Материалы

Ապրիլի 3 Դշ. ԲԿ.Դ օր Ս. Զատկի

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3․22-4․12։ Յակոբոս 1․1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 24․36-40

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

22Մովսէսը մեր հայրերին ասաց. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսէք ամէն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի. 23եւ ամէն մարդ, որ այդ մարգարէին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջուի»։ 24Եւ Սամուէլից սկսած՝ բոլոր մարգարէներն էլ, որ խօսեցին, պատմեցին նաեւ այս օրերի մասին։ 25Դուք էք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնուեն»։ 26Աստուած նախ ձեզ համար յարութիւն տուեց իր Որդուն եւ ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ իւրաքանչիւրիդ յետ դարձնելու համար ձեր չար գործերից»։
4 Եւ մինչ նրանք խօսքն ուղղում էին ժողովրդին, նրանց վրայ հասան քահանաները եւ տաճարի իշխանաւորներն ու սադուկեցիները, 2զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում էին եւ, յանձին Յիսուսի, մեռելների յարութեան մասին էին պատմում։ 3Նրանց ձերբակալեցին եւ բանտարկեցին մինչեւ յաջորդ օրը, որովհետեւ երեկոյեան դէմ էր։ 4Իսկ խօսքը լսողներից շատերը հաւատացին, եւ հաւատացեալների թիւը հասաւ շուրջ հինգ հազարի։ 5Յաջորդ օրը Երուսաղէմում հաւաքուեցին նրանց իշխանաւորները, երէցներն ու օրէնսգէտները, 6Աննա քահանայապետը եւ Կայիափան, Յովհաննէսը, Ալեքսանդրոսը եւ բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։ 7Եւ առաքեալներին մէջտեղ կանգնեցնելով՝ հարցաքննում էին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ո՞ւմ անունով արեցիք դուք այդ բժշկութիւնը»։ 8Այն ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցուած, ասաց նրանց. «Ո՛վ իշխանաւորներ ժողովրդի եւ երէցնե՛ր Իսրայէլի, 9օրինաւո՞ր բան է այսօր դատել մեզ մի տկար մարդու հանդէպ եղած բարիքի համար, թէ ինչո՛վ նա բժշկուեց։ 10Թող յայտնի լինի ձեզ բոլորիդ եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։ 11«Սա՛ է այն վէմը, ձեզնից՝ շինողներիցդ անարգուած,որ անկիւնաքար եղաւ»։ 12Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք»։

Յակոբոս

1 Յակոբոսը՝ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառան, սփիւռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜յն։ 2Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի՛ համարեցէք, երբ տեսակ-տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. 3իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում, 4իսկ համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք։ 5Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, – որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, – եւ նրան կը տրուի։ 6Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ 7Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, 8քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։ 9Աղքատ եղբայրը թող պարծենայ, երբ Աստուած բարձրացնում է իրեն, 10իսկ հարուստը թող պարծենայ, երբ Աստուած խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստութիւնը պիտի անցնի ինչպէս խոտածաղիկը. 11որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկաւ, ու նրա վայելուչ տեսքը կորաւ. նոյնպէս եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ։ 12Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

36Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»։ 37Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում։ 38Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. 39տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքն ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք, 40ես ունեմ»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են