9Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքինու որն է քո պատուիրաններին համապատասխան։ 10Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ, 11քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կ՚առաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կը պահպանի ինձ, 12իմ գործերն ընդունելի կը լինեն, ես արդարութեամբ կը դատեմ քո ժողովրդինեւ արժանի կը լինեմ իմ հօր գահին։
Եսայի
15Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես։ 16Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի սրբով։ 17Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին։ Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կը լսեմ նրանց եւ չեմ լքի նրանց։ 18Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կը վերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների։ 19Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կ՚աճեցնեմ:
Բ Կորնթացիներ
14Արդ, գոհութիւն Աստծու, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, 15քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. 16ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք։ Եւ ո՞վ է կարող այս բանն անել. 17քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
13Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց եւ առաքեալներ անուանեց. 14Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, եւ Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16Յակոբի որդի Յուդային եւ Իսկարիովտացի Յուդային, որը եւ մատնիչ եղաւ։ 17Եւ նրանց հետ միասին իջաւ մի տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը եւ ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէմից եւ այն կողմերից եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18շատ մեծ բազմութիւն եկել էր լսելու նրան եւ բժշկուելու իրենց հիւանդութիւններից։ Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին։ 19Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետեւ նրանից մեծ զօրութիւն էր դուրս գալիս եւ բժշկում բոլորին։ 20Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց.
– Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծու արքայութիւնը ձերն է: