Материалы

Նոյեմբերի 17 Դշ. ԲԿ. Պահք

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 1.12-22, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 5.35-43

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ

12 Քանզի մեր պարծանքն այս է. մեր խղճմտանքի վկայութիւնը. այն՝ որ սրբութեամբ ու Աստծու ճշմարտութեամբ եւ ոչ մարմնաւոր իմաստութեամբ, այլ Աստծու շնորհով ենք ընթացել աշխարհում, իսկ առաւել եւս՝ ձեր հանդէպ. 13 որովհետեւ ձեզ այլ բան չենք գրում, քան այն, ինչ կարդում եւ հասկանում էք. եւ յոյս ունեմ, թէ մինչեւ վերջը կը հասկանաք, 14 ինչպէս որ փոքրիշատէ հասկացաք նաեւ մեզ, որ ձեր պարծանքն ենք, ինչպէս եւ դուք՝ մերը՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրը:
15 Եւ այս վստահութեամբ էի կամենում նախ գալ ձեզ մօտ, որպէսզի դուք կրկին շնորհ ընդունէք, 16 եւ ձեզնից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մօտ եւ ձեր կողմից ճանապարհ դրուել դէպի Հրէաստան: 17 Իսկ եթէ այս բանը մտածեցի, միթէ փոփոխամտութեա՞մբ վարուեցի. եւ կամ՝ ինչ որ մտածում եմ, մարդկայի՞ն շարժառիթներով եմ մտածում, այնպէս որ իմ կողմից թող այոն լինի այո, եւ ոչը՝ ոչ: 18 Վկայ է Աստուած, որ ձեզ հասած մեր խօսքը այո եւ ոչ չէ միաժամանակ. 19 քանզի Աստծու Որդին՝ Յիսուս Քրիստոս, որ քարոզուեց ձեր մէջ մեր միջոցով՝ իմ, Սիղուանոսի եւ Տիմոթէոսի, չեղաւ թէ՛ այո եւ թէ՛ ոչ, այլ Նա «այո՛ն» եղաւ Աստծու. 20 որովհետեւ Աստծու այնչա՜փ խոստումները այո՛ն եղան Նրա մէջ. դրա համար էլ Նրանով է, որ ասում ենք ԱՄԷՆ՝ Աստծու փառքի համար: 21 Եւ նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին եւ օծեց մեզ, Աստուած է, 22 որ մեզ կնքեց էլ եւ Հոգու առհաւատչեան դրեց մեր սրտերի մէջ:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

35 Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ ասացին. «Քո դուստրը մեռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»: 36 Իսկ Յիսուս, երբ լսեց ասուած խօսքը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛»: 37 Եւ ոչ ոքի թոյլ չտուեց իր հետ գնալ, այլ միայն՝ Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին: 38 Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ-աղաղակ: 39 Ապա ներս մտնելով՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած ու լաց էք լինում. մանուկը մեռած չէ, այլ ննջում է»: 40 Սակայն նրանք ծաղրում էին նրան: Իսկ նա, ամենքին դուրս հանելով, վերցրեց իր հետ մանկան հօրն ու մօրը եւ նրանց, որ իր հետ էին, եւ մտաւ այնտեղ, ուր պառկած էր մանուկը: 41 Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց: 42 Եւ աղջիկը իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր: Եւ ամէնքը մեծապէս զարմացան: 43 Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են