաթողիկոսի կողմից հատուկ կոնդակով: Վաստակաշատ եպիսկոպոսները Կաթողիկոսական կոնդակով կարող են ստանալ Արքության պատիվ՝ կոչվելով Արքեպիսկոպոս:

Եպիսկոպոսին և Արքեպիսկոպոսին անվանում են Սրբազա՛ն հայր և գրավոր դիմում` Գերշնորհ Սրբազան Հայր կամ օր. Գերաշնորհ Տեր ԱՆՈՒՆ եպիսկոպոս, կամ արքեպիսկոպոս ԱԶԳԱՆՈւՆ: Առօրյայում դիմում են որպես կուսակրոնի (Աստծո օգնությունը մաղթելու սկզբունքով)` «Աստված օգնական, Սրբազա՛ն Հայր»:

ՊԱՏՐԻԱՐՔ: Պատրիարք հունարենից թարգմանաբար նշանակում է Հայրապետ: Պատրիարք, ուղղափառ եկեղեցու բարձրագույն առաջնորդի տիտղոս մի շարք երկրներում։ Սահմանվել է Քաղկեդոնի եկեղեցական ժողովում 451 թվականին։ 1054 թվականին քրիստոնեական եկեղեցու բաժանումից (կաթոլիկ և ուղղափառ) հետո այն տրվել է ուղղափառ եկեղեցու հոգևոր պետերին։

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցում Կաթողիկոսը համարվում է Ծայրագույն Պատրիարք։ Պատրիարք Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից (կենտրոններից) մեկի առաջնորդն է, այն հաստատվում է ձեռնադրությամբ և օծմամբ։ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին ունի պատրիարքական երկու աթոռ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն (Է դարից մինչ օրս) և Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքություն (1453 թվականից մինչև օրս)։ Պատրիարքությունները պատմական աթոռներ են, որոնց աթոռակալները պատրիարք են կոչվում, որոնք եպիսկոպոսներից տարբերվում են նախաթոռությամբ (նրանց տիտղոսը պահպանվում է նաև պաշտոնից հրաժարվելուց հետո)։

Առօրյայում Պատրիարքին ողջունելիս նրանց ասում են «Աստված օգնական, Պատրիա՛րք Տեր (կամ Պատրիա՛րք Հայր)», իսկ գրավոր կերպով դիմելիս անվանում են Նորին Ամենապատվություն Տ. ԱՆՈՒՆ Արքեպիսկոպոս Պատրիարք ԱԶԳԱՆՈՒՆ կամ դիմում «Ամենապատի՛վ Տէր»

ԿԱԹՈՂԻԿՈՍ: Կաթողիկոս հունարենից թարգմանաբար նշանակում է ընդհանրական, համընդհանուր։ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցում բարձրագույն աստիճանն է։ Ի տարբերություն Ուղղափառ այլ Եկեղեցիների, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու նվիրապետության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացնում է Հայ Եկեղեցու կենրտոնացված իշխանությունը: Հայ իրականության մեջ Կաթողիկոսը համարվում է Սուրբ Թադեոս, Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների և Սուրբ Գրիգոր Ա Լուսավորիչ Կաթողիկոսի իրավահաջորդը և նրանց իշխանության ժառանգորդը։ Նա տնօրինում է եկեղեցու վարչատնտեսական, հոգևոր-բարոյական, ծիսական, դավանական բոլոր հիմնական հարցերը։ Կաթողիկոսը ընտրվում է եպիսկոպոսներից և ընտրվելուց հետո համարվում է «Առաջինը հավասարների մեջ»: Ընտրվելու իրավունքով կաթողիկոսական ընտրություններին կարող են մասնակցել բոլոր եպիսկոպոսները։ Ձեռնադրվելով 12 կամ նվազագույնը 3 եպիսկոպոսի կողմից, նա ստանում է Սուրբ Հոգու շնորհը, ինչպես նաև այդ շնորհը Հայ Եկեղեցու այլ եպիսկոպոսներին փոխանցելու իրավունքը, իսկ եպիսկոպոսներն իրենց հերթին ձեռնադրությունների ժամանակ շնորհը փոխանցում են քահանաներին:  Ձեռնադրությունից հետո կատարվում է Կաթողիկոսի օծում Սրբալույս Մյուռոնով՝ ավագագույն արքեպիսկոպոսի և ներկա եպիսկոպոսների ձեռքով։ Վախճանվելու դեպքում Կաթողիկոսի իրավասությունները, որոշ սահմանափակումներով, ստանձնում է Եպիսկոպոսաց ժողովի ընտրած կաթողիկոսական տեղապահը։

Կաթողիկոսի առանձնաշնորհյալ իրավասություններն են եպիսկոպոս ձեռնադրելը և Սրբալույս Մյուռոն օրհնելը։ Կաթողիկոսի զգեստը հիմնականում համապատասխանում է եպիսկոպոսական զգեստին, այն տարբերությամբ, որ Կաթողիկոսը՝ իբրև գերագույն իշխանության մարմնավորում, իրավունք ունի կրելու նաև հայրապետական ասա և կոնքեռ։

Կաթողիկոս բառը հոմանիշ է նաև պատրիարք տիտղոսին։ Սակայն քանի որ Հայ Եկեղեցում գոյություն ունեն երկու պատրիարքություններ, Կաթողիկոսն անվանվում է նաև Ծայրագույն Պատրիարք, որով ցույց է տրվում Նվիրապետության մեջ Կաթողիկոսի առավել բարձր լինելը (հայ եկեղեցում Ծայրագույն Պատրիարք է միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախաթոռ Պատրիարք է, ընդունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որպես նախամեծար և գլուխ)։ Կաթողիկոսին անվանում են նաև Ամենայն Հայոց, այս տիտղոսը սկսել է գործածվել Ժ դարից, տարածում ստացել՝ ԺԵ դարից, պաշտոնապես կիրառվել՝ ԺԹ դարից, Ներսես Ե Աշտարակեցու օրոք։ Կաթողիկոսին ողջունում են` ասելով. «Աստված օգնական, Վեհափառ Տեր»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են