Материалы

Նոյեմբերի 14 Բշ. ԲԿ. Սրբոցն Անդրէի զօրավարին եւ բանակի նորին, Կալինիկոսի եւ Դոմետեայ վկայիցն

ԱՌԱԿՆԵՐ 4.10-27, Եսայի 48.17-21։ Բ Կորնթացիներ 10.3-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37-42։

ԱՌԱԿՆԵՐ

10Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ։ 11Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները։ 12Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, 13որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես։ 14Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն։ 15Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին։ 16Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւում են նրանք։ 17Խուսափի՛ր նրանցից եւ խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք մինչեւ չարիք չգործեն, չեն քնում։ Քունը փախչում է նրանց աչքից եւ չեն քնում, 18քանի որ նրանք ամբարշտութեան հաց են ուտում եւ հարբում են անօրէնութեան գինով։ 19Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որ առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի։ 20Ամբարիշտների ճանապարհները նման են խաւարի, եւ նրանք չգիտեն, թէ ինչպէս պիտի սայթաքեն։ 21Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն։ 22Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, 23քանզի դրանք կեանք են գտնողների համար եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար։ 24Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը։ 25Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։ 26Թող քո աչքերը նայեն ուղիղ, եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն։ 27Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛, եւ քո ճանապարհները ուղղի՛ր։

Եսայի

17Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստուածը, ե՛ս քեզ ճանապարհ ցոյց տուի, որով դու գնացիր։ 18Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին, ապա քո խաղաղութիւնը գետի նման կը լինէր, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման։ 19Քո սերունդը աւազի չափ կը լինէր, եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ։ Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու, եւ քո անունը չի կորչելու իմ առաջ»։ 20Դո՛ւրս եկէք Բաբելոնից, փախէ՛ք քաղդէացիներից, ուրա՛խ ձայնով պատմեցէք, թող լսելի լինի այն, մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք, թէ՝ «Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին»։ 21Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից ջուր պիտի հանի։ Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի։ «Աամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու», -ասում է Տէրը։

Բ Կորնթացիներ

3որովհետեւ, թէպէտեւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատումներից մղուած չէ, որ պայքարում ենք 4(քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). 5քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին 6եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինելու ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

37Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ։ 39Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ 40Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն։ 41Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կը ստանայ։ 42Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են