Материалы

Դեկտեմբերի 28 Եշ. ԴԿ. Սրբոց որդւոցն Որոտման` Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին

Իմաստութիւն Սողոմոնի 7.21-24։ Երեմիա 16.16-21։ Գործք 12.1-11։ Յակոբոս 1.1-10։ Ա Յովհաննէս 1.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 21.20-25։

Իմաստութիւն Սողոմոնի

21Ես իմացայ այն ամէնը, ինչ ծածուկ էր կամ բացայայտ, որովհետեւ իմաստութիւնը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ։ 22Նրա մէջ կայ բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դիւրաշարժ, պարզ, անարատ, յայտնի, անվրէպ, բարեսէր, արագ, անարգել, բարերար, 23մարդասէր, հաստատուն, զգուշաւոր, անհոգ, ամենազօր, ամենահայեաց եւ կարող՝ թափանցելու մտաւոր, մաքուր եւ նրբին բոլոր բաների մէջ։ 24Արդարեւ, իմաստութիւնն աւելի շարժուն է բոլոր շարժումներից եւ իր յստակութեան պատճառով թափանցում եւ անցնում է ամէն ինչից ներս։

Երեմիա

16Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ։ 17Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»։ 18Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։ 19Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»։ 20«Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը, ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը, ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»։

Գործք

12 Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին 2եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց։ 3Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց։ Բաղարջակերաց օրերն էին. 4երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ։ 5Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած։ 6Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին։ 7Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ, կանգնեց մօտը, ու մի լոյս ծագեց այդ տեղի վրայ։ Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»։ Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից։ 8Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափները ոտքերդ գցի՛ր»։ Եւ նա այնպէս արեց։ Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրադ գցի՛ր եւ արի՛ իմ յետեւից»։ 9Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, թէ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում։ 10Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք։ Դուռը իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. եւ, մի փողոց մտնելով, անցան նրա միջով. ապա հրեշտակը իսկոյն նրանից հեռացաւ։ 11Երբ Պետրոսը ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողվրդի ամէն ակնկալութիւնից»։

Յակոբոս

1 Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։ 2Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։ 5Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի։ 6Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ 7Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ:

Ա Յովհաննէս

1 Խօսում ենք Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։ 2Նա նոյն ինքը կեանք էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ։ 3Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք Նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ։ 4Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։ 5Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ։ 6Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում։ 7Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

20Այս ասաց, նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն։ Եւ երբ այս ասաց, աւելացրեց՝ արի՛ իմ յետեւից։ 21Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ 22Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի»։ 23Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»։ 24Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Յիսուս նրան չասաց, թէ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչեւ որ ես գամ։ 25Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են