Материалы

Ապրիլի 18 † Կիր. ԴՁ. Գ կիր. Աշխարհամատրան (Կանաչ Կիւրակէ)

Photo 2021 03 30 16 42 10 16Dc02D6

ԱՌԱԿՆԵՐ 3:9-17, Եսայի Մարգարեություն 66:12-16, Ա. Տիմաթեոս 3:14-16, ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ 16:13-19, ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6:12-49, ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9:23-31, Ա ՊԵՏՐՈՍ 2.1-10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2:23-3:12, ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ 8:18-9:8, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 3:6-12

ԱՌԱԿՆԵՐ

9 Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից
եւ քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան,
10 որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով,
եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն:
11 Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը
եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից,
12 քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է
եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի:
13 Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի,
եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ,
14 քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ,
քան ոսկու եւ արծաթի գանձերը:
15 Այն առաւել յարգի է, քան անգին քարերը,
եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան:
Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը,
յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում,
չունի դրա արժէքը.
16 քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ,
նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ:
Նրա բերանից բխում է արդարութիւն,
իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն
17 Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են,
եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան:

Եսայի Մարգարեություն

12 Այսպէս է ասում Տէրը.
«Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ
եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ.
իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին
եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց:
13 Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը,
այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ,
եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում:
14 Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր ծաղկեն,
ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի խայտան»:
Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին
եւ սպառնայ անհաւատներին:
15 Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ,
եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ,
որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումը
եւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը,
16 քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով,
եւ ամէն մի մարմին՝ նրա սրով.
շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից:

Ա Տիաթեոս 

14 Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կը գամ: 15 Իսկ եթէ ուշանամ, դու կ՚իմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծու տան մէջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան: 16 Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով:

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ

13 Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»: 14 Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»: 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

12 Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով: 13 Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14 Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15 Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16 Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ:

17 Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18 շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից: Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին: 19 Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին:

20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց.
– Երանի՜ հոգով 969 աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է:
21 – Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան:
– Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն:
22 – Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն եւ նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: 23 Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հանդէպ:
24 – Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք:
25 – Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք:
– Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք:
26 – Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում:

27 «Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում էք ինձ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարութի՛ւն արէք. 28 օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք: 29 Ով խփում է քո ծնօտին, նրան մի՛ւսն էլ մօտեցրու. եւ ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ: 30 Ամէն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, եւ ինչ որ մէկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր: 31 Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց: 32 Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են սիրում իրենց սիրողներին: 33 Եւ եթէ ձեր բարերարներին բարութիւն անէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ նոյնն են անում: 34 Եւ եթէ փոխ էք տալիս նրանց, որոնցից յետ առնելու ակնկալութիւն ունէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետեւ մեղաւորներն էլ են փոխ տալիս մեղաւորներին, որպէսզի նոյն չափով յետ առնեն: 35 Բայց դուք սիրեցէ՛ք ձեր թշնամիներին եւ բարութի՛ւն արէք ձեզ ատողներին ու փո՛խ տուէք նրան, ումից յետ առնելու ակնկալութիւն չունէք: Եւ ձեր վարձը շատ կը լինի, եւ դուք Բարձրեալի որդիները կը լինէք, որովհետեւ նա բարեհաճ է չարերի եւ ապերախտների հանդէպ: 36 Գթասի՛րտ եղէք, ինչպէս որ ձեր Հայրը գթասիրտ է»:

37 «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, մի՛ դատապարտէք, եւ չպիտի դատապարտուէք, ներեցէ՛ք, եւ ներում պիտի գտնէք Աստծուց, 38 տուէ՛ք, եւ պիտի տրուի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում էք, նո՛ւյն չափով պիտի չափուի ձեզ համար»:
39 Նրանց մի առակ էլ ասաց. «Միթէ կարո՞ղ է կոյրը կոյրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կ՚ընկնեն: 40 Աշակերտը մեծ չէ, քան իր վարդապետը. ամէն կատարեալ աշակերտ իր վարդապետի պէս կը լինի:
41 Ինչո՞ւ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում: 42 Եւ կամ՝ ինչպէ՞ս կարող ես եղբօրդ ասել՝ եղբա՛յր, թող որ քո աչքից այդ շիւղը հանեմ, իսկ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում: Կեղծաւո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր եւ ապա լաւ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար»:

3 «Որովհետեւ չկայ բարի ծառ, որ չար պտուղ տայ. եւ դարձեալ՝ չկայ չար ծառ, որ բարի պտուղ տայ. 44 որովհետեւ իւրաքանչիւր ծառ իր պտղից է ճանաչւում: Փշերից թուզ չեն քաղում եւ ոչ էլ մորենուց՝ խաղող: 45 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում. որովհետեւ սրտի աւելցուկից է, որ խօսում է նրա բերանը»:
46 «Ինչո՞ւ ինձ «Տէ՛ր, Տէ՛ր» էք կոչում, իսկ ինչ ասում եմ՝ չէք անում: 47 Ամէն մարդ, որ ինձ է գալիս եւ լսում է իմ խօսքերն ու կատարում դրանք, ձեզ ցոյց տամ, թէ ում է նման: 48 Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց եւ հիմքը դրեց ժայռի վրայ 970. եւ երբ հեղեղ բարձրացաւ, գետը զարկեց տանը եւ չկարողացաւ շարժել այն, որովհետեւ նրա հիմքը ժայռի վրայ էր հաստատուած: 49 Իսկ ով իմ խօսքերը լսում է եւ չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրայ առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, եւ այն իսկոյն փուլ եկաւ, եւ այդ տան կործանումը մեծ եղաւ»:

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

23 Բազում օրեր անցնելուց յետոյ հրեաները խորհուրդ արեցին նրան սպանելու: 24 Նրանց նենգութիւնը Սօղոսին յայտնի դարձաւ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռները պահում էին, որպէսզի նրան սպանեն: 25 Իսկ աշակերտները գիշերով վերցրին նրան եւ, պարսպից ցած կախելով, վանդակի մէջ դրած իջեցրին:

26 Երբ Սօղոսը Երուսաղէմ եկաւ, փորձում էր աշակերտներին յարել, բայց ամէնքը վախենում էին նրանից. չէին հաւատում, թէ իսկապէս աշակերտ էր դարձել: 27 Բայց Բառնաբասը նրան վերցրեց եւ բերեց առաքեալների մօտ ու նրանց պատմեց, թէ ինչպէս ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խօսել էր նրա հետ եւ թէ Դամասկոսում էլ Յիսուսի անունով համարձակ քարոզել: 28 Եւ Սօղոսը աշակերտների հետ էր եւ Երուսաղէմում շրջում էր նրանց հետ ու համարձակ քարոզում Տիրոջ անունով: 29 Խօսում ու վիճում էր յունախօս հրեաների հետ, որոնք հետամտում էին նրան սպանել: 30 Եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին եւ ուղարկեցին Տարսոն:
31 Սակայն եկեղեցին ամբողջ Հրէաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղութեան մէջ էր եւ, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկիւղով, Սուրբ Հոգու մխիթարութեամբ աճում էր:

Ա ՊԵՏՐՈՍ

1 Ուրեմն, դէ՛ն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, 2 որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, 3 քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը:
4 Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծու առաջ ընտրեալ եւ թանկագին է: 5 Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. 6 քանզի Գրքում էլ կայ, թէ՝
«Ահա՛ւասիկ ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ,
թանկագին անկիւնաքար.
եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»:
7 Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝
«Այն վէմը, որն անարգեցին շինողները,
ա՛յն եղաւ անկիւնաքար»:
8 Ինչպէս նաեւ՝
«Վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան»,
որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին: 9 Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան(1219), ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին: 10 Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

23 Եւ երբ Յիսուս զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատեր հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր: 24 Բայց Յիսուս անձամբ վստահութիւն չունէր նրանց նկատմամբ, որովհետեւ ինքն ամենքին ճանաչում էր 25 եւ կարիք չկար, որ որեւէ մէկը վկայէր մարդու մասին, քանի որ ինքն արդէն գիտէր, թէ ինչ կար մարդու հոգու մէջ:
1 Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր: 2 Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»: 3 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»: 4 Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»: 5 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. 6 որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի: 7 Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. 8 որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»: 9 Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»: 10 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս: 11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում: 12 Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ:

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ

18 Յիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց միւս կողմ գնալ: 19 Եւ մի օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կը գամ, ուր էլ որ գնաս»: 20 Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»: 21 Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»: 22 Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»:

23 Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները: 24 Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր: 25 Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»: 26 Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ: 27 Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»:

28 Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: 29 Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»: 30 Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: 31 Եւ դեւերը աղչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»: 32 Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին: 33 Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը: 34 Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ:

1 Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը: 2 Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ: Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»: 3 Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է: 4 Եւ Յիսուս իմանալով նրանց մտածումները՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. 5 ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: 6 Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, – ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, – վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 7 Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց: 8 Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացա. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

6 Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն:

7 Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից. 8 նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ: 9 Եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նաւակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպէսզի իրեն չնեղեն: 10 Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամէն տեսակ հիւանդութիւններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնւում նրա շուրջը, որպէսզի դիպչեն նրան: 11 Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. 12 «Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են