Материалы

Դեկտեմբերի 29 Ուր. ԱՁ. Պահք

Եբրայեցիներ 6.9-7.10: Ավետարան ըստ Ղուկասի 19.1-10:

Եբրայեցիներ

9 Սիրելինե՛ր, թէպէտեւ այսպէս եմ խօսում, բայց վստահ եմ ձեր վրայ, որ լաւագոյն ուղու վրայ էք, մանաւանդ որ այն առաջնորդում է փրկութեանը: 10 Անարդար չէ Աստուած, որ մոռանայ ձեր գործերը եւ սէրը, որ ցոյց տուեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին եւ ծառայում էք մինչեւ այժմ: 11 Եւ մենք ցանկանում ենք, որ ձեզնից իւրաքանչիւրը նոյն փութաջանութիւնը ցուցաբերի, որպէսզի հաստատ մնայ ձեր յոյսը մինչեւ վերջ: 12 Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանուէք նրանց, որ հաւատով եւ համբերութեամբ ժառանգեցին խոստումները:

13 Երբ Աստուած Աբրահամին իր խոստումը տուեց, – քանի որ չկար աւելի մեծ մէկը, որ նրանով երդուէր, – 14 նա ինքն իր վրայ երդուեց եւ ասաց.
«Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ
եւ բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ» 1201:
15 Եւ այսպէս, համբերատար լինելով, Աբրահամը հասաւ խոստմանը: 16 Արդարեւ, մարդիկ երդւում են նրանով, ով մեծ է իրենցից. եւ նրանց մէջ եղած ամէն հակառակութեան վերջնական վճիռը երդումն է:
17 Ահա թէ ինչու Աստուած, կամենալով առաւել եւս ցոյց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը, 18 որպէսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցոյց են տալիս, թէ անհնար է, որ Աստուած սուտ խօսած լինի, մենք հաստատուն մխիթարութիւն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու հանդերձեալ յոյսից, 19 որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար. յոյս, որ թափանցում է վարագոյրից այն կողմ, 20 ուր մեր նախակարապետը՝ Յիսուս, մտաւ մեզ համար՝ լինելով յաւիտենական Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի:

7 ՄԵԼՔԻՍԵԴԵԿ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ
1 Քանզի այս Մելքիսեդեկը թագաւոր էր Սաղեմի, բարձրեալ Աստծու քահանայ, որ Աբրահամին ընդառաջ ելաւ, երբ նա վերադառնում էր թագաւորների կոտորածից, եւ օրհնեց նրան. 2 եւ Աբրահամը ամէն ինչից տասանորդներ տուեց նրան. «Մելքիսեդեկ» նախ թարգմանւում է՝ արդարութեան թագաւոր, ապա՝ թագաւոր Սաղեմի, այսինքն՝ թագաւոր խաղաղութեան: 3 Նա անհայր, անմայր էր, առանց ազգատոհմի. ո՛չ օրերի սկիզբ ունէր եւ ո՛չ կեանքի վախճան. նմանուելով Աստծու Որդուն՝ նա կայ ու մնում է մշտնջենապէս քահանայ:
4 Արդ, տեսէ՛ք, թէ ինչպիսի մէկն էր սա, որին Աբրահամ նահապետն էլ տասանորդներ տուեց աւարից: 5 Եւ Ղեւիի զաւակներից նրանք, որ քահանայութիւն են ստանում, իրաւունք ունեն, ըստ օրէնքի, տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թէկուզ եւ վերջիններս Աբրահամի զաւակներ լինեն: 6 Իսկ նրանց ազգատոհմից չհամարուածը տասանորդ վերցրեց Աբրահամից եւ օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը: 7 Արդ, ամէն հակաճառութիւնից վեր է այն, որ օրհնողն աւելի բարձր է, քան օրհնուողը:
8 Եւ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդներ առնում, բայց այնտեղ՝ նա, ով վկայում է, թէ կենդանի է: 9 Եւ ինչպէս խօսքի կարգ է ասել, Ղեւին իսկ, որ տասանորդներ էր առնում, Աբրահամի միջոցով տասանորդ տալու ենթարկուեց, 10 որովհետեւ նա դեռ իր հօր կողում էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելաւ:

Ավետարան ըստ Ղուկասի

1 Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր: 2 Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3 ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր: 4 Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու: 5 Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»: 6 Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ: 7 Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու: 8 Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»: 9 Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, 10 որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են