Материалы

Մարտի 12 Ուր. ԱԿ. ԻԶ օր Մեծի Պահոց

Astvacashunch1

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 9.11-23։ Յոբ 16.1-17-16։ Եսայի 43.22-44.8։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ

11Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ Տէրն ինձ տուեց քարէ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։ 12Տէրն ինձ ասաց. «Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրէն դարձաւ Եգիպտոսից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք արդէն շեղուել են այն ուղուց, որ պատուիրել էիր նրանց, եւ իրենց համար ձուլածոյ կուռքեր են պատրաստել»։ 13Տէրն ինձ ասաց. «Քեզ հետ խօսել եմ մէկ անգամ, երկու անգամ ու ասում եմ. ՚Տեսայ քո այդ ժողովրդին. այդ ժողովուրդը կամակոր է։ 14Թո՛յլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկրի երեսից եւ քեզ աւելի մեծ, հզօր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են՚։ 15Ես դարձեալ իջայ լեռից՝ երկու տախտակներն իմ ձեռքին, իսկ լեռը բորբոքուած էր կրակով։ 16Տեսնելով, որ մեր Տէր Աստծու առջեւ մեղք էք գործել՝ ձեզ համար ձուլածոյ կուռքեր էք պատրաստել, շեղուել էք այն ուղուց, որ Տէրն էր պատուիրել, 17վերցրի իմ ձեռքի երկու տախտակները եւ ձեր աչքի առջեւ ջարդուփշուր արեցի»։ 18Առաջինի նման երկրորդ անգամ քառասուն օր, քառասուն գիշեր Տիրոջ առջեւ աղաչեցի, հաց չկերայ, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քաւութեան համար, որովհետեւ մեր Տէր Աստծու առջեւ չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։ 19Ես վախենում էի նրա բարկութիւնից ու զայրոյթից, որովհետեւ Տէրը բարկացել էր ձեզ վրայ ձեզ կոտորելու աստիճան։ Այս անգամ էլ լսեց ինձ Տէրը։ 20Նա խիստ բարկացել էր նաեւ Ահարոնի վրայ, ուզում էր սպանել նրան։ Ես այս անգամ էլ աղօթեցի Ահարոնի համար, 21ձեր գործած մեղքը՝ հորթը վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածուեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մէջ։ 22Դուք ձեր Տէր Աստծուն բարկացրել էք Կրակի, Փորձութեան ու Ցանկութեան գերեզմանի մէջ։ 23Եւ երբ Տէրը ձեզ ուղարկեց Կադէսբառնեայից, ասաց. «Ելէ՛ք ու ժառանգեցէ՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ», դուք չէիք հնազանդուել ձեր Տէր Աստծու խօսքին, չէիք հաւատացել նրան, Տիրոջ ձայնին չէիք անսացել։

Յոբ

16 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ։ 3Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։ 4Ես էլ ձեզ պէս կը խօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր։ 5Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով։ 6Գուցէ իմ բերանում ուժ ունենայի, ու ես չզլանայի շրթունքներս շարժել, 7քանզի թէ խօսեմ՝ չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ՝ աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես։ 8Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած։ 9Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ։ Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս։ 10Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ։ Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի տէգով շարժուել ինձ վրայ։ 11Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս։ 12Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ։ 13Մինչ խաղաղ էի՝ քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք։ 14Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել։ Երիկամներս են խոցել անխնայ, գետին են թափել մաղձն իմ. 15ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով։ Վրաս են թափուել զօրաւորները, 16եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք։ 17Հանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս։ 18Անիրաւութիւն չկար իմ ձեռքին,եւ անարատ էր աղօթքն իմ հոգու։ 19Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի. թող աղաղակս կանգ չառնի բնաւ։ 20Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են։ 21Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն։ 22Երանի մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը։ 23Իմ տարիները հաշուուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին»։
1 «Կորչում եմ հողմավար. կարօտ եմ շիրիմի,
բայց դրան չեմ հասնում619:
2 Նեղւում, տանջւում եմ. ի՞նչ եմ անելու:
Գողացան օտարներն ինչքերս:
3 Այն ո՞վ է, որ ձեռքն իր իմ ձեռքի մէջ դնի:
4 Քանի որ սրտները հեռու է դատումից,
ուստի չես բարձրացնի Դու նրանց:
5 Նրանց փոխարէն են պատմելու չարիքները բիւր:
Աչքերս որդոցս համար հալուեցին:
6 Ողջ սերունդների չարախօսութեան ենթարկեցիր ինձ.
նրանց ծաղրանքի առարկան դարձայ:
7 Բարկութիւնից իմ մթնեցին աչքերս.
խիստ պաշարուած եմ բոլորի կողմից:
8 Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրայ.
արդարը հիմա վեր է կենալու անիրաւի դէմ:
9 Հաւատարիմը թող հաստատ մնայ իր ճանապարհին,
իր մաքուր ձեռքով քաջալերութիւն ստանայ թող միշտ:
10 Բայց դուք էլ, ամէնքդ, վե՛ր կացէք, եկէ՛ք.
ձեր մէջ չեմ գտնում ճշմարտութիւն ես:
11 Իմ օրերը խիստ շարաւոտ եղան.
սրտիս երակներն ամէն պայթեցին:
12 Գիշերս ցերեկուայ տեղ դրին նրանք.
լոյսը մերժուեց մութի երեսից:
13 Թէ համբերեմ ես՝ դժոխք կը դառնայ ինձ համար տունս:
Խաւարի մէջ է փռուած մահիճս:
14 Մահը ինձ համար ես հայր կոչեցի,
նեխուածքը՝620 մայր, քոյր:
15 Ո՞ւր է յոյսը իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ ես:
16 Թէ՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս.
բոլորս իրար հետ հո՞ղն ենք իջնելու»:

Եսայի

22«Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, եւ ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ։ 23Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ եւ ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղութիւն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։ 24Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո մեղքերի ու անօրէնութիւնների մէջ քեզ վերակացու եմ լինելու։ 25Ե՛ս եմ, ե՛ս եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրէնութիւններըեւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու։ 26Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրէնութիւնները, որ արդարացուես։ 27Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ։ 28Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի»։
44 «Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ։ 2Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. Մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ։ 3Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ։ 4Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ։ 5Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»։ 6Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի թագաւորը եւ նրա փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ։ 7Ո՞վ է ինձ նման, թող առաջ գայ, ձայն հանի, պատմի ու ամէն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաեւ այն, ինչ գալու է. մինչեւ գալը թող պատմեն ձեզ։ 8Մի՛ զարմացէք եւ մի՛ շփոթուէք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, եւ ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ իսկ կարող էք վկայ լինել ինձ համար, թէ կա՞յ այլ Աստուած, բացի ինձնից»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են