Материалы

Սեպտեմբերի 5 Բշ. ԳԿ. Ա օր Ս. Խաչի պահոց

Բ Կորնթացիներ 8.1-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 8.1-9։

Բ Կորնթացիներ

 1 Եղբայրնե՛ր, ձեզ ցոյց եմ տալիս Աստծու այն շնորհը, որ տրուած է Մակեդոնիայի եկեղեցիներին. 2 որովհետեւ, հակառակ իրենց կրած նեղութեանն ու մեծ փորձութեանը, նրանց ուրախութիւնն անսահման եղաւ, եւ իրենց ծանր աղքատութեան մէջ նրանք մեծ առատաձեռնութիւն ցուցաբերեցին. 3 քանզի իրենց կարողութեան համեմատ եւ նոյնիսկ իրենց կարողութիւնից էլ աւելի յօժար կամքով իրենց տուածի մասին եմ վկայում. 4 բազում աղաչանքներով աղաչում էին, որ մեզ տան այն ընծաները եւ պաշտօնի մասնակցութիւնը, որ սրբերի համար է: 5 Եւ ոչ միայն այնչափ, որչափ ակնկալում էինք, այլ իրենք իրենց եւս նուիրեցին՝ նախ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստծու կամքով: 6 Աղաչեցինք Տիտոսին, որ, ինչպէս սկսել էր աւելի առաջ, նոյն ձեւով եւ աւարտին հասցնի ձեր մէջ այդ շնորհը եւս: 7 Եւ ինչպէս ամէն ինչում հարուստ էք հաւատով, խօսքով, գիտութեամբ, ամենայն փութաջանութեամբ եւ այն սիրով, որ կայ ձեր մէջ մեր հանդէպ, նայեցէք, որ այդ շնորհի մէջ էլ հարուստ լինէք: 8 Հրաման տալով չէ, որ ասում եմ, այլ ուրիշների փութաջանութիւնը տեսնելով՝ ձեր սիրոյ անկեղծութիւնն եմ փորձում, 9 քանզի գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, նա, որ հարուստ էր, որպէսզի դուք նրա աղքատութեամբ հարստանաք: 10 Եւ այս բանի վրայ մի խրատ եմ տալիս, քանի որ դա ձեր օգտի համար է. դուք, որ առաջինը սկսեցիք ոչ միայն անել այդ գործը, այլեւ այն կամենալ դեռեւս անցեալ տարուանից: 11 Բայց արդ, աւարտի՛ն հասցրէք այն, որովհետեւ ինչպիսի յօժար կամքով որ սկսեցիք, կատարեցէ՛ք այն ձեր ունեցուածքի չափով. 12 քանզի, եթէ առաջուց յօժարութիւնը կայ, տրուածը ընդունելի է ըստ տուողի ունեցածի եւ ոչ թէ ըստ չունեցածի. 13 ոչ թէ ուրիշներին հանգստութիւն եմ կամենում, իսկ ձեզ՝ նեղութիւն, այլ թող լինի հաւասարութեամբ. 14 ներկայ դէպքում ձեր առատութիւնը թող լցնի նրանց պակասութիւնը, որ նրանց առատութիւնն էլ լցնի ձեր պակասութիւնը, որպէսզի հաւասարութիւն լինի. 15 ինչպէս գրուած էլ է, թէ՝
«Ով շատը հաւաքեց, ոչինչ աւելի չունեցաւ,
իսկ ով՝ քիչը, նրանը չպակասեց»:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

8 Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին։ Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց. 2«Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն։ 3Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»։ 4Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»։ 5Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»։ Եւ նրանք ասացին՝ եօթը։ 6Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին։ 7Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել։ 8Կերան եւ կշտացան եւ եօթը զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին։ 9Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. եւ նրանց արձակեց։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2022 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են