Материалы

ՍՏԵՓԱՆՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՐՂՈՒԹՅԱՆ

tem logo1832-1836 (առաջնորդական տարիներ). ՍՏԵՓԱՆՈՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՐՂՈՒԹՅԱՆ: 1832 թ. Վիրահայոց թեմի առաջնորդության համար կային երկու թեկնածուներ` Ստեփանոս Արղության և Զաքարիա Գուլասպյան արքեպիսկոպոսները: Արղությանը ընտրվեց Վիրահայոց թեմի առաջնորդ, իսկ Գուլասպյանը` Երևանի թեմակալ առաջնորդի փոխանորդ: Գուլասպյանը չգոհացավ իր պաշտոնով և որպես Հովհաննես Ը Կարբեցու հին համակիր, նրա իշխանության տակ դրվեց նաև Հաղպատի վանահայրությունը: Ապա, մեկնելով Թբիլիսի, Գրիգոր Բեհբության ազդեցիկ իշխանի միջոցով նա կամեցավ Ղազախն ու Բորչալուն անջատել Թիֆլիսի հայոց թեմից և միացնել Հաղպատին, սակայն Արղությանն ընդդիմացավ, և Գուլասպյանի ցանկությունը չկատարվեց:

Ստեփանոս Արղության արքեպիսկոպոսը իր քառամյա առաջնորդության շրջանում ենթարկվեց հոգեբանական ծանր ճնշումների Գուլասպյանի, իշխան Գր. Բեհբությանի, ինչպես նաև Հովհաննես Ը կաթողիկոսի կողմից: Վերջինս հակառակորդ էր Աշտարակեցուն և ձգտում էր Վրաստանի թեմակալ առաջնորդ Արղության արքեպիսկոպոսի միջոցով վնասել Աշտարակեցուն: Նա ուզում էր Ներսես Աշտարակեցու հիմնադրած Ներսիսյան դպրոցի անունը փոխել և այն կոչել «Վարժարան Էջմիածնի և Տփղիս»: Նա նույնիսկ ծրագրել էր դպրոցի շենքը վաճառքի հանել Ներսեսի անունը ջնջելու համար: Աշտարակեցու կողմնակիցները հորդորում էին նրան, որ հրապարակայնորեն հանդես գա, բայց մեծ հոգևորականը հանգստացնում էր նրանց ասելով. «Եթէ զբարիսն ընկալաք ի ձեռանէ Տեառնէ, չարեացն ո՞չ համբերիցեմք»: Շուտով, 1835 թ. Զաքարիա Գուլասպյան արքեպիսկոպոսը վախճանվում է, իսկ 1836 թ. Արղությանը տեղափոխվում է Երևան, և այդպիսով փակվում է Թբիլիսիի հարցը (Օրմանեան. «Ազգապատում», հոդվ. 2507):

Արղությանը եպիսկոպոսական օծում է ստացել 1832 թ. մայիսի 28-ին, իսկ արքության պատիվ` 1835 թ.: Նա կառուցել տվեց Վիրահայոց թեմի եռահարկ առաջնորդարանը Թբիլիսիում: Ստեփանոս արքեպիսկոպոսը Սանահին վանքին է նվիրել մի մասնատուփ Ս. Գրիգոր Աղվանից կաթողիկոսի նշխարներով (Սարգիս վրդ. Ջալալեան. «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան», Հ. Ա, Տփղիս, 1842, էջ 52):

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են