Материалы

Ապրիլի 20 Շբ. ԳՁ. ԻԱ օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-17։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 12.25-13.15։ Ա Պետրոս 4.12-19։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 5.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 11.1-24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.21-25։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

9 Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները։ 2Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին։ 3Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք։ 5Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»։ 6Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ։ 7Հերովդէս չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը եւ զարմանում էր ոմանց ասածի վրայ, 8թէ՝ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, իսկ ոմանց ասածի վրայ, թէ՝ Եղիան յայտնուեց, եւ ուրիշների՝ թէ՝ նախկին մարգարէներից մէկը յարութիւն է առել։ 9Հերովդէսն ասաց. «Յովհաննէսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»։ Եւ ուզում էր նրան տեսնել։ 10Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում։ 11Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց։ 12Եւ օրն սկսեց տարաժամել։ Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»։ 13Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»։ Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար։ Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»։ 15Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին։ 16Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն։ 17Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

25Բառնաբասն ու Սօղոսը, երբ իրենց պաշտօնը կատարեցին, Երուսաղէմից վերադարձան։ Իրենց հետ վերցրել էին նաեւ Յովհաննէսին, որ Մարկոս էր կոչւում։
13 Անտիոքում գտնուող եկեղեցում կային մի քանի մարգարէներ եւ ուսուցիչներ՝ Բառնաբասը եւ Շմաւոնը, որ կոչւում էր Նիւգեր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայենը, որ Հերովդէս չորրորդապետի դայեկորդին էր, եւ Սօղոսը։ 2Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէ՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»։ 3Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին։ 4Ուստի նրանք, Սուրբ Հոգուց ուղարկուած, իջան Սելեւկիա ու այնտեղից նաւարկեցին դէպի Կիպրոս։ 5Եւ Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խօսքն էին քարոզում։ Որպէս օգնական ունէին նաեւ Յովհաննէսին։ 6Շրջելով ամբողջ կղզին մինչեւ Պափոս՝ այնտեղ գտան մի ոմն մոգի, որ մի հրեայ սուտ մարգարէ էր, եւ որի անունը Բարեյեսու էր. 7սա բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր։ Սերգէոսը աղաչելով Բառնաբասին եւ Սօղոսին, ուզում էր լսել Աստծու խօսքը։ 8Բայց նրանց դէմ դուրս եկաւ Եղիմաս մոգը (որովհետեւ նրա անունը այսպէս է թարգմանւում) եւ ուզում էր բդեշխի փոխանորդին հաւատից շեղել։ 9Իսկ Սօղոսը, որը եւ Պօղոսն է, Սուրբ Հոգով լցուած, նայեց նրան ու ասաց. 10«Ո՛վ դու, որ լի ես ամէն նենգութեամբ ու խորամանկութեամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամէն արդարութեան։ Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարի։ 11Եւ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրայ է. եւ կոյր կը լինես, որ միառժամանակ արեւ չտեսնես»։ Եւ անմիջապէս նրա վրայ մէգ ու խաւար իջաւ. եւ խարխափելով՝ առաջնորդողներ էր փնտռում։ 12Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հաւատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետութեան վրայ։ 13Պափոսից խարիսխ վերցնելով՝ Պօղոսը եւ իր հետ եղողները եկան Պամփիւլիայի Պերգէ քաղաքը։ Յովհաննէսը, նրանցից բաժանուելով, Երուսաղէմ վերադարձաւ, իսկ նրանք, առաջ գնալով, 14Պերգէից եկան Պիսիդեան Անտիոք քաղաքը. եւ շաբաթ օրը, ժողովարան մտնելով, նստեցին։ 15Եւ Օրէնքի ու մարգարէների ընթերցումից յետոյ, ժողովարանի պետերը նրանց մօտ մէկին ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթէ ունէք մխիթարանքի խօսքեր ժողովրդին, խօսեցէ՛ք»։

Ա Պետրոս

12Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ։ 13Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք։ 14Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի՜ էք, քանի որ փառքի եւ զօրութեան անունը եւ Աստծու Հոգին է հանգչում ձեր վրայ։ 15Ձեզնից ոչ ոք թող չտանջուի որպէս մարդասպան կամ որպէս գող կամ որպէս չարագործ կամ որպէս ուրիշի գործին խառնուող. 16իսկ եթէ տանջւում է որպէս քրիստոնեայ, թող չամաչի, այլ փառաւորի Աստծուն այդ անուամբ, 17քանի որ ժամանակն է, որ սկսուի դատաստանը Աստծու տնից. որովհետեւ, եթէ այն նախ մեզնից սկսուի, ապա ի՞նչ վախճան կը լինի նրանց, ովքեր չհնազանդուեցին Աստծու Աւետարանին։ 18Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ։ 19Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծու կամքի, բարեգործութիւն անելով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

5 Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ։ 2Եւ Երուսաղէմում, Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահներով, 3որոնց մէջ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն։ 4Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով։ 5Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր։ 6Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»։ 7Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»։ 8Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ 9Եւ մարդը առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս. եւ այն օրը շաբաթ էր։ 10Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»։ 11Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»։ 12Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»։ 13Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ո՛վ է նա, որովհետեւ Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ 14Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում ու ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար, այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»։ 15Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուս էր, որ ինձ բժշկեց։ 16Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները։ 17Սակայն Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»։ 18Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար էր դասում։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

11 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու եւ ուսուցանելու շրջակայ քաղաքներում։ 2Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. 3«Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 4Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք. 5կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է Աւետարանը։ 6Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»։ 7Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ։ 8Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են։ 9Ապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ, 10որովհետեւ նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ՚ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 11Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամենից յետինը նրանից մեծ է։ 12Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն, 13քանի որ ամբողջ Օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը։ 14Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է։ 15Ով լսելու ականջ ունի, թող լսի։ 16Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում. 17ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք։ 18Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում. եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ։ 19Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից» ։ 20Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին։ 21«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կը լինէին։ 22Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ 23Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին։ 24Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

21Եւ նրանց ասաց. «Միթէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի։ Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում։ 22Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ։ 23Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»։ 24Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար։ 25Ով որ ունի, նրան պիտի տրուի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցուի, ինչ էլ որ նա ունի»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են