Материалы

Հունվարի 29 † Կիր. ԴԿ. Գ կիր. զկնի Ս. Ծննդեան

Եսայու մարգարէութիւն 61.10-62.9: Բ Տիմոթէոս 2.15-26: Ավետարան ըստ Հովհաննեսի 6.15-21:

ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ

10 Ես պիտի հրճուեմ Տիրոջով,
որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց,
որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին
եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով:
11 Ինչպէս երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները,
եւ ինչպէս պարտէզը, որ ծլեցնում է իր սերմերը,
այնպէս էլ Տէրն է ի յայտ բերելու
իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ:
62
1 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի,
մինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս,
եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ:
2 Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը,
թագաւորները՝ քո փառքը,
եւ դու նոր անունով ես կոչուելու,
որ Տէրն է անուանելու:
3 Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս
եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ:
4 Այլեւս չես կոչուելու Լքեալ,
ոչ էլ քո երկիրն է կոչուելու Աւերակ:
Քեզ պիտի կոչեն՝ Իմ կամքը,
իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն,
որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ,
եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի:
5 Ինչպէս որ երիտասարդն է ամուսնանում կոյսի հետ,
այնպէս էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ,
եւ ինչպէս որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար,
այնպէս էլ Տէրն է ուրախ լինելու քեզ համար:
6 Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ,
ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ,
որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը:
7 Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի
եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ:
8 Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ,
որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը,
եւ օտարների որդիները չեն խմի քո գինին,
որի համար դու ջանք թափեցիր,
9 այլ ովքեր այդ ամբարեցին՝
նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը,
եւ ովքեր այդ հաւաքեցին՝
նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում:

Բ Տիմոթէոս

15 Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած, որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող: 16 Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, 17 եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում: Նրանց թւում են Հիմենոսը եւ Փիղետոսը, 18 որոնք շեղուեցին ճշմարտութիւնից եւ ասում են, թէ մեռելների յարութիւնը արդէն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հաւատը: 19 Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թէ՝ «Տէրը ճանաչեց նրանց, որ իրն են» 1181. նաեւ՝ «Անիրաւութիւնից հեռու լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը»: 20 Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ: Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են: 21 Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կը լինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար: 22 Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով: 23 Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացի՛ր, որ դրանցից կռիւներ են ծնւում: 24 Այսպէս ուրեմն՝ Տիրոջ ծառան պէտք չէ որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝ 25 հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը 26 եւ զգաստանալով՝ ազատուեն Սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով:

Ավետարան ըստ Հովհաննեսի

15 Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»:

16 «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: 17 Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, 18 որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»:

19 «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, 20 այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. 21 քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են