Материалы

Հունվարի 10 Գշ. ԳՁ. Ե օր Ս. Ծննդեան

Թուղթ եբրայեցիներին 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39-56։

Թուղթ եբրայեցիներին

18 Դուք չէք մօտեցել շօշափելի լերանը, որ կրակով էր այրւում եւ պատած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ, 19 ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, 20 քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծուի: 21 Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»: 22 Բայց դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 23 երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 24 եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի:
25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին, 26 որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»: 27 Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»:
46 Եւ Մարիամն ասաց.
«Իմ անձը կը փառաւորի Տիրոջը,
47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով,
48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ:
Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան,
49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար,
եւ նրա անունը սուրբ է:
50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է:
51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց,
ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով.
52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից
եւ բարձրացրեց խոնարհներին:
53 Քաղցածներին լիացրեց բարիքներով
եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց:
54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին, յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»:
56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են