Մարտի 6 † Կիր. Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹԻՒՆ
43 Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտռում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից: 44 Եւ նա նրանց ասաց. «Աստծու արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկուեցի»: 45 Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում:
5 ՁԿՆՈՐՍՆԵՐԻՑ՝ ԱՌԱՔԵԱԼՆԵՐ
1 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: 2 Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում: 3 Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: 4 Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»: 5 Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»: 6 Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: 7 Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: 8 Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9 քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10 նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»: 11 Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին:
ԵՍԱՅԻ
2 Տէ՜ր, ողորմի՛ր մեզ,
քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ:
Անհաւատների սերունդը կործանուեց,
իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու:
3 Քո ձայնի ահից ժողովուրդները յիմարացան,
եւ քո երկիւղից հեթանոսները ցրուեցին:
4 Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հաւաքուի այնպէս,
ինչպէս մէկը, որ մորեխ է հաւաքում փոսից.
այդպէս էլ ծաղրելու են ձեզ:
5 Սուրբ է մեր Տէր Աստուածը,
որ բարձունքներում է բնակւում,
որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել:
6 Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին,
իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ:
Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածպաշտութիւնը.
ահա դրանք են արդարութեան գանձերը:
7 Ահաւասիկ նրանք սարսափում են ձեր ահից.
ումից որ վախենում էիք,
իրե՛նք են ձեզնից վախենում.
պատգամաւորներ են ուղարկում,
որպէսզի դառնօրէն լաց լինելով՝
խաղաղութիւն աղերսեն:
8 Նրանց ճանապարհները կտրուեցին,
հեթանոսների ահը հանդարտուեց,
եւ վերացաւ նրանց հետ կնքուած ուխտը.
այլեւս նրանց մարդ մի՛ համարէք:
9 Սուգ արեց եւ տկարացաւ երկիրը,
Լիբանանն ամօթահար եղաւ,
Սարոնը մարգագետնի դաշտի վերածուեց,
Գալիլիան եւ Կարմելոսը մերկացան:
ԱՐԴԱՐՆԵՐԸ ՊԻՏԻ ԱՊՐԵՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ
10 «Այժմ ելնելու եմ ես, -ասում է Տէրը, -այժմ փառաւորուելու եմ,
այժմ բարձրանալու եմ:
11 Ահա պիտի տեսնէք,
ահա ամօթահար պիտի լինէք,
զուր պիտի լինի ձեր հոգու զօրութիւնը,
եւ կրակը ձեզ պիտի ճարակի:
12 Հեթանոսները ագարակի մէջ խանձուած փշի նման պիտի դառնան՝ այրուած ու լքուած:
13 Թող հեռւում գտնուողները լսեն՝ ինչ որ կատարեցի,
եւ մօտ եղողները ճանաչեն իմ զօրութիւնը»:
14 Անօրէնները մերժուեցին Սիոնից.
դողն է բռնել ամբարիշտներին:
Եւ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ,
թէ կրակը բորբոքուել է,
կամ ո՞վ պիտի յայտնի ձեզ յաւիտենական կայանի մասին:
15 Ով արդարութեամբ է ընթանում,
խօսում ճշմարիտ ուղու մասին,
ատում անօրէնութիւնն ու անիրաւութիւնը,
իր ձեռքերը հեռու պահում կաշառքից,
ծանրացնում ականջները,
որպէսզի չլսի արեան վրիժառութեան մասին,
փակում աչքերը,
որպէսզի անարդարութիւնը չտեսնի,
16 նա հաստատուն ապառաժի բարձր անձաւի մէջ է բնակուելու.
հաց պիտի տրուի նրան,
ջրով եւս ապահովուած պիտի լինի նա:
ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
17 Դուք տեսնելու էք թագաւորին իր փառքի մէջ,
ձեր աչքերը հեռուից դիտելու են երկիրը,
18 ու ձեր հոգին խորհելու է Աստծու երկիւղի մասին:
Ո՞ւր են գրագիրները,
ո՞ւր են խրատատուները,
ո՞ւր է նա, որի ձեռքին է ժողովրդի մեծ ու փոքրին սնուցողների հաշիւը.
19 նա խորհրդի չնստեց ժողովրդի հետ,
որն անտեղեակ էր ու ծանրալեզու,
որովհետեւ չէր լսում.
վատթարացած մի ժողովուրդ,
որ լսածի մասին չէր ուզում մտածել:
20 Ահա մեր փրկութեան քաղաք Սիոնը.
ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղէմ քաղաքը՝ մեծացած,
այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժուելու,
յաւիտեանս յաւիտենից չեն շարժուելու նրա վրանների ցցերը,
չեն խզուելու եւ դրանց պարանները,
21 քանզի ձեզ համար մեծ է Տիրոջ անունը:
Ձերն է լինելու այն երկիրը,
ուր գետերը եւ ջրանցքները լայնահուն են ու ջրառատ.
այն ճանապարհով դու այլեւս չես գնալու,
չեն գնալու եւ քո վարած նաւերը,
որովհետեւ մեծ է մեր Աստուածը
եւ մեզ չի անտեսի:
22 Տէրն է մեր հայրը,
Տէրն է մեր դատաւորը,
Տէրն է մեր իշխանը,
Տէրն է մեր թագաւորը,
Տէրն է մեր փրկիչը,
նա է փրկելու մեզ:
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ
12 ՀՈԳԵՒՈՐ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ
1 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմութեամբ Աստծու, որ պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը: 2 Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը:
3 Աստծու ինձ տուած շնորհով այս եմ ասում ձեզնից իւրաքանչիւրին. դուք ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը. այլ իւրաքանչիւրդ ձեր մասին խորհեցէ՛ք զգաստութեամբ, այն հաւատի չափով, որ Աստուած բաժանեց: 4 Ինչպէս մի մարմնի մէջ բազում անդամներ ունենք, եւ բոլոր անդամները նոյն գործը չեն անում, 5 այդպէս եւ մենք, թուով շատ, մի մարմին ենք Քրիստոսով, բայց իւրաքանչիւրս միմեանց անդամ ենք: 6 Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգեւներ, ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ. եթէ մարգարէութեան շնորհ է՝ ըստ հաւատի չափի. 7 եթէ ծառայութեան՝ թող ծառայի. եթէ մէկն ուսուցանում է, թող ուսուցանի. 8 եթէ յորդորում է՝ թող յորդորի. ով առատաձեռն է՝ թող անի զուարթութեամբ. ով վերակացու է՝ փութաջանութեամբ. ով ողորմում է՝ խնդութեամբ:
9 Սէր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից. 10 եղբայրասիրութեան մէջ՝ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել. 11 ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգո՛վ եռացէք. Տիրո՛ջը ծառայեցէք. 12 յոյսո՛վ ուրախացէ՛ք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէ՛ք. 13 հաղորդակի՛ց եղէք սրբերի կարիքներին. հետամո՛ւտ եղէք հիւրասիրութեան: 14 Օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք. 15 ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ. 16 համերա՛շխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնա՛րհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք. 17 մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէ՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ. 18 ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք. 19 ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թո՛յլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ», – ասում է Տէրը. 20 այլեւ՝ «Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին»: 21 Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին:
13 ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ
1 Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած: 2 Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում. 3 քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարի՛ն գործիր եւ նրանից գովասանք կը ստանաս, 4 որովհետեւ նա Աստծու պաշտօնեայ է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապուած. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր՝ բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. 5 դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով. 6 ահա թէ ինչու հարկեր էք վճարում. որովհետեւ նրանք Աստծու սպասաւորներ են՝ այդ բանին կանխապէս նշանակուած: 7 Արդ, հատուցեցէ՛ք իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկիւղ՝ երկիւղը, որին պատիւ՝ պատիւը:
ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՍԷՐ ԵՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՊԱՐՏՔ
8 Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացէք, բացի միմեանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրէնքը: 9 Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը(1084), մի՛ ցանկացիրը եւ ուրիշ ինչ պատուիրան էլ որ կայ, այս խօսքի մէջ է բովանդակւում, թէ՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպէս քո անձը. 10 սէրն իր ընկերոջը չար բան չի անի. սէրն է օրէնքի լրումը:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
ՕՐԷՆՔԻ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
17 «Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, – որ մի նշանախեց է, – Օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: 20 Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:
21 Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի: 22 Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը 901 բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին: 23 Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, 24 քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր: 25 Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: 26 Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը:
27 Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». 28 իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: 29 Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 30 Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 31 Արդարեւ ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»: 32 Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է:
33 Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»: 34 Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է, 35 ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է: 36 Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել: 37 Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է:
38 Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»: 39 Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու: 40 Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող: 41 Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա: 42 Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:
43 Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»: 44 Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին 902 եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, 45 որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ: 46 Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն 903 էլ նոյնն են անում: 47 Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում: 48 Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»: