Материалы

ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ (ՄԱԳԻՍՏՐՈՍ)

tem logo1913-1916 (առաջնորդական տարիներ) ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ (ՄԱԳԻՍՏՐՈՍ) («Էջմիածին» ամսագիր, 1989 թ., Ը, էջ 17): Ծնվել է Տաթևի շրջանի Շիկահող գյուղում 1865 թ. մայիսի 7-ին: Ավազանի անունն է Փարսադան: Հոր անունը` Վարդան: 1882 թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, իսկ 1885 թ.-ին` Թբիլիսիի Ներսիսյան դպրոցը: 1887 թ. ընդունվել է Դորբատի համալսարանի դասական բանասիրության բաժանմունքը և 1891 թ. այն ավարտել գերազանց գնահատականներով: Դորբատից գնացել է Վիեննա և որոշ ժամանակ աշխատակցել տեղի Մխիթարյան հայրերի կողմից հրատարակվող «Հանդէս ամսօրեայ» պարբերականին: 1892 թ. անցել է Փարիզ և այնտեղից հրավիրվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան որպես հայագիտության դասախոս:

1893 թ. ապրիլի 24-ին ձեռնադրվել է աբեղա, իսկ հունիսի 21-ին նշանակվել է նորընտիր Խրիմյան Հայրիկ կաթողիկոսին Երուսաղեմից Էջմիածին ուղեկցող պատգամավորության անդամ: Ուղիղ մեկ ամիս հետո ստանում է վարդապետական աստիճան: 1895 թ. նա Երևանի թեմական դպրոցների տեսուչ է, իսկ մեկ տարի անց Շուշիի թեմական դպրոցների տեսուչ: 1898 թ. ընտրվում է Շուշիի կոնսիստորիայի նախանդամ: 1902 թ. Պետերբուրգում ստանում է մագիստրոսի գիտական աստիճան: Նրա աշխատասիրության թեման է եղել «Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատմությունը»: 1905 թ. նրա գործադրած ջանքերի և վարած բանակցությունների շնորհիվ Հայաստանում վերաբացվում են հայկական դպրոցները և վերադարձվում եկեղեցական կալվածքները: 1908 թ. սեպտեմբերին նշանակվում է Էջմիածնի Սինոդի անդամ: 1909 թ. Կ. Պոլսից Ս. Էջմիածին է ուղեկցել նորընտիր կաթողիկոս Մատթեոս Բ Իզմիրլյանին, իսկ հոկտեմբերին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան: Նույն 1909 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս: Նրա ջանքերով 1908-1911 թթ. կառուցվում է Ս. Էջմիածնի մատենադարանի շենքը, և 1912 թ. Մայր Աթոռի բոլոր ձեռագրերը փոխադրվում են այդ շենք: 1911-1913 թթ. վարել է Ս. Էջմիածնի մատենադարանապետի պաշտոնը: 1913 թ. հունվարի 18-ից մինչև 1916 թ. կեսերը վարել է Վրաստանի և Իմերեթի Հայոց, իսկ 1916 թ.-ից մինչև 1917 թ. վերջը` Աստրախանի Հայոց թեմերի առաջնորդության պաշտոնները: 1922 թ. աշնանից մինչև 1931 թ. աշունը վարել է Պարսկա-Հնդկաստանի հայոց թեմակալ առաջնորդի պաշտոնը: Վախճանվել է 1939 թ. հունիսի 3-ին Երևանում: Թողել է 130-ից ավելի գիտական աշխատություններ: 1989 թ. նրա աճյունը Երևանից տեղափոխվել և ամփոփվել է Էջմիածնի Ս. Գայանե վանքի միաբանական գերեզմանատանը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են