Материалы

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱԹՈՒՆՅԱՆՑ

121904-1910 (առաջնորդական տարիներ). ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱԹՈՒՆՅԱՆՑ («Արարատ» 1910 թ., էջ 1008-1009): Ծնվել է Աշտարակում 1852 թ.: Ավազանի անունն է Հարություն: 1867 թ. ընդունվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցը, որն ավարտել է 1872 թ.` ստանալով դպրության աստիճան և համարվելով Մայր Աթոռի միաբան: 1873 թ. ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1876 թ.` աբեղա: 1878 թ. ստացել է վարդապետական մասնավոր իշխանության աստիճան: 1901 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս և 1907 թ. ստացել արքեպիսկոպոսության տիտղոս:

Վարել է հետևյալ պաշտոնները.

1882 թ. եղել է Գորիում (Վրաստան) առաջնորդական փոխանորդ:

1883 թ. փոխադրվել է Նուխի և կարգվել առաջնորդական փոխանորդ:

1884 թ. վարել է նաև Նուխիի թեմական տեսչի օգնականի պաշտոնը: 1887 թ. տեղափոխվել է Նոր-Նախիջևան, որտեղ ծառայել է որպես հոգևոր կառավարչության նախագահ, ինչպես նաև թեմական տեսչության նախագահ մինչև 1889 թ. սեպտեմբերի 2-ը:

1890 թ. փետրվարի 28-ին նշանակվում է առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում: 1892 թ. վերադառնում է Մայր Աթոռ: 1894 թ. առաջնորդական փոխանորդ է Գանձակի, իսկ 1895-1897 թթ.` Ղարաբաղի թեմի կառավարիչ: 1901 թ.` Սանահինի վանքի վանահայր: 1904 թ. օգոստոսի 10-ին Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի կողմից Գարեգին արքեպիսկոպոսը հաստատվում է որպես Վրաստանի և Իմերեթի հայոց թեմի առաջնորդ: Այդ պաշտոնում էլ նա ավարտում է իր բազմավաստակ կյանքը 1910 թ. նոյեմբերի 3-ին, Թբիլիսիում, 58 տարեկան հասակում: 1881 թ. պարգևատրվել է վարդապետական լանջախաչով, 1883 թ.` ծաղկյա փիլոնով, 1901 թ.` եպիսկոպոսական պանակեով, 1907 թ.` Ս. Ստանիսլավի Ա կարգի շքանշանով:

Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյանցը շինարար հոգևոր պաշտոնյա էր: Նա կառուցել է Ալեքսանդրապոլի առաջնորդարանը և վերանորոգել Սանահինի վանքը: Նա ցույց է տվել նաև վարչական ընդունակություն` 1904-1907 թվերի ծանր տարիներին կառավարելով Վրաստանի և Իմերեթի հայոց ընդարձակ թեմը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են