«ՀՈՎՀ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի 18 համարի տունը կառուցվել է 19-րդ դարի 2-րդ կեսին, թբիլիսցի հայազգի մեծահարուստ, Վրաստանի պետական, մշակութային գործիչ Հովսեփ Գրիգորի Շանշյանի կողմից, ում ազգանվան սկզբնատառերն այսօր էլ պահպանվում են տան շքամուտքի ծածկոցի և մուտքի դռների վրա: Մինչև Վրաստանի խորհրդայնացումը այս տունը գրանցված է եղել Հովսեփ Շանշյանի անունով: 1909 թվականի աշնանից այս տան երրորդ հարկում ապրել է Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ: Տունն այս ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոն: Այստեղ էին համախմբվում Թբիլիսիի և Թբիլիսի ժամանող հայ, վրացի և ուրիշ ազգերի մտավորականներ, գրական, հասարակական, քաղաքական գործիչներ: «Ո՞վ չի եղել այս փոքրիկ սեղանի շուրջ,-գրում է Նվարդ Թումանյանն իր հուշերում,- Աղայանն ու Կոմիտասը, Լեոն ու Շիրվանզադեն, Մառն ու Ջիվելեգովը, Շանթն ու Սիամանթոն, Իսահակյանն ու Փափազյանը, Հովհաննիսյանն ու Ծատուրյանը, Բրյուսովը, Գորոդեցկին, Իաշվիլին, Տաբիձեն,Գրիշաշվիլին և շատ ու շատ ուրիշներ»:
1953 թվականին տան մի հատվածը հատկացվում է Թբիլիսիի թիվ 13 քաղաքային գրադարանին:
Վրաստանի անկախացումից հետո, Թբիլիսիի թիվ 13 գրադարանը փակվում է, և տան գրադարանային հատվածը փոխանցվում է մասնավոր սեփականատիրոջ: Թումանյանի պատմական տան հետագա ճակատագիրը դառնում է բանաստեղծի թոռների ու ծոռների, Վրաստանի, Հայաստանի ողջ հայության մտահոգության առարկան: 2008 թ., ՀՀ օրվա իշխանությունների քաջալերանքով, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի օրհնությամբ ու աջակցությամբ, ՀԳՄ նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանն ամբողջովին լծվում է տունը ետ գնելու աշխատանքներին: 2012 թվականին Գյումրիի այն օրերի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակցությամբ ձեռք է բերվում տան գրադարանային մասը և փոխանցվում է Հայաստանի գրողների միությանը:
2015 թվականին IDeA հիմնադրամի կողմից գնվում է նաև տան՝ ժառանգներին մնացած մասը և նախորդ՝ գրադարանային հատվածի հետ միասին, ամբողջական տեսքով նվիրաբերվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին:
Տան նորոգման, վերականգնման և մասնակի կահավորման աշխատանքներն իրականացվում են Վիրահայոց թեմի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, IDeA հիմնադրամի միջոցներով: Թումանյանական ժամանակների ինտերիերը Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի օրինակով վերականգնվում, կահույքը, սպասքը ձեռք է բերվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի կողմից:
2017 թվականի օգոստոսի 5-ին Հովհաննես Թումանյանի տանը պաշտոնապես բացվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը, որի պատմության էջերը բացվել են այն օրերի Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի, IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, ազգային բարերար Ռուբեն Վարդանյանի, Վարդան Ղուկասյանի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի պատասխանատուներ Էլիզա Մինասյանի և Արմեն Հակոբյանի, Սերժ և Ռիտա Սարգսյանների շնորհիվ: «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի բացմանը մեծապես նպաստել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Կենտրոնի բացման աշխատանքներին օժանդակել են Թբիլիսիի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետարանը, քաղաքային ժողովը:
Տանն այսօր չորս սենյակ կա. Հովհաննես Թումանյանի աշխատասենյակի օրինակով վերանորոգված ու կահավորված առանձնասենյակ, բուխարու մեծ սրահ, որտեղ տեղի են ունենում միջոցառումները և հյուրասենյակ: Ընդհանուր հարկաբաժնից առանձնացվել է մեկ սենյակ՝ հյուրատուն, որը կրում է Լևոն Անանյանի անունը: 2019 թվականի փետրվարի 19-ին, բանաստեղծի ծննդյան օրը տան հարավային պատշգամբում տեղադրվեց բանաստեղծի հուշարձանը (հեղինակ՝ Դավիթ Սիրբիլաձե), որը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի նվերն է կենտրոնին:
Վիրահայոց թեմը նպատակադրված է արդի պահանջներին համահունչ նոր շունչ տալ Թումանյանի տանը՝ վերականգնելով այս տան բարի ավանդույթները: Օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի, այստեղ ծավալվում են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, շնորհանդեսներ, դասական երաժշտության համերգներ, որոնց մասնակից են դառնում հայ, վրացի և այլ ազգերի արվեստի գործիչներ, բազմաթիվ հյուրեր Վրաստանի տարածաշրջաններից, Հայաստանից և արտասահմանից: Կենտրոնը սերտորեն համագործակցում է Վրաստանի և Հայաստանի մի շարք պետական, հասարակական կառույցների հետ: Իրականացվում են նաև հրատարակչական աշխատանքներ: «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը գործում է Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի ղեկավարության ներքո: Կենտրոնի հոգևոր տեսուչն է արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Կենտրոնի աշխատակիցներն են.
1. Գոհար Մազմանյանը՝ էքսկուրսավար- (+995) 577-25-88-18
2. Էդիտա Զորաբյանը՝ էքսկուրսավար - (+995) 593-42-12-67
3. Իվանե Կեզուան՝ հրատարակչության դիզայներ