Материалы

Մարտի 22 Բշ. ԲԿ. ԼԶ օր Մեծի Պահոց

Astvacashunch1

Դանիէլ 7:2-27, Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 12:1-7

Դանիէլ

2 նա նրանց վրայ կարգեց երեք հրամանատարներ, որոնցից մէկը Դանիէլն էր, որպէսզի նրանք նախարարներին հրաման տան, եւ թագաւորը չծանրաբեռնուի: 3 Դանիէլը առաւելութիւն ունէր նրանց վրայ, որովհետեւ նրա մէջ աւելի բարձր հոգի կար, 4 ուստի թագաւորը նրան նշանակեց կառավարիչ իր ողջ թագաւորութեան վրայ: Հրամանատարներն ու նախարարները նախանձում էին եւ առիթ էին փնտռում մեղադրելու Դանիէլին: Բայց ոչ մի առիթ, յանցանք եւ մեղք չէին գտնում, որովհետեւ նա հաւատարիմ էր: 5 Հրամանատարներն ասացին. «Մենք Դանիէլի դէմ ոչ մի այլ բանում առիթ չենք գտնի, բացի նրա Աստծու օրէնքներից»: 6 Այն ժամանակ հրամանատարներն ու նախարարները կանգնեցին թագաւորի առաջ եւ ասացին նրան. «Դարե՛հ արքայ, թող կեանքդ յաւիտեան լինի. 7 քո թագաւորութեան մէջ գտնուող բոլոր զօրավարներն ու նախարարները, իշխաններն ու կուսակալները խորհուրդ արին արքունական համաձայնութեամբ հաստատելու եւ ամրացնելու մի ուխտ, որ, եթէ մինչեւ երեսուն օր որեւէ մէկը որեւէ բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛յ, կը նետուի առիւծների գուբը: 8 Արդ, արքա՛յ, հաստատի՛ր ուխտը եւ հրամա՛ն գրիր, որպէսզի չանտեսուի մարերի եւ պարսիկների օրէնքը»: 9 Այն ժամանակ Դարեհ արքան պատուիրեց գրել հրամանը: 10 Դանիէլը երբ իմացաւ, որ հրաման է եղել, մտաւ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացուած էին դէպի Երուսաղէմ: Օրական երեք անգամ նա ծնրադրում էր եւ աղօթում, գոհութիւն էր յայտնում իր Աստծուն, ինչպէս առաջ էր անում: 11 Այն ժամանակ այդ մարդիկ գաղտնի դիտեցին եւ տեսան Դանիէլին, որ աղօթում էր եւ աղաչում իր Աստծուն: 12 Եկան եւ ասացին թագաւորին. «Արքա՛յ, դու ուխտ չհաստատեցի՞ր, թէ իւրաքանչիւր մարդ, որ մինչեւ երեսուն օր բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից՝ արքայից, կը նետուի առիւծների գուբը»: Եւ արքան ասաց. «Ճշմարիտ է այդ խօսքը. մարերի ու պարսիկների հրամանը օրինական չէ խախտել»: 13 Այն ժամանակ պատասխանեցին թագաւորին եւ ասացին. «Դանիէլը, որ Հրէաստանի գերեվարուածներից մէկն է, չհնազանդուեց քո հրամանին, արքա՛յ, եւ օրական երեք անգամ բան է խնդրում իր Աստծուց»: 14 Այն ժամանակ, երբ թագաւորը լսեց այս խօսքը, շատ վշտացաւ Դանիէլի համար եւ ջանում էր փրկել նրան: Մինչեւ երեկոյ մտածում էր փրկել նրան: 15 Այն ժամանակ այդ մարդիկ ասացին թագաւորին. «Իմացի՛ր, արքա՛յ, որ օրինական չէ խախտել պարսիկների ու մարերի հրամանը եւ ամէն ուխտ ու դաշինք, որ արքան է հաստատում»:
16 Այն ժամանակ թագաւորը հրամայեց, եւ Դանիէլին բերին ու նրան նետեցին առիւծների գուբը: Արքան ասաց Դանիէլին. «Այն Աստուածը, որին դու յաճախ աղօթում ես, նա կը փրկի քեզ»: 17 Եւ բերեցին մի քար, դրեցին գբի վրայ, եւ թագաւորը կնքեց այն իր մատանիով եւ մեծամեծների մատանիներով, որպէսզի այլ բան չպատահի Դանիէլին: 18 Թագաւորը գնաց իր տուն, պառկեց առանց ընթրիքի, խորտիկ չմատուցեցին նրան, եւ նրա քունը փախաւ: Աստուած փակեց առիւծների բերանը, եւ նրանք չյօշոտեցին Դանիէլին: 19 Այն ժամանակ արքան առաւօտեան լուսաբացին ելաւ, շտապ եկաւ առիւծների գուբը 20 եւ, երբ մօտեցաւ գբին, բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, կենդանի Աստծու ծառա՛յ, քո Աստուածը, որին դու յաճախ աղօթում էիր, կարողացա՞ւ արդեօք քեզ փրկել առիւծների բերանից»: 21 Եւ Դանիէլը ասաց արքային. «Արքա՛յ, թող կեանքդ յաւիտեան լինի. 22 իմ Աստուածն ուղարկեց իր Հրեշտակին եւ փակեց այս առիւծների բերանները, եւ նրանք չյօշոտեցին ինձ, որովհետեւ ես արդար գտնուեցի նրա առաջ, իսկ քո հանդէպ, արքա՛յ, ոչ մի մեղք չեմ գործել»: 23 Այն ժամանակ թագաւորը ներքնապէս ուրախացաւ, հրամայեց, որ Դանիէլին հանեն գբից: Դանիէլը հանուեց այդ գբից, եւ վէրք բոլորովին չգտնուեց նրա վրայ, որովհետեւ նա հաւատաց իր Աստծուն: 24 Թագաւորը հրամայեց, եւ բերեցին Դանիէլի դէմ չարախօսող մարդկանց, եւ նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցուեցին առիւծների գուբը. դեռ գբի յատակին չէին հասել, երբ առիւծները յափշտակեցին նրանց եւ մանրեցին նրանց բոլոր ոսկորները: 25 Այն ժամանակ Դարեհ արքան հետեւեալը գրեց բոլոր ազգերի, ժողովուրդների եւ լեզուների մարդկանց, որ բնակւում էին ամբողջ աշխարհում. 26 «Թող շատանայ ձեր խաղաղութիւնը. իմ կողմից արուեց այս հրամանը իմ թագաւորութեան բոլոր իշխանութիւններին, որպէսզի երկնչեն եւ դողան Դանիէլի Աստծուց, որովհետեւ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան. նրա արքայութիւնը չի կործանուի, եւ նրա տէրութիւնը կը մնայ մինչեւ վերջ: 27 Նա է, որ օգնական է լինում եւ փրկում, հրաշքներ է գործում երկնքում եւ երկրում, նա է, որ Դանիէլին փրկեց առիւծների բերանից»: 28 Եւ Դանիէլը յաջողութիւն էր գտնում Դարեհի եւ պարսիկ Կիւրոսի թագաւորութեան մէջ:

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

12 Գալով հոգեւոր շնորհներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ չգիտենաք։ 2Գիտէք, որ, մինչ հեթանոսներ էիք, ինչպէ՜ս էիք գնում-գալիս անխօս կուռքերի մօտ։ 3Ուստի յայտնում եմ ձեզ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խօսում, չի ասի, թէ՝ «Նզովեալ է Յիսուս». եւ ոչ ոք չի կարող ասել՝ «Յիսուս Տէր է», եթէ ոչ՝ Սուրբ Հոգով։ 4Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է։ 5Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում։ 6Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամենքի մէջ։ 7Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են