Материалы

Հուլիսի 21 Եշ. ԴԿ. Դ. օր Վարդավառի պահոց

Հռոմէացիներ 15.30‐16.16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 15.29‐38։

Հռոմէացիներ

30որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնը ընդունելի լինի սրբերին. 31այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծու կամքով, հանգստանամ ձեզ հետ։ 32Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ։ Ամէն։
16 Յանձնարարում եմ ձեզ Փիբէին՝ մեր քրոջը, որը սպասաւորն է Կենքրայի եկեղեցու, 2որպէսզի Տիրոջ անունով ընդունէք նրան, ինչպէս վայել է սրբերին, եւ հոգ տանէք նրան, ինչ կարիքների համար էլ դիմի ձեզ. քանզի ինքը եւս հոգատար եղաւ շատերին եւ ինձ էլ։ 3Ողջունեցէ՛ք Պրիսկէին եւ Ակիւղասին՝ իմ գործակիցներին ի Քրիստոս Յիսուս, 4որոնք իմ անձի համար վտանգեցին իրենց գլուխը, եւ որոնցից միայն ե՛ս չէ, որ շնորհակալ եմ, այլեւ՝ հեթանոսների բոլոր եկեղեցիները։ 5Ողջունեցէ՛ք եւ նրանց առտնին եկեղեցին։ Ողջունեցէ՛ք Եպենտոսին՝ իմ սիրելիին, որ ասիացիների պտուղն է ի Քրիստոս։ 6Ողջունեցէ՛ք Մարիին, որ բազում յոգնութիւններ կրեց ձեզ համար։ 7Ողջունեցէ՛ք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին եւ բանտակիցներին, որոնք երեւելիներ են առաքեալների մէջ եւ որոնք ինձնից առաջ իսկ դարձան ի Քրիստոս։ 8Ողջունեցէ՛ք Ամպղիային՝ իմ սիրելիին ի Տէր։ 9Ողջունեցէ՛ք Ուրբանոսին՝ իմ գործակցին ի Տէր եւ՝ Ստաքէսին՝ իմ սիրելիին։ 10Ողջունեցէ՛ք Ապեղէսին, որ ընտրեալն է ի Տէր։ 11Ողջունեցէ՛ք նրանց, որ Արիստաբուղոսի ընտանիքից են։ Ողջունեցէ՛ք Հերոդիոնին՝ իմ ազգականին։ Ողջունեցէ՛ք նրանց, որ Նարկէսի ընտանիքից են ի Տէր։ 12Ողջունեցէ՛ք Տրիփոսին եւ Տրիփոնին՝ Տիրոջ գործի համար վաստակ ունեցողներին։ Ողջունեցէ՛ք սիրելի Պերսիդէին, որ Տիրոջ համար բազում յոգնութիւններ կրեց։ 13Ողջունեցէ՛ք Ռուփոսին՝ ընտրեալին ի Տէր, եւ նրա մօրը, որ իմ մայրն էլ է։ 14Ողջունեցէ՛ք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմէսին եւ այն եղբայրներին, որ նրանց հետ են։ 15Ողջունեցէ՛ք Փիղողոգոսին եւ Յուղիային, Ներէոսին ու նրա քրոջը եւ Ողիմպիային ու այն բոլոր սրբերին, որ նրանց հետ են։ 16Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով։ Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

29Եւ Յիսուս մեկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ։ 30Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր։ Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. 31այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն։ 32Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»։ 33Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»։ 34Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»։ Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ։ 35Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ։ 36Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին։ 37Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին։ 38Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են