Материалы

Դեկտեմբերի 4 Շբ. ԴՁ. † Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.2։ Երեմիա 16.16-19։ Ա Կորնթացիներ 12.26-13.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 9.35-10.7։

Իմաստութիւն Սողոմոնի

13Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ 15Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։ 16Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաներըեւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։ 17Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ 18Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղներըսովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ։
10 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝միայնակ ստեղծեալին։ 2Նա փրկեց նրան իր յանցանքներիցեւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։

Երեմիա

16Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ։ 17Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»։ 18Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։ 19Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»։

Ա Կորնթացիներ

26Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները. եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ 27Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից։ 28Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։ 29Միթէ բոլո՞րն էլ առաքեալներ են. միթէ բոլո՞րն էլ մարգարէներ են. միթէ բոլո՞րն էլ ուսուցանողներ են. միթէ բոլո՞րն էլ զօրութիւններ գործողներ են. 30միթէ բոլո՞րն էլ բժշկելու շնորհ ունեն. միթէ բոլո՞րն էլ լեզուներ են խօսում. միթէ բոլո՞րն էլ թարգմանում են։ 31Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին։ Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ։
13 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ 2Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։ 4Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, 5անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, 6անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. 7ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։ 8Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի. 9քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։ 10Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կ՚անհետանայ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

35Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները։ 36Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն։ 37Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ 38Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։
10 Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն։ 2Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը Անդրէաս, 3Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, 4Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան։ 5Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէք, 6այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ 7Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են