Առակներ 11.30‐12.4։ Օսէէ 14.6‐9։ Բ Կորնթացիներ 4.6‐14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2‐10։
Առակներ
30Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։ 31Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։
12 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։ 2լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։ 3Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն։ 4Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։
Օսէէ
6Ես ցօղ կը դառնամ Իսրայէլի համար, նա կը ծաղկի ինչպէս շուշան եւ իր արմատները կը կը տարածի ինչպէս լիբանոսը։ Կ՚ընդարձակուեն նրա ճիւղերը, 7նա կը դառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կը բուրի ինչպէս կնդրուկի բոյր։ 8Կը դառնան եւ կը նստեն նրա յարկի տակ, կ՚ապրեն եւ ապահով կը լինեն ցորենով, նա կը բողբոջի ինչպէս որթատունկ, 9եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար։ Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կը զօրացնեմ նրան. ես նման եմ պտղառատ այգու, ինձանից է քո պտուղը»։
2 Կորնթացիներ
6որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից։ 7Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։ 8Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, 9հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած։ 10Ամէն ժամ մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ։ 12Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ։ 13Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»։ Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք։ 14Այս գիտենք, թէ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կը տայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կը կանգնեցնի իր առաջ:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք: Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից: 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ: 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»:
8 «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ: 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի: 10 Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի: