Материалы

Հունվարի 2 † Կիր. ԱԿ .Զ կիր. Յիսնակի

Եսայու մարգարէութիւնը 51.15-52.3, Թուղթ եբրայեցիներին 13.18-25, Աւետարան ըստ Ղուկասի 22.24-30

ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ

15 Ես եմ քո Տէր Աստուածը,
որ ալեկոծում եմ ծովը
եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ.
Զօրութիւնների Տէր է իմ անունը:
16 Իմ խօսքերը քո բերանը դրեցի
եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ,
որպէսզի երկինքը կանգնեցնեմ,
երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին.
“Դու իմ ժողովուրդն ես”»:
17 Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ,
դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը,
կործանման բաժակը,
ցասման բաժակը,
որ խմեցիր ու դատարկեցիր:
18 Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր,
մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ.
քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր,
մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ:
19 Երկու բան կայ քեզ հակառակ.
եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ.
կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու,
եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ:
20 Քո որդիները, տարակուսած, քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում:
Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն:
Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած,
նրանք խոտորուած են Տէր Աստծուց:
21 Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ,
որ հարբած ես, բայց ոչ գինուց:
22 Այսպէս է ասում Տէր Աստուած,
որ դատում է իր ժողովրդին.
«Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը,
իմ բարկութեան բաժակը,
եւ դու այլեւս չես խմելու այն:
23 Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը,
նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ,
ովքեր քեզ ասում էին.
“Խոնարհուի՛ր, որ անցնենք”:
Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քո վրայով անցնողների համար»:
52

1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն,
հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն.
դու էլ քո փա՛ռքը հագիր,
ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ,
որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով:
2 Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ,
քանդի՛ր քո պարանոցի կապը,
ո՛վ դու Սիոնի գերի դուստր.
3 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու»:

Թուղթ եբրայեցիներին

18 Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ: 19 Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ:

20 Եւ խաղաղութեան Աստուածը, որ մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է, 21 ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս: Ամէն:
22 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ անսալ յորդորի այս խօսքերին, մանաւանդ որ համառօտակի գրեցի ձեզ: 23 Եւ իմացէ՛ք, որ մեր եղբայրը՝ Տիմոթէոսը, բանտից ազատուել է: Եթէ շուտով գայ, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ: 24 Ողջունեցէ՛ք ձեր բոլոր առաջնորդներին եւ բոլոր սրբերին. ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են: 25 Շնո՜րհ ձեզ բոլորիդ:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

24 Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի: 25 Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: 26 Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: 27 Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»:

28 «Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: 29 Եւ ես խոստանում եմ ձեզ, – ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, – 30 որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են