Материалы

Մայիսի 2 Բշ. ԴԿ. ԺԶ օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9.32‐43։ Ա Պետրոս 2.11‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 9.9‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 3.13‐19։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

7 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ։ 2Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր։ 3Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային։ 4Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»։ 6Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ՝ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կը բժշկուի. 8որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին, թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»։ 9Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»։ 10Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

32Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով՝ մահճի մէջ պառկած էր։ 33Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ յարդարի՛ր քո անկողինը»։ Եւ նա իսկոյն վեր կացաւ։ 34Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դէպի Տէրը դարձան։ 35Եւ Յոպպէում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեմնիկ. սրա կեանքը լի էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ նա կատարում էր։ 36Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատունը։ 37Եւ Լիւդդան Յոպպէին մօտիկ էր. երբ աշակերտները լսեցին, թէ Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ։ 38Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ։ Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին։ Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցոյց տալիս, թէ որքան հագուստներ եւ զգեստներ էր կարել տուել Այծեմնիկը իրենց համար։ 39Պետրոսը բոլորին դուրս հանելով՝ ծնրադրեց, աղօթք արեց եւ, դառնալով մարմնին, ասաց. «Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր»։ Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ 40Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ 41Եւ ամբողջ Յոպպէում այս յայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը։ 42Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ։

Ա Պետրոս

11 Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնաւոր ցանկութիւններից, որոնք պայքարում են հոգու դէմ, 12 եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը:
ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ
13 Ի սէր Տիրոջ հնազա՛նդ եղէք մարդկային ամէն իշխանութեան՝ թէ՛ թագաւորին, որպէս գերագոյն հեղինակութիւն ունեցող մէկի, 14 թէ՛ կառավարիչներին, որպէս նրանից ուղարկուածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրէնքը պահողներին՝ գովում. 15 որովհետեւ Աստծու կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտութիւնը: 16 Ապրեցէ՛ք որպէս ազատներ եւ ազատութիւնը իբրեւ չարիքի պատրուակ մի՛ բռնէք, այլ ապրեցէ՛ք որպէս Աստծու ծառաներ: 17 Յարգեցէ՛ք բոլորին, սիրեցէ՛ք եղբայրութիւնը, վախեցէ՛ք Աստծուց, պատուեցէ՛ք թագաւորներին:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

13Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր։ 14Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. 16քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. 17որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի։ 18Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց։ 19Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին. 20որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան։ 21Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

9Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»։ Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետեւից։ 10Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ։ 11Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»։ 12Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին։ 13Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին։ 14Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 15Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն։ 16Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի։ 17Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

13Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ. եւ նրանք գնացին նրա մօտ։ 14Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի, 15ու նրանք իշխանութիւն ունենան ցաւեր բուժելու եւ դեւեր հանելու։ 16Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց 17եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է՝ Որոտման որդիներ։ 18Նաեւ՝ Անդրէասին եւ Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին եւ մաքսաւոր Մատթէոսին եւ Թովմասին եւ Ալփէոսի որդի Յակոբոսին եւ Թադէոսին եւ Սիմոն Կանանացուն 19եւ Յուդա Իսկարիովտացուն, որը եւ նրան մատնեց։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են