Материалы

Դեկտեմբերի 23 ՇԲ. ԲՁ. Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Բ Թագաւորաց 5.1-10։ Գ Թագաւորաց 2.1-11։ Եզեկիէլ 34.23-27։ Յակոբոս 1.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 22.41-46։

Բ Թագաւորաց

5 Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն, Դաւթի մօտ, ու խօսելով նրա հետ՝ ասացին. 2«Մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։ Անցեալում, երբ Սաւուղը մեր թագաւորն էր, դու էիր իսրայէլացիներին առաջնորդողը եւ ի մի հաւաքողը։ Տէրը քեզ ասաց. «Դու պիտի հովուես Իսրայէլի իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայէլի առաջնորդը»»։ 3Իսրայէլի բոլոր ծերերը եկան Քեբրոն, արքայի մօտ, եւ Դաւիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում, Տիրոջ առջեւ։ Նրանք Դաւթին թագաւոր օծեցին ամբողջ Իսրայէլի վրայ։ 4Դաւիթը երեսուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քառասուն տարի թագաւորեց. 5եօթը տարի վեց ամիս թագաւորեց Քեբրոնում Յուդայի երկրի վրայ եւ երեսուներեք տարի Երուսաղէմում՝ ամբողջ Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ։ 6Դաւիթն իր զօրքով գնաց Երուսաղէմ, այդ երկրում բնակուող յեբուսացիների դէմ։ Դաւթին ասացին, թէ՝ «Դու այստեղ չես մտնի, քանզի կոյրերն ու կաղերը քեզ դէմ են կանգնել եւ ասում են. «Դաւիթն այստեղ թող չմտնի»»։ 7Դաւիթը գրաւեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դաւթի քաղաքն է։ 8Այդ օրը Դաւիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել յեբուսացիներին, թող սրով յարձակուի կաղերի, կոյրերի եւ Դաւթի անձն ատողների վրայ»։ Դրա համար է, որ ասում են. «Կոյրերն ու կաղերը չպէտք է մտնեն Տիրոջ տունը»։ 9Դաւիթն ապրեց ամրոցում, եւ այն կոչուեց Դաւթի քաղաք։ Նա շուրջանակի, ծայրից ծայր քաղաք շինեց եւ իր համար էլ տուն կառուցեց։ 10Դաւիթը գնալով հզօրանում էր, եւ ամենակալ Տէրը նրա հետ էր։

Գ Թագաւորաց

2 Երբ մօտեցան Դաւթի մահուան օրերը, նա դիմելով իր որդի Սողոմոնին՝ ասաց. 2«Ըստ այս աշխարհի կարգի, ես անցայ իմ կեանքի ճամփան։ Դու զօրացի՛ր, տղամարդ եղի՛ր, 3պահի՛ր քո Տէր Աստծու հրամանները՝ գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատուիրանները, նրա օրէնքները, նրա հրամաններն ու նրա վկայութիւնները ըստ Մովսէսի Օրէնքների գրքի, որ, ինչ էլ անես, նկատի ունենաս այն ամէնը, որ պատուիրել եմ քեզ։ 4Եւ Տէրը կ՚իրագործի իր խօսքը, որ ասաց իմ մասին, թէ՝ «Եթէ քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը եւ իրենց ամբողջ սրտով ու հոգով հաւատարմութեամբ գնան իմ առջեւից, ապա մարդ չի պակասի Իսրայէլի գահի վրայից»։ 5Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետերին՝ Ներէի որդի Աբեններին եւ Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակուայ պէս արիւն թափեց, իր կեանքում անպարտ արիւն թափեց՝ ներկելով իր մէջքն ու կօշիկները։ 6Գործի՛ր ըստ քո իմաստնութեան եւ նրա ալեւոր մազերը խաղաղութեամբ մի՛ իջեցրու դժոխք։ 7Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն, որովհետեւ նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։ 8Ահա քեզ հետ է բաւուրիմացի Յեմինի որդի Գերայի որդի Սեմէին։ Սա ինձ ծանր անէծքներով անիծել է այն օրը, երբ գնում էի իմ բանակատեղին։ Նա Յորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկաւ, եւ ես Տիրոջ անունով երդուելով՝ նրան ասացի. «Քեզ սրով չեմ սպանի»։ 9Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թէ ինչ պէտք է անես նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»։ 10Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում։ 11Դաւիթն Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. Քեբրոնում թագաւորել էր եօթը տարի, իսկ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի։

Եզեկիէլ

23Դատելու եմ խոյ առ խոյ ու նրանց վրայ մի հովիւ եմ կարգելու՝ իմ ծառայ Դաւթին, եւ նա հովուելու է նրանց։ Նա է նրանց համար հովիւ լինելու, իսկ ես՝ Տէրս, լինելու եմ նրանց Աստուածը, 24եւ իմ ծառայ Դաւիթն էլ՝ իշխան նրանց մէջ։ Սա ես՝ Տէրս խօսեցի։ 25Դաւթի հետ խաղաղութեան դաշինք եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից։ Եւ իմ հօտերը ապահով բնակուելու են անապատում եւ ննջելու են անտառներում։ 26Իմ լերան շուրջը նրանց օրհնութիւն եմ տալու, ձեզ էլ անձրեւ եմ տալու. եւ անձրեւներն օրհնաբեր են լինելու։ 27Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զօրութիւնը։ Իրենց երկրներում նրանք խաղաղ ու ապահով են բնակուելու։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ խորտակեմ նրանց վզի լուծը։ Փրկելու եմ նրանց իրենց ստրկացնողների ձեռքից,

Յակոբոս

1 Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։ 2Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։ 5Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի։ 6Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ 7Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։ 9Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, 10իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը. 11որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ։ 12Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

41Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42«Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան ասացին՝ Դաւթի։ 43Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44«Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»։ 45Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 46Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ։ Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են