Материалы

Մարտի 11 Եշ. ԱՁ. ԻԵ օր Մեծի Պահոց

Astvacashunch1

Ա Կորնթացիներ 8.5‐9.23։

Ա Կորնթացիներ

5թէպէտեւ այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ. արդարեւ, կան բազում աստուածներ եւ բազում տէրեր։ 6Բայց մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով։ 7Բայց բոլորի մէջ այս գիտութիւնը չկայ։ Ոմանք, մինչեւ այժմ վարժուած լինելով, կուռքերին զոհ արուածը իբրեւ զոհաբերուած են ուտում, եւ որովհետեւ նրանց խղճմտանքը տկար է, պղծւում են։ 8Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու։ Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթէ ուտենք, ոչնչով չենք աւելանայ։ 9Բայց զգո՛յշ եղէք, գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար։ 10Եթէ մէկը տեսնի քեզ՝ այդ գիտութիւնը ունեցողիդ, սեղան նստած մեհեանում, արդարեւ, նա, որի խղճմտանքը տկարութեամբ է պատած, վերստին չի՞ քաջալերուի կուռքերին զոհաբերուածն ուտելու։ 11Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռաւ, կորստեան կը մատնուի քո գիտութեան պատճառով։ 12Եւ այսպէս, յանցանք գործելով եղբայրների դէմ եւ վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդէպ մեղանչում էք։ 13Ուստի, եթէ ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբօրը, յաւիտեան միս չեմ ուտի, որպէսզի իմ եղբօրը չգայթակղեցնեմ։
9 Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսայ Տէր Յիսուս Քրիստոսին, չէ՞ որ դուք էք իմ գործը ի Տէր։ 2Թէպէտեւ ուրիշների համար առաքեալ չեմ, բայց յամենայն դէպս ձեզ համար առաքեալ եմ. որովհետեւ իմ առաքելութեան կնիքն իսկ էք դուք ի Տէր։ 3Ուր որ ինձ հարցաքննեն, իմ պատասխանը այս է. 4միթէ իշխանութիւն չունե՞նք ուտելու եւ խմելու։ 5Միթէ իշխանութիւն չունե՞նք մեզ հետ ման ածելու մեր հաւատացեալ կանանց, ինչպէս որ միւս առաքեալները, Տիրոջ եղբայրները եւ Կեփասը անում են։ 6Միայն ես եւ Բառնաբա՞սը պարտաւոր ենք մեր ապրուստի համար աշխատելու։ 7Ո՞վ երբեւէ զինուորութիւն կ՚անի իր ծախսով։ Ո՞վ այգի կը տնկի եւ նրա պտղից չի ուտի։ Ո՞վ հօտ կ՚արածացնի եւ հօտի կաթից չի խմի։ 8Միթէ մարդկայնօրէ՞ն եմ ասում այս բանը. կամ թէ՝ օրէնքն էլ այս նոյնը չի՞ ասում։ 9Մովսէսի իսկ օրէնքում գրուած է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես»։ Միթէ միայն եզների՞ համար էր հոգ անում Աստուած։ 10Չէ՞ որ մեզ համար է ասում. քանի որ մեզ համար գրուեց այդ. ով վարուցանք է անում, պէտք է յոյսով վարուցանք անի, եւ ով կալսում է՝ վայելելու յոյսով։ 11Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մեծ բա՞ն է, եթէ ձեզնից մարմնաւոր բաներ հնձենք։ 12Եթէ ուրիշներ ձեր վրայ ունեցած իշխանութեամբ վայելում են այդ բաները, որչա՜փ եւս առաւել՝ մենք։ Բայց այս իշխանութիւնը ի գործ չդրինք, այլ ամէն ինչի համբերում ենք, որպէսզի Աւետարանին որեւէ արգելք չլինի։ 13Չգիտէ՞ք, թէ նրանք, որ տաճարում պաշտօնավարում են, տաճարից էլ ուտում են։ Եւ նրանք, որ սեղանի սպասաւորներն են, սեղանից էլ վայելում են։ 14Նոյնպէս եւ Տէրը Աւետարանը քարոզողներին հրամայեց, որ Աւետարանից էլ ապրեն։ 15Բայց ես սրանցից եւ ոչ մի բան ի գործ չդրի. ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդէպ էլ այդպէս լինի։ Լաւ է, որ ես աւելի շուտ մեռնեմ, քան մէկն իմ պարծանքը ընդունայն համարի. 16որովհետեւ, եթէ աւետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտաւորութիւն է դրուած իմ վրայ։ Բայց վա՛յ է ինձ, եթէ չաւետարանեմ։ 17Եթէ կամովին եմ անում այդ, վարձ կայ ինձ համար, իսկ եթէ՝ ակամայ, ծանր պարտականութիւն է ինձ յանձնուած։ 18Եւ արդ, ի՞նչ է իմ վարձը. այն՝ որ աւետարանելիս Աւետարանը ձրի տամ, որպէսզի աւետարանելու մէջ ունեցած իմ իշխանութիւնը չարաշահած չլինեմ. 19թէպէտեւ ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրի բոլորի ծառայութեան համար, որպէսզի շահեմ շատերին։ 20Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին։ 21Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները. ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ օրէնքի տակ են։ Օրէնքի տակ չեղողների հետ եղայ ինչպէս օրէնքի տակ չեղող մարդ, ոչ թէ նրա համար, որ Աստծու օրէնքին ենթակայ չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրէնքի տակ էի, որպէսզի շահեմ օրէնքի տակ չեղողներին։ 22Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին։ Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերեւս փրկեմ ոմանց։ 23Այս բոլորն անում եմ Աւետարանի համար, որպէսզի մասնակից լինեմ նրան։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են