Материалы

Հունվարի 31 Բշ. ԲՁ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Առակներ 29.2-7, Բ Մակաբայեցիներ 6.18-7.41, Եբրայեցիներ 11.32-40, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20։

Առակներ

2Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ։ 3Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը։ 4Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն։ 5Ով կռիւ է փնտռում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար։ 6Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կը լարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ։ 7Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի։

Բ Մակաբայեցիներ

18Կար Եղիազար անունով ծերացած, գեղեցիկ դէմքով մի մարդ, որը օրէնսգէտների խմբի մէջ առաջիններից մէկն էր։ Նրա բերանին գելոց դնելով ստիպեցին խոզի միս ուտել։ 19Նա որոշեց յամառել, սրտապնդուել, գերադասեց քաջի անունով մահ ընդունել, քան ապրել խղճի խայթով ու պախարակուել ընկերներից։ Նա նախընտրեց ինքնակամ տանջանքի մատնուել, համարձակուեց թքել, անարգել նրանց պաշտամունքները, 20ինչպէս վայել է կեանքի հաճոյքներից բացայայտ կերպով հրաժարուած մարդուն։ 21Նրանք, ովքեր իրենց տկարամտութեան պատճառով եկել էին ծիսական զոհեր մատուցելու եւ ծանօթ էին այդ ծեր մարդուն, մի կողմ տարան նրան ու աշխատում էին վայելքների հրապոյրներով յետ կանգնեցնել նրան իր հաստատ որոշումից։ «Ենթարկուի՛ր, — ասում էին, — թագաւորի հրամանին, 22քեզ ուրիշ միս կը տանք, որպէսզի կասկածները փարատես եւ մահուանից ազատուես»։ 23Նա, ինչպէս վայել էր ծերունական իր հասակի վեհութեանն ու իմաստութեանը, իր տարիքին, պատկառելի արտաքինին, փառահեղ սպիտակ մազերին, մանկուց ստացած կրթութեանը, մանաւանդ առաւել եւս ինչպէս վայել էր աստուածադիր սուրբ օրէնքներին հաւատարիմ մարդուն, ոգեշնչուած, տեղը տեղին եւ անմիջապէս պատասխան տալով՝ ասաց. 24«Ո՛չ արժան է, ո՛չ էլ պատշաճ, որ այս տարիքի հասած մարդը կեղծաւորութիւն անելով մտնի սուրբ դատաստան։ Կարող են շատ երիտասարդներ խէթ նայել ինձ վրայ, մտքում կասկածել ու ասել. «Եղիազարը իննսուն տարեկան հասակում, հասնելով մահուան դուռը. դաւանափոխ եղաւ»։ 25Նրանք իմ պատճառով կեղծաւորութեամբ կը գայթակղուեն։ Ես խղճի խայթ կ՚ունենամ եւ աշխարհում վատ ծերունու անուն կը թողնեմ։ 26Արդ, եթէ ինձ նոյնքան կեանք շնորհեն, եւ ես այլեւս մարդկանց ձեռքը չընկնեմ, ապա թէ՛ կենդանութեանս օրօք եւ թէ՛ իմ կենդանութիւնից յետոյ ես չեմ կարող խուսափել մշտնջենաւոր Աստծու ձեռքից։ 27Դրա համար էլ քաջութեամբ կը հեռանամ այս աշխարհից, որպէսզի արժանի լինեմ իմ ծերութեանը, 28երիտասարդներին բարութեան ու առաքինութեան օրինակ թողնեմ, որպէսզի նրանք յօժար կամքով ու քաջութեամբ, կեանքի գնով կարողանան պաշտպանել սուրբ օրէնքները»։ Երբ այս խօսքերն ասաց վերջացրեց, ինքնակամ ու սրտանց գնաց տանջանք ու մահ ընդունելու։ 29Նրանք, ովքեր նրա շուրջը գտնուելով՝ կարեկցում էին նրան, սկսեցին նրա մխիթարանքի խօսքերը թշնամաբար ընդունել, նրա իմաստուն խորհուրդները մոլորութիւն համարել, աշխատում էին արագացնել նրա տանջանքները։ 30Երբ կտտանքներ կրելով նա մօտ էր իր վախճանին, հեծեծելով բաց արեց իր բերանը, սկսեց խօսել Տիրոջ՝ սուրբ խորհուրդներն իմացողի հետ, ու ասաց. «Քեզ յայտնի է, որ իմ ձեռքին էր այս տաժանելի մահուանից ազատուելու կարողութիւնը։ Մարմնով այս խիստ տանջանքներն ընդունելով համբերում եմ, բայց հոգով դրանք հաճելի քաղցրութեամբ եմ ընդունում քո՝ Տիրոջ հանդէպ ունեցած երկիւղի պատճառով»։ 31Ազնիւ մաքառման այսպիսի օրինակ տալով՝ նա հեռացաւ այս աշխարհից։
7 Մի անգամ բռնեցին եօթը եղբայրների իրենց մօր հետ եւ թագաւորի ատեան բերեցին։ Ծեծելով ու խոշտանգելով՝ ստիպում էին նրանց խոզի միս ուտել։ 2Նրանցից մէկը համարձակ առաջ եկաւ, սկսեց խօսել ու ասաց. «Ի՞նչ էք ուզում անել մեզ, ի՞նչ էք ուզում իմանալ մեզնից, մենք պատրաստ ենք մեռնել, բայց ոչ երբեք մեր հայրերի օրէնքներից հրաժարուել»։ 3Թագաւորը լցուեց զայրոյթով. նա հրամայեց տապակներ, կաթսաներ ու անիւներ տաքացնել, տանջանքի զանազան գործիքներ պատրաստել։ Երբ դրանք տեղնուտեղը տաքացրին, 4նա հրամայեց խօսողին առաջ բերել։ Նախ կտրեցին լեզուն, գլխի կաշին շուռ տուեցին դէմքին, յետոյ իր մօր ու եղբայրների առաջ ոտքերն ու ձեռքերը ծայրատեցին։ 5Երբ խօսելու եւ գործելու անկարող դարձրին նրան, հրամայեց ողջ-ողջ նստեցնել տաքացրած տապակի վրայ։ Երբ ճենճերի թանձր ծուխը տապակից սկսեց ելնել ու բարձրանալ, եղբայրներն իրենց մօրն ու միմեանց սկսեցին մխիթարել ու ասել. «Քաջութեամբ մեռնենք եւ անուն ու հոգի ժառանգենք։ 6Տէր Աստուած տեսնում է, թէ ինչպէս ենք չարչարւում մեր այս պայքարում, Նա իր գթասրտութիւնը ցոյց կը տայ իր ծառաների նկատմամբ, ինչպէս իր օրհնութեան մէջ յայտնապէս ասել է Մովսէսը. «Նա կարեկից կը լինի իր ծառաների նկատմամբ»։ 7Երբ եղբայրներից առաջինն այս կերպ հրաժեշտ տուեց աշխարհին, երկրորդին բերեցին տանջանքի վայրը։ Գլխի կաշին մազերով հանդերձ շուռ տուեցին դէմքին ու հարցրին. «Խոզի միս կ՚ուտե՞ս, թէ՞ ամբողջ մարմինդ մաս-մաս կտրտենք»։ 8Նա իրենց մայրենի լեզուով պատասխան տուեց ու ասաց. «Ո՛չ»։ Դրա համար սա նոյնպէս նոյն տանջանքներին ենթարկուելով՝ վախճանուեց։ 9Շունչը փչելուց առաջ նա սկսեց խօսել ու ասաց թագաւորին. «Ա՜յ դու գոռոզ, ինքնահաւան ու ամբարտաւան, դու կարծում ես, թէ մեզ զրկում ես այս աշխարհի կեանքից։ Թէպէտ մենք մեռնում ենք օրէնքի համար, բայց Նա, որ աշխարհի թագաւորն է, յաւիտենական կեանքում երկրորդ ծննդեան ժամանակ մեզ նորից կը պարգեւի։» 10Սրանից յետոյ երրորդին բերեցին։ Ուզում էին լեզուն բռնել, բայց նա ինքն անմիջապէս հանեց այն, քաջաբար մեկնեց նաեւ ձեռքերը, 11այնպէս որ թագաւորն ինքն իսկ զարմացաւ պատանու մտքի ուշիմութեան ու սրտի քաջութեան վրայ, որովհետեւ տեսաւ, որ նա արհամարհում է ցաւերը։ 12Երբ սա մահացաւ, չորրորդին էլ բերելով նոյն տեղը՝ նոյն տանջանքներին մատնեցին։ 13Նախքան հոգին աւանդելը նա այսպէս խօսեց. «Լաւ է, որ հեռանում ենք մարդկանցից, որովհետեւ մենք հաւատում ենք մեռելների յարութեանը՝ երկրորդ ծննդեանը։ Դու թէեւ կենդանի ես մնում, բայց յարութեան չես արժանանայ»։ 14Սրանից յետոյ հինգերորդին բերեցին տանջելու։ Սա աչքերը վեր բարձրացրեց, նայեց թագաւորին, սկսեց խօսել նրա հետ ու ասաց. 15«Դու, որ իշխանութիւն ունես մարդկանց վրայ, ո՜վ մահկանացու, եւ անում ես այն, ինչ կամենում ես, բայց չկարծես, թէ ինչ-ինչ չարագործութիւններով մեր ազգը կը վերացնես, կամ չկարծես, թէ Աստուած կը լքի մեզ։ 16Դու շարունակի՛ր ապրել եւ կը տեսնես այն մեծամեծ հրաշքները, թէ ինչպիսի չարաղէտ պատուհասներով Տէրը պատժելու է քեզ ու քո ազգատոհմը»։ 17Սրանից յետոյ բերեցին վեցերորդին։ Երբ մեռնելու մօտ էր, նա ասաց. «Դու իզուր ես մոլորուել։ Այս փորձանքները մեր գլխին են գալիս մեր մեղքերի համար, որովհետեւ մենք Աստծու առաջ ապշելու աստիճան մեղքեր ենք գործել։ 18Դու, սակայն, երբեք չակնկալես, թէ աստուածամարտ լինելով՝ ողջ եւ առողջ ու անվնաս կը մնաս»։ 19Առաւել եւս բարի յիշատակի էր արժանի սքանչելի մայրը։ Նա Աստծու յոյսին ապաւինելով՝ այսպիսի եօթը որդի էր կորցնում մէկ օրում, նոյն ժամին։ 20Քաջալերուելով նրանցից իւրաքանչիւրով՝ ինքն էլ նրանց էր քաջալերում, մխիթարում իրենց մայրենի լեզուով։ Կին լինելով, բայց հանդէս բերելով տղամարդուն վայել սիրտ ու միտք, 21նա քաջաբար առաջ եկաւ ու ասաց. «Ես չգիտեմ, թէ դուք ինչպէս էք յայտնուել իմ արգանդում։ Ե՛ս չէ, որ ձեզ կեանք ու հոգի եմ պարգեւել եւ ոչ էլ կերպարանք տուել ձեզանից իւրաքանչիւրին, ոչ էլ ձեզ սնել, հասցրել եմ այս հասակին։ Սրանից յետոյ ես ոչինչ իմը չեմ համարում, 22այլ նրան, ով աշխարհի Արարիչն է, ով ստեղծել է մարդկային ծնունդները, ով իր ողորմածութեամբ ու իր գալստեամբ ձեր կեանքն ու հոգին ձեզ պիտի վերադարձնի»։ 23Անտիոքոսը թէեւ նախատինքի այս խօսքերի համար իրեն արհամարհուած զգաց, բայց որովհետեւ դեռեւս իր ձեռքին էր եղբայրներից կրտսերի կեանքը, սկսեց ոչ միայն մխիթարական խօսքեր ասել, այլեւ իրօք երդւում էր, թէ նրան հարստութիւն կը պարգեւի, աւագութեան կը հասցնի, երանելի կը դարձնի երկրում, միայն թէ հրաժարուի իր նախնիների օրէնքից։ Նրան իշխանութիւն կը տայ եւ թագաւորների բարեկամ կը դարձնի։ 24Երբ թագաւորը տեսաւ, որ պատանին երբեք չի հնազանդւում իր խօսքերին, կանչեց մօրը եւ խնդրեց նրան, որ նա պատանուն խորհուրդ տայ, որ սա փրկուի։ 25Երբ շատ ստիպեց, մայրը յանձն առաւ խօսել որդու հետ։ 26Թեքուեց նրա կողմը, սկսեց ծաղրել գոռոզ ու ամբարտաւան թագաւորին ու ասել. «Գթա՛ ինձ, որդեա՛կ իմ, յիշի՛ր, որ քեզ ինն ամիս կրել եմ իմ արգանդում, երեք տարի գրկել, կրծքովս կերակրել եմ քեզ եւ հասցրել այս հասակին։ 27Արդ, աղաչում եմ քեզ, որդեա՛կ, նայի՛ր երկնքին ու երկրին, այդտեղ ապրող արարածներին։ Յիշի՛ր, որ Աստուած նրանց ստեղծել է ոչնչից։ Այդպէս էլ նա մարդկային ցեղն է ստեղծել։ 28Մի՛ զարհուրիր այս դաժան դահճից, այլ արժանի՛ եղիր եղբայրներիդ, գերադասի՛ր մահը, քան թէ աշխարհի կեանքը, որպէսզի մեծ Աստծու ողորմածութեամբ քո այն եղբայրների հետ ընդունեմ քեզ»։ 29Քանի դեռ մայրն այս խրատներն էր տալիս հաստատ մտքով, պատանին սկսեց խօսել ու ասաց. «Ո՞ւմ էք սպասում, ինչո՞ւ էք ուշացնում։ Թագաւորի հրամանին չեմ ենթարկուելու, այլ հնազանդւում եմ Մովսէսի միջոցով մեր հայրերին տրուած օրէնքներին։ 30Իսկ դու, որ ամէն տեսակ չարիքներ ես յօրինում եբրայեցիների համար, չես փրկուի Աստծու ձեռքից, 31որովհետեւ եթէ մեր կենդանի Տէրը մեզ խրատելու համար է պատուհասի ենթարկում, մի փոքր բարկանում մեզ վրայ, 32ապա նորից ողորմածութիւն է հանդէս բերում իր ծառաների նկատմամբ։ 33Իսկ դու, անօրէ՛ն, ապստա՛մբ, պի՛ղծ, վախկո՛տ, քո սնոտի յոյսերով ի զուր ես գոռոզանում Նրա ծառաների վրայ։ 34Դու չես փրկուի ամենագէտ, ամենազօր Աստծու դատաստանից։ 35Այժմ մեր եղբայրները, յանուն յաւիտենական կեանքի, Աստծու կտակարանի ուխտի համար մի քիչ ցաւերին դիմանալով՝ մահ ընդունեցին։ 36Ես էլ, իմ եղբայրներին հաւասար, պատրաստ եմ իմ շունչն ու մարմինը հայրերի օրէնքի համար զոհել։ Յուսով դիմում եմ Աստծուն, որ մեր ամբողջ ազգին քաւութիւն պարգեւի, իսկ քեզ, մեծամեծ տանջանքների ենթարկելով, խոստովանել տայ, որ միայն ինքն է Աստուած, եւ ուրիշ մէկը չկայ։ 37Իմ ու իմ եղբայրների նկատմամբ ցուցաբերած քո բոլոր բարկութիւնները կ՚անցնեն ու կը մոռացուեն»։ 38Եօթը պատանիների այսպիսի քաջասրտութիւնից թագաւորը թեւաթափ եղաւ, դրա համար էլ կրտսերին աւելի խիստ տանջանքների ենթարկեցին։ 39Սակայն նա էլ, իր հաւատարմութեամբ ու անմեղութեամբ Տիրոջն ապաւինելով, հեռացաւ այս աշխարհից։ 40Որդիներից յետոյ երանելի մայրն էլ նոյն ձեւով նահատակուեց։ 41Թէ ինչ կտտանքների ենթարկեցին այս զոհերին, ինչ սաստիկ տանջանքների մատնեցին նրանց, բաւարարուենք այսքանով։

Եբրայեցիներ

32Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, 33որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերաններ, 34հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. 35կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. 36եւ ուրիշներ ենթարկուեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. 37քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ 38(մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ), մոլորուած՝ անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում։ 39Եւ սրանք ամէնքը հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը։ 40Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

17«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, — որ մի նշանախեց է, — Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 19Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի։ 20Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են