Материалы

Մայիսի 8 Դշ. ԴՁ. ԼԹ օր Յինանց

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.20‐37։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.27‐36։ Ա Յովհաննէս 3.2‐4.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 11.1‐46։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.10‐35։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.1‐12։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

20Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»։ 21Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ ե՞րբ պիտի գայ Աստծու արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծու արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 22եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»։ 23Իսկ իր աշակերտներին ասաց. «Կը գան օրեր, երբ դուք կ՚ուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնի։ 24Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ», մի՛ շտապէք գնալու, 25որովհետեւ, ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կը լինի մարդու Որդին՝ իր օրում։ 26Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից։ 27Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կը լինի եւ մարդու Որդու օրով։ 28Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց։ 29Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ 30Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց։ 31Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու։ 32Այն օրը, ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ։ 33Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը։ 34Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։ 35Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։ 36Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի։ Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»։ 37Պատասխան տուին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

27Սակայն երբ եօթնօրէքը կատարելու մօտ էին, ասիացի հրեաները նրան տաճարի մէջ տեսնելով՝ նրա շուրջը հաւաքեցին ամբողջ ամբոխը, եւ ձեռքները նրա վրայ դնելով՝ աղաղակում էին. 28«Ո՛վ իսրայէլացիներ, օգնեցէ՛ք, այս մարդն է, որ, հակառակ ժողովրդի եւ օրէնքի ու այս սրբավայրի, ամենուր ամենքին ուսուցանում է. մինչեւ իսկ հեթանոսներին տաճար մտցրեց եւ այս սուրբ տեղը պղծեց»։ 29Ըստ որում առաջուց նրա հետ քաղաքում տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն եւ կարծում էին, թէ Պօղոսը նրան տաճար մտցրեց։ 30Ամբողջ քաղաքը շարժուեց, եւ ժողովուրդը խռնուեց. բռնելով Պօղոսին՝ քարշ տուեցին տաճարից դուրս. եւ իսկոյն դռները փակուեցին։ 31Նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասաւ, թէ ամբողջ Երուսաղէմը յուզման մէջ է։ 32Սա իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առնելով իր հետ՝ շարժուեց նրանց վրայ։ Եւ նրանք, տեսնելով հազարապետին ու զինուորներին, դադարեցին Պօղոսին ծեծելուց։ 33Այն ժամանակ հազարապետը, մօտենալով, բռնեց նրան եւ հրամայեց նրան կապել կրկնակի շղթաներով. եւ հարցնում էր, թէ՝ ով է եւ ինչ է արել։ 34Ամբոխի մէջ այլեւայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմկի պատճառով ստուգութիւնը չկարողացաւ իմանալ, հրամայեց նրան զօրանոց տանել։ 35Երբ աստիճաններին հասաւ, այնպէս եղաւ, որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նրան բարձրացնեն եւ տանեն, 36 քանի որ ժողովրդի բազմութիւնը յետեւից էր գնում՝ աղաղակելով՝ մա՛հ դրան։

Ա Յովհաննէս

2Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու։ Գիտենք, որ, երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ։ 3Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա՛ է մաքուր։ 4Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրէնութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրէնութիւն է։ 5Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ։ 6Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել։ 7Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա՛ է արդար։ 8Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ։ Աստծու Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը։ 9Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած։ 10Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները։ Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը։ 11Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց. 12ոչ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը։ Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի։ 13Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ։ 14Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ։ 15Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի։ 16Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։ 17Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ։ 18Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ։ 19Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կը լինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահութիւն կ՚ունենան մեր սրտերը։ 20Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան։ 21Սիրելինե՛ր, եթէ մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակութիւն կ՚ունենանք Աստծու առաջ. 22եւ ինչ էլ որ հայցենք, կը ստանանք նրանից, որովհետեւ պահում ենք նրա պատուիրանները եւ կատարում նրան հաճելի բաները։ 23Եւ նրա պատուիրանը այս է. որ հաւատանք իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի անուանը եւ սիրենք միմեանց, ինչպէս որ նա՛ պատուիրեց մեզ։ 24Եւ ով պահում է նրա պատուիրանները, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած՝ նրա մէջ։ Եւ մեր մէջ Աստծու բնակուելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որը նա տուեց մեզ։
4 Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են, որովհետեւ բազում սուտ մարգարէներ են երեւան եկել աշխարհում։ 2Եւ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամէն մի հոգի, որ դաւանում է Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է։ 3Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ։ Եւ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել էք, թէ գալու է, եւ արդէն իսկ աշխարհում է։ 4Դուք Աստծուց էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք նրանց, որովհետեւ Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կայ աշխարհի մէջ։ 5Նրանք աշխարհից են. դրա համար էլ աշխարհի բաների մասին են խօսում. եւ աշխարհը լսում է նրանց։ 6Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

11 Եւ մի հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից։ 2Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր։ 3Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»։ 4Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»։ 5Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին։ 6Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր։ 7Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»։ 8Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»։ 9Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, 10իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»։ 11Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ 12Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ՚առողջանայ»։ 13Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում։ 14Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. 15բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք։ Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»։ 16Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ 17Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ։ 18Եւ Բեթանիան Երուսաղէմի մօտ էր շուրջ երեք կիլոմետր։ 19Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար։ 20Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր։ 21Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. 22բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»։ 23Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ՚առնի»։ 24Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ՚առնի»։ 25Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի. 26եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի։ Հաւատո՞ւմ ես այս բանին»։ 27Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։ 28Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»։ 29Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ։ 30Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել։ 31Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ 32Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ 33Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. 34«Ո՞ւր դրիք նրան»։ Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»։ 35Եւ Յիսուս արտասուեց։ 36Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»։ 37Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»։ 38Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը։ Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած։ 39Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»։ Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»։ 40Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»։ 41Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. 42եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։ 43Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ 44Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատած։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ»։ 45Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան։ 46Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»:

12 «Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: 14 Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»:

15 «Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր: 16 Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ: 17 Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ՚ասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում: 19 Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. 20 որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»:
21 Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թն անգամ»: 22 Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը»:

23 «Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել:
24 Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան: 25 Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել: 26 Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կը վճարեմ քեզ»: 27 Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց: 28 Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»: 29 Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կը վճարեմ քեզ»: 30 Իսկ սա չէր կամենում. գնաց նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր: 31 Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր: 32 Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33 իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»: 34 Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը: 35 Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

10 Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց։ 2Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»։ 3Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»։ 4Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել եւ արձակել»։ 5Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառով գրեց այդ պատուիրանը, 6մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»։ 7Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից։ 8Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին։ 9Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»։ 10Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան։ 11Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի։ 12Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են