Материалы

Հոկտեմբերի 8 Ուր. ԲԿ. Պահք

Գաղատացիներ 1.11-24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 12.18-34։

Գաղատացիներ

11Յայտնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, թէ այն Աւետարանը, որ ես ձեզ աւետարանեցի, մարդկային Աւետարան չէ. 12քանզի ես մարդուց չառայ այն, ոչ էլ որեւէ մէկից սովորեցի, այլ՝ Յիսուս Քրիստոսի մի յայտնութիւնից. 13արդարեւ, դուք լսած կը լինէք հրէութեան մէջ եղածս ժամանակ երբեմնի իմ ընթացքի մասին, թէ ինչքա՜ն էի հալածում Աստծու եկեղեցին եւ քանդում էի այն. 14եւ հրէութեան մէջ աւելի՛ առաջ էի գնացել, քան իմ շատ հասակակիցները, որոնք իմ սերնդից էին. շատ աւելի նախանձախնդիր էի իմ հայրենի աւանդութիւններին։ 15Բայց, երբ կամեցաւ Աստուած (նա ընտրել էր ինձ իմ մօր որովայնից եւ կոչեց իր շնորհների միջոցով) 16յայտնել ինձանով իր Որդուն, որպէսզի աւետարանեմ նրան հեթանոսների մէջ, այն ժամանակ, իսկոյն, ոչ մէկի խորհրդին չդիմեցի, 17ոչ էլ Երուսաղէմ բարձրացայ նրանց մօտ, որ ինձնից առաջ առաքեալներ էին, այլ գնացի Արաբիա եւ վերադարձայ Դամասկոս։ 18Ապա, երեք տարի յետոյ, ելայ Երուսաղէմ՝ տեսնելու Պետրոսին եւ տասնհինգ օր նրա մօտ մնացի։ 19Առաքեալներից ոչ ոքի չտեսայ, բացի Յակոբոսից՝ Տիրոջ եղբօրից։ 20Եւ ինչ որ գրում եմ ձեզ, – ահա՛ւասիկ Աստծու առաջ եմ ասում, – չեմ ստում։ 21Ապա եկայ Ասորիք եւ Կիլիկիայի կողմերը. 22եւ ես անձնապէս անծանօթ էի եկեղեցիների հաւատացեալներին, որոնք, թլփատուած լինելով, դարձել էին ի Քրիստոս. 23բայց լսած էին, թէ՝ «Նա, որ մեզ այն ժամանակ հալածում էր, այժմ քարոզում է այն հաւատը, որը մի ժամանակ քանդում էր»։ 24Եւ ինձնով փառաւորում էին Աստծուն։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ

18Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում. 19«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»։ 20Արդ, մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց. 21եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց։ Նոյն ձեւով նաեւ երրորդը առաւ նոյն կնոջը։ 22Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամենքից յետոյ մեռաւ նաեւ կինը։ 23Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»։ 24Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը. 25որովհետեւ, երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ՚առնեն եւ ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են։ 26Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրուագում, թէ ինչպէս Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ, – ասում է, – Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»։ 27Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորուած էք»։ 28Օրէնսգէտներից մէկը, մօտենալով, լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, թէ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»։ 29Եւ Յիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է՝ «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. 30եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատուիրանը։ 31Եւ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս». չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»։ 32Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից, ուրիշ Աստուած չկայ. 33եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»։ 34Եւ Յիսուս տեսնելով, թէ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայութիւնից»։ Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են