ԵԶԵԿԻԷԼ
16Եօթը օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 17«Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես նրանց։ 18Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի։ Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու։ 19Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, – այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես։
Բ Տիմոթէոս
6Ուստի յիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տուի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրայ, 7որովհետեւ Աստուած մեզ երկչոտութեան ոգի չտուեց, այլ՝ զօրութեան, սիրոյ եւ զգաստութեան։ 8Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը, ոչ էլ ինձ՝ նրա կապեալին. այլ մասնակի՛ց եղիր Աւետարանի համար եղած չարչարանքներին, զօրութեամբ Աստծու, 9որ փրկեց մեզ եւ կոչեց սուրբ կոչումով՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր նախասահմանութեան եւ շնորհի, որ տրուեց մեզ յաւիտենական ժամանակներից առաջ ի Քրիստոս Յիսուս, 10բայց յայտնուեց այժմ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի երեւալով. նա, որ կործանեց մահը եւ լուսաւոր դարձրեց կեանքն ու անմահութիւնը Աւետարանի միջոցով, 11Աւետարան, որին քարոզիչ կարգուեցի ես եւ առաքեալ ու վարդապետ հեթանոսների։ 12Ահա թէ ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամօթ չեմ համարում, քանզի գիտեմ, թէ ո՛ւմ եմ հաւատացել եւ վստահ եմ, որ նա կարո՛ղ է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։ 13Որպէս օրինակ ունեցիր այն ողջամիտ խօսքերը, որոնք ինձնից լսեցիր՝ այն հաւատով եւ սիրով, որ ունեն Քրիստոս Յիսուսին միանալով հաւատացողները։ 14Պահի՛ր բարի աւանդը մեր մէջ բնակուող Սուրբ Հոգու միջոցով։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
16Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, եւ ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, եւ ով որ ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, եւ ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։ 17Եօթանասուներկուսը վերադարձան խնդութեամբ եւ ասացին. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում քո անունով»։ 18Եւ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային երկնքից ընկնելիս, ինչպէս փայլակը։ 19Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու։ 20Բայց մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»։