Материалы

Սեպտեմբերի 12 † Կիր. ԱԿ. ԽԱՉՎԵՐԱՑ

Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Հովհ. 3.13-21։

Եսայի

13Ուրախացի՛ր, երկի՛նք, եւ ցնծա՛, երկի՛ր, թող լեռները ցնծութիւն կանչեն, եւ բլուրները՝ արդարութիւն, քանզի Աստուած ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի տառապեալներին։ 14Բայց Սիոնն ասաց. «Տէրն ինձ թողեց, Աստուած ինձ մոռացաւ»։ 15«Մի՞թէ կինը կը մոռանայ իր մանկանը կամ չի գթայ իր որովայնի ծնունդներին, եւ եթէ կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանայ», -ասում է Տէրը։ – 16«Ահա իմ ձեռքերի ափերի մէջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամէն ժամ դու իմ առաջ ես։ 17Դու արագօրէն պիտի վերաշինուես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ։ Քեզ աւերողները քո միջից պիտի վտարուեն։ 18Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ եւ տե՛ս բոլորին. ահա հաւաքուել ու գալիս են դէպի քեզ։ Կենդանի եմ ես, -ասում է Տէրը։ Նրանց բոլորին պիտի հագնես ինչպէս պատմուճան, նրանց քո վրայ պիտի կրես ինչպէս հարսի զարդ։ 19Արդարեւ, քո աւերակները, ամայացած ու կործանուած երկիրը նեղուածք պիտի լինեն իրենց բնակիչների համար, եւ քեզ կուլ տուողները քեզնից պիտի հեռանան։ 20Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. « Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր, որ բնակուենք»։ 21Եւ քո մտքում պիտի ասես. « Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզաւակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակուած. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, ո՞ւր էին սրանք»։ 22Այսպէս է ասում Տէր Աստուածն. «Ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրայ եւ իմ դրօշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին, իրենց գիրկն առած, եւ քո դուստրերին, իրենց ուսերին դրած, պիտի բերեն։ 23Թագաւորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու եւ լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը, ու ինձ ապաւինողները չպիտի ամաչեն։

Գաղատացիներ

14Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար. 15որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը։ 16Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ Աստծու Իսրայէլի վրայ։ 17Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները։ 18Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի։ Ամէն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

13Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր։ 14Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. 16քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. 17որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի։ 18Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց։ 19Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին. 20որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան։ 21Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են