Материалы

Օգոստոսի 3 Գշ. ԱԿ. Սրբոցն Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

ԱՌԱԿՆԵՐ. 1.20-25: ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ 55.10-13: ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 15.30-33: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32-40:

ԱՌԱԿՆԵՐ

20 Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ,
բարձր ձայնով հռչակւում հրապարակներում,
21 քարոզւում պարիսպների գլխից,
ազդարարւում հզօրների դռների առջեւ
եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ:
22 Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կը լինեն արդարութեան,
չեն ամաչելու:
Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում
եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը,
պիտի դատապարտուեն յանդիմանութեան:
23 Ահաւասիկ ես ձեր առջեւ կը բացեմ իմ հոգու պատգամները
եւ իմ խօսքերը կը սովորեցնեմ ձեզ.
24 որովհետեւ ես կանչում էի, բայց դուք չէիք լսում,
երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ,
25 այլեւ զանց էիք առնում իմ խորհուրդները
եւ չէիք ուզում անսալ իմ յանդիմանութիւններին:

ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ

10 Ինչպէս որ, ասենք, երբ անձրեւ կամ ձիւն է իջնում երկնքից
եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը,
չի ծլեցրել ու պտղաբերել այն,
սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տուել,
11 այդպէս էլ պիտի լինի իմ խօսքը, որ ելնում է իմ բերանից.
նա դատարկ չի վերադառնալու,
մինչեւ որ չկատարի այն,
ինչ կամենում եմ ես:
Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները,
որպէսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես:
12 Ուրախութեամբ պիտի ելնէք եւ ցնծութեամբ պիտի սովորէք.
լեռներն ու բլուրները պիտի խայտան,
խնդութեամբ ընդունեն ձեզ,
եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ:
13 Գիհու փոխարէն նոճի պիտի բուսնի,
դժնիկի փոխարէն մրտենի պիտի աճի.
եւ դա պիտի լինի յանուն Տիրոջ
եւ ի նշան յաւիտենականութեան ու չի նուազելու»:

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ

30 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսով եւ Հոգու սիրով՝ մարտակից լինել ինձ, ինձ համար Աստծուն ուղղուած աղօթքների մէջ, 31 որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնը ընդունելի լինի սրբերին. 32 այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծու կամքով, հանգստանամ ձեզ հետ: 33 Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ: Ամէն:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

32 «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»:

35 «Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են