Материалы

Փետրվարի 25 Ուր. ԴԿ. Պահք

Տիտոս 3.1‐15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 8.21‐30

Տիտոս

3 Յիշեցրո՛ւ նրանց, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդուեն եւ հպատակուեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն. 2ոչ ոքի չչարախօսեն, չլինեն կռուարար, այլ՝ հեզահամբոյր, բոլոր մարդկանց հանդէպ քաղցրութեամբ վերաբերուեն. 3որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորուած, ծառայում էինք ցանկութիւնների եւ պէսպէս անառակութիւնների. չարութեամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմեանց։ 4Իսկ երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեց, – 5ոչ այն արդարութեան գործերի համար, որ մենք արեցինք, այլ իր ողորմութեան համաձայն, – փրկեց մեզ վերստին ծննդեան աւազանի միջոցով եւ նորոգութեամբ Սուրբ Հոգու, 6որ Աստուած թափեց մեր վրայ առատութեամբ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, 7որպէսզի, նրա շնորհով արդարացուած, ժառանգներ լինենք յաւիտենական կեանքի յոյսով։ 8Ճիշտ է այս խօսքը, եւ ուզում եմ, որ դու հաստա՛տ մնաս սրանում, որպէսզի Աստծուն հաւատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, քանի որ ա՛յդ է բարի եւ օգտակար՝ մարդկանց համար։ 9Բայց հեռո՛ւ վանիր յիմար վէճերը, տոհմաբանութիւնները, հակաճառութիւններն ու օրէնքի շուրջ եղող կռիւները, որովհետեւ դրանք անօգուտ են եւ սնոտի։ 10Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ. 11իմացի՛ր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն։ 12Երբ քեզ մօտ ուղարկեմ Արտեմասին կամ Տիւքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մօտ Նիկոպոլիս, քանի որ մտադիր եմ այնտեղ ձմեռել։ 13Օրէնսգէտ Զենոնին եւ Ապողոսին շուտով ճանապարհի՛ր, այնպէս որ նրանք ոչ մի բանի պակասը չզգան։ 14Եւ մերոնք էլ թող սովորեն հետամուտ լինել բարի գործերի, կարեւոր պէտքերի մէջ, որպէսզի անպտուղ չլինեն։ 15Ողջունում են քեզ բոլոր նրանք, որ ինձ հետ են։ Ողջունի՛ր հաւատի մէջ մեզ սիրողներին։ Շնո՜րհ՝ ձեզ բոլորիդ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

21Յիսուս դարձեալ նրանց ասաց. «Ես գնում եմ, եւ դուք ինձ կը փնտռէք եւ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք, քանի որ, ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 22Հրեաները ասացին. «Միթէ անձնասպանութեա՞ն կը դիմի, քանի որ ասում է, թէ՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 23Եւ նրանց ասաց. «Դուք այս ներքեւից էք, իսկ ես՝ այն վերեւից. դուք այս աշխարհից էք, ես այս աշխարհից չեմ։ 24Բայց ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք. արդարեւ, եթէ չհաւատաք, որ ես եմ, կը մեռնէք ձեր մեղքերի մէջ»։ 25Նրան ասացին՝ ո՞վ ես դու։ Յիսուս նրանց ասաց. «Նա, որ սկզբից եւեթ խօսում էր ձեզ հետ։ 26Շատ բաներ ունեմ ձեր մասին խօսելու եւ դատելու։ Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. եւ ես, ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խօսում աշխարհում»։ 27Եւ նրանք չիմացան, թէ Հօր մասին էր ասում իրենց։ 28Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, թէ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում։ 29Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետեւ ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»։ 30Երբ այս բաները խօսեց, շատերը հաւատացին նրան։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են