Материалы

Մայիսի 10 Ուր. ԱՁ. ԽԱ. օր Յինանց: Սկիզբն պահոց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.15‐34։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.37‐22.29։ Ա Յովհաննէս 4.7‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 11.47‐54։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.16‐20.16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28‐32։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

15Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին։ 16Իսկ Յիսուս կանչելով մանուկներին իր մօտ՝ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծու արքայութիւնը։ 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»։ 18Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 19Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած։ 20Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»։ 21Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»։ 22Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ՚ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»։ 23Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր։ 24Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն։ 25Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»։ 26Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»։ 27Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է»։ 28Եւ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո յետեւից»։ 29Եւ Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զաւակներին՝ Աստծու արքայութեան համար, 30եւ այս ներկայ ժամանակում բազմապատիկ չստանայ ու յաւիտենական կեանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»։ 31Եւ Տասներկուսին, առանձին, մի կողմ տանելով՝ նրանց ասաց. «Ահաւասիկ ելնում ենք դէպի Երուսաղէմ, եւ մարգարէների միջոցով մարդու Որդու մասին բոլոր գրուածները պիտի կատարուեն. 32որովհետեւ նա պիտի մատնուի հեթանոսներին եւ պիտի ծաղրուի. 33նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 34Եւ առաքեալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խօսքը նրանցից ծածկուած էր, եւ ասուածները չէին ըմբռնում։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

37Եւ մինչ Պօղոսը զօրանոց էր մտնելու, հազարապետին ասաց. «Կարելի՞ է ինձ խօսել քեզ հետ»։ Եւ նա ասաց. «Յունարէն գիտե՞ս. 38չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց»։ 39Պօղոսն ասաց. «Ես հրեայ մարդ եմ, կիլիկեցիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, ինձ հրամա՛ն տուր, որ իմ խօսքն ուղղեմ այդ ժողովրդին»։ 40Եւ երբ նա հրաման տուեց, Պօղոսը, աստիճանների վրայ կանգնած, ձեռքը շարժեց դէպի ժողովուրդը։ Երբ կատարեալ լռութիւն տիրեց, սկսեց խօսել եբրայերէն լեզուով եւ ասաց.
22 «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, այժմ լսեցէ՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»։ 2Երբ լսեցին, որ եբրայերէն լեզուով դիմեց իրենց, առաւել եւս հանդարտուեցին եւ լռեցին։ 3Եւ նա ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ ծնուած Կիլիկիայի Տարսոն քաղաքում, եւ դաստիարակուել եմ այստեղ, այս քաղաքում, Գամաղիէլի ոտքերի մօտ, կրթուած ըստ հայրենի օրէնքի ճշմարտութեան։ Նախանձայոյզ էի Աստծու հանդէպ, ինչպէս դուք բոլորդ՝ այսօր։ 4Ես այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ՝ կապելով եւ բանտերի մատնելով տղամարդկանց եւ կանանց, 5ինչպէս ինձ վկայ են քահանայապետը եւ ամբողջ ծերակոյտը, որոնցից եղբայրներին ուղղուած նամակներ էլ առնելով՝ Դամասկոս էի գնում եղբայրների մօտ՝ այնտեղից եւս կապեալներ բերելու համար Երուսաղէմ, որ պատժուեն։ 6Եւ մինչ գնում էի եւ մօտեցայ Դամասկոսին, կէսօրուայ ժամանակ յանկարծ երկնքից սաստիկ լոյս փայլատակեց իմ շուրջը. 7եւ ես գետին ընկայ. լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ 8Եւ ես պատասխանեցի. «Ո՞վ ես, Տէ՛ր»։ Եւ ինձ ասաց. «Ես Նազովրեցի Յիսուսն եմ, որին դու հալածում ես»։ 9Ինձ հետ եղողները եւս լոյսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խօսում էր։ 10Եւ ես ասացի. «Ի՞նչ պէտք է անեմ, Տէ՛ր»։ Եւ Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ Դամասկոս, եւ այնտեղ քեզ կը պատմուի այն բոլորի մասին, որ հրամայուած է քեզ անել»։ 11Եւ քանի որ այդ լոյսի փայլից չէի տեսնում, ինձ հետ եղողները, ձեռքիցս բռնելով, առաջնորդեցին ինձ, եւ Դամասկոս մտայ։ 12Եւ Անանիա անունով մի մարդ՝ երկիւղած ըստ օրէնքի եւ վկայուած Դամասկոսում բնակուող բոլոր հրեաների կողմից, 13եկաւ կանգնեց ինձ մօտ ու ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վերե՛ւ նայիր»։ 14Եւ ես իսկոյն դէպի վեր նրա՛ն նայեցի։ Եւ ինձ ասաց. «Մեր հայրերի Աստուածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը եւ տեսնես Արդարին ու լսես նրա բերանից ձայնը, 15որպէսզի բոլոր մարդկանց մօտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր։ 16Արդ, ինչո՞ւ ես յապաղում, վե՛ր կաց, մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»։ 17Եւ երբ ես վերադարձայ Երուսաղէմ եւ տաճարում աղօթում էի, մտայափշտակութեան մէջ ընկայ. 18տեսայ նրան, որն ինձ ասում էր. «Շտապի՛ր, իսկոյն Երուսաղէմից դո՛ւրս ել, քանի որ իմ մասին քո վկայութիւնը չեն ընդունելու»։ 19Եւ ես ասացի. «Տէ՛ր, իրենք իսկ գիտեն, թէ ես էի, որ բանտարկել եւ բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հաւատացողներին։ 20Եւ երբ թափւում էր քո վկայի՝ Ստեփանոսի արիւնը, ես ինքս էի, որ նրա մօտ էի կանգնել եւ համաձայն էի լինում նրա սպանմանը. եւ նրան սպանողների զգեստներն էի պահում»։ 21Եւ նա ինձ ասաց. «Գնա՛, որովհետեւ ես քեզ պէտք է ուղարկեմ հեռաւոր հեթանոսների մօտ»։ 22Մինչեւ այս խօսքը նրան ունկնդրում էին. ապա բարձրացրին իրենց ձայները եւ ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մէկին, որովհետեւ այդպիսին չպէտք է ապրի»։ 23Եւ մինչ նրանք աղաղակում էին, զգեստները հանում գցում էին եւ փոշին օդի մէջ ցանում, 24հազարապետը հրամայեց, որ նրան զօրանոց մտցնեն. եւ ասաց. «Ծեծելով հարցաքննեցէ՛ք նրան, որպէսզի իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նրա դէմ այդպէս աղաղակում»։ 25Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասաց հարիւրապետին, որ վերակացուն էր. «Հռոմէացի եւ չդատուած մարդուն օրինաւո՞ր է, որ դուք ծեծէք»։ 26Երբ հարիւրապետը այս լսեց, մօտեցաւ հազարապետին, զեկուցեց եւ ասաց. 27«Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմէական քաղաքացի է»։ 28Հազարապետը մօտեցաւ եւ նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմէացի՞ ես»։ Եւ նա ասաց՝ այո՛։ 29Հազարապետը ի պատասխան ասաց. «Ես ի գին մեծ գումարի եմ ստացել այդ քաղաքացիութիւնը»։ Իսկ Պօղոսն ասաց. «Ես ծննդով իսկ քաղաքացի եմ»։

Ա Յովհաննէս

7Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն։ 8Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է։ 9Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք։ 10Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար։ 11Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց։ 12Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է։ 13Սրանո՛վ գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, եւ նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ։ 14Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու։ 15Նա, ով խոստովանի, թէ Յիսուսն է Աստծու Որդին, Աստուած բնակւում է նրա մէջ, եւ նա՝ Աստծու մէջ։ 16Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծու սէրը, որ նա ունի մեր հանդէպ։ Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ։ 17Աստծու հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կ՚ունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ, ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում։ 18Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ։ 19Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ։ 20Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ 21Եւ նրանից ունենք այս պատուիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

47Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ 48Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ 49Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. 50«Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»։ 51Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու էր ազգի համար։ 52Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծու ցրուած որդիներին ի մի հաւաքի։ 53Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն։ 54Եւ Յիսուս այնուհետեւ այլեւս համարձակ չէր շրջում հրեաների մէջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մօտ էր անապատին. գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, եւ իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

16Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։ 17Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»։ 18Նա ասաց. «Որո՞նք»։ Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, մի շնանարը, մի գողանարը, սուտ մի վկայիրը, 19քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»։ 20Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ 21Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»։ 22Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր։ 23Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը։ 24Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»։ 25Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»։ 26Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»։ 27Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»։ 28Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ 29Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի։ 30Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»։
20 «Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու։ 2Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ 3Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։ 4Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»։ 5Նրանք եւս գնացին։ Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց։ 6Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։ 7Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»։ 8Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»։ 9Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ։ 10Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան։ 11Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. 12«Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»։ 13Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. 14ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ. 15միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ։ Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»։ 16Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

28Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահաւասիկ մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»։ 29Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ, 30այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք։ 31Սակայն շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ՝ առաջին»։ 32Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին։ Եւ նա նորից վերցնելով Տասներկուսին՝ առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են