Материалы

Փետրվարի 7 † Կիր. ԳԿ. Դ կիր. զկնի Ս. Ծննդեան

Astvacashunch Yntercumner11

ԵՍԱՅԻ 63.18-64.12։ Տիտոս 1.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

ԵՍԱՅԻ

18 Գուցէ քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել:
Մեր թշնամիները նեղեցին մեզ
եւ ոտնակոխ արին քո սրբութիւնը:
19 Եղանք ինչպէս առաջ էինք,
երբ դու մեզ չէիր տիրում,
եւ մենք քեզ չէինք պատկանում:
64
ԱՂՕԹՔ ԳԹՈՒԹԵԱՆ
1 Եթէ բացես երկինքը,
քո ահից լեռները կը սասանուեն եւ կը հալուեն,
ինչպէս մոմը՝ կրակի դիմաց:
2 Կրակը կ՚այրի քո հակառակորդներին,
եւ քո անունը յայտնի կը դառնայ թշնամիներիդ.
քո պատճառով հեթանոսները խռովութեան կը մատնուեն:
3 Երբ հրաշալի գործեր կատարես,
քո ահից լեռները կը սասանուեն:
4 Հնուց ի վեր չլսեցինք,
եւ ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մէկ այլ Աստուած,
որ իր ողորմութեան վրայ յոյս դնողների համար այսպիսի բաներ անէր,
5 ընդառաջ գնար նրանց, որոնք արդարութիւն են գործում
եւ յիշում քո ճանապարհները:
Եւ ահա դու բարկացար,
որովհետեւ մենք մեղք գործեցինք
եւ դրա համար էլ մոլորուեցինք:
6 Մենք ամէնքս պիղծ դարձանք,
եւ մեր ամբողջ արդարութիւնը դաշտանի շորերի նմանուեց,
մեր անօրէնութիւնների պատճառով
մենք ամէնքս ցած թափուեցինք ինչպէս տերեւ.
հողմերը քշեցին մեզ:
7 Ոչ մէկը չի կանչում քո անունը,
ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել.
ահա թէ ինչու քո երեսը մեզնից շրջեցիր
եւ մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր:
8 Տէ՜ր, մեր Հայրն ես դու.
մենք կաւ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը,
մենք ամէնքս քո ձեռքի գործն ենք:
9 Տէ՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրայ
եւ մեր մեղքերը յաւիտեան մի՛ յիշիր:
Եւ հիմա նայի՛ր, Տէ՛ր,
մենք ամէնքս քո ժողովուրդն ենք:
10 Քո սուրբ քաղաք Սիոնն աւերակ դարձաւ,
Երուսաղէմը՝ անապատ:
11 Անէծքի մատնուեց մեր սուրբ ու փառաւոր տաճարը,
որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ,
հրոյ ճարակ դարձաւ,
եւ մեր ամբողջ փառաւորութիւնը կործանուեց:
12 Եւ այս ամենի վրայ դու աչք ես փակում, Տէ՛ր,
լռութիւն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ:

Տիտոս

1
1 Պօղոսը՝ ծառայ Աստծու եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, որ կոչուած է բերելու Աստծու ընտրեալներին հաւատի եւ ճշմարտութեան գիտութեանը, որ աստուածապաշտութեամբ է 2 եւ յաւիտենական կեանքի յոյսով, որը խոստացաւ անսուտն Աստուած յաւիտենական ժամանակներից առաջ, 3 բայց յայտնեց իր խօսքը իր ժամանակին՝ քարոզութեամբ, որին ես հաւատարիմ եղայ ըստ մեր Փրկիչ Աստծու հրամանի. 4 Տիտոսին՝ հասարակաց հաւատի մէջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Յիսուսից:
5 Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի, ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ կարգես, ինչպէս որ ես պատուիրեցի քեզ: 6 Կարգես մի այնպիսի մարդու, որ լինի անբասիր, մէ՛կ կնոջ մարդ, ունենայ հաւատացեալ որդիներ, որոնք անառակութեան մէջ ամբաստանուած կամ անհնազանդ չլինեն, 7 քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող(1186), ոչ կռուարար, ոչ շահասէր, 8 այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, 9 ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին. 10 քանզի անհնազանդներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ եթէ հրէութիւնից դարձածներից են. 11 նրանց բերանը պէտք է փակել. նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: 38 Ով ինձ հաւատում է, — ինչպէս Գիրքն է ասում, — նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: 39 Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր:
40 Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. 41 ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. 42 չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր: 43 Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ: 44 Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց:
45 Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: 46 Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»: 47 Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել: 48 Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, 49 բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: 50 Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51 «Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»: 52 Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են