ԳԵՎՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՐԵՔՉՅԱՆ
1921-1927, 1936-1938 (առաջնորդական տարիներ) ԳԵՎՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՐԵՔՉՅԱՆ («Տ. Տ. Գևորգ Զ կաթողիկոսի կյանքը և գործունեությունը», Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1955 թ.): Եկեղեցական ազգային հասարակական գործիչ: Ծնվել է 1869 թ. դեկտեմբերի 2-ին Նոր-Նախիջևանում: Ավազանի անունը նույնպես եղել է Գևորգ: Հոր անունը Խաչատուր Աբրահամի Չորեքչյան, արհեստով փականագործ, մոր անունը Կատարինե:
Պատանի Գևորգը նախնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական դպրոցում, ապա տեղի սեմինարիայում: 1879 թ. ընդունվում է Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որի լրիվ դասընթացն ավարտում է 1889 թ. և նույն թվին ստանում է սարկավագության աստիճան: Մակար կաթողիկոսի հրամանով Գևորգ և Կարապետ (Տեր-Մկրտչյան) սարկավագները ուղարկվում են Գերմանիա` սովորելու Լայպցիգի համալսարանի աստվածաբանական և փիլիսոփայական ֆակուլտետներում: Այստեղ մեկ տարի նախապատրաստվելուց հետո Գևորգ սարկավագն ընդունվում է Լայպցիգի կոնսերվատորիա: Համալսարանն ու կոնսերվատորիան ավարտելուց հետո, 1894 թ. Գևորգյան ճեմարանի երկու նախկին սաները վերադառնում են Ս. Էջմիածին: Գևորգ սարկավագը Գևորգյան ճեմարանում դասավանդում է երաժշտություն, Հայ Եկեղեցու պատմություն` միաժամանակ ղեկավարելով ճեմարանի երգչախումբը: Մեկ տարի անց նա ազատվում է աշխատանքից` ճեմարանում հաստատված կարգ ու կանոնի դեմ դուրս ելած ուսանողների նկատմամբ համակրանք ցուցաբերելու պատճառով: Գևորգ սարկավագը մեկնում է Նոր-Նախիջևան` պաշտոնավարելու Ս. Խաչ վանքում, ուր մնում է ավելի քան 18 տարի և, որպես երաժիշտ ու մանկավարժ, մեծ օգնություն է ցույց տալիս տեղի համայնքի եկեղեցական գործերին, ժողովրդական կարիքներին, մտավորականներին, հայկական հասարակական կազմակերպություններին, որբերին, գաղթականներին և այլն: Նրա աշակերտներից են եղել Ալ. Մյասնիկյանը, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը և շատ ուրիշներ:
Ընդառաջելով Նոր-Նախիջևանի հայկական համայնքի դիմումին` Գևորգ Ե կաթողիկոսը 1913 թ. հունիսի 20-ին Գևորգ սարկավագին ձեռնադրում է աբեղա, իսկ երեք օր անց` վարդապետ և նշանակում Նոր-Նախիջևանի թեմի առաջնորդական փոխանորդ, հաստատելով նրան Ս. Խաչ վանքում: 1916 թ. կաթողիկոսի ցանկությամբ Գևորգ վարդապետը փոխադրվում է Մայր Աթոռ մշտական աշխատանքի և նշանակվում Սուրբ Սինոդի անդամ: 1917 թ. ստանում է ծայրագույն վարդապետական աստիճան: Նույն թվի ապրիլին ձեռնադրվում է եպիսկոպոս:
Գևորգ եպիսկոպոսն այնուհետև վարում է մի շարք պաշտոններ. լինում է Մայր Աթոռի տնտեսական խորհրդի նախագահ, վանական կառավարչության նախագահ, 1921 թ.` Մայր Տաճարի լուսարարապետ, նույն թվի աշնանը` Վիրահայոց թեմի առաջնորդական փոխանորդ, իսկ 1922 թ. ընտրվում է նույն թեմի թեմակալ առաջնորդ: 1925 թ. նրան շնորհվում է արքության պատիվ: 1927 թ. Չորեքչյան արքեպիսկոպոսը վերադառնում է Մայր Աթոռ և ընտրվում է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ: 1936 թ. Խորեն Ա կաթողիկոսի կողմից նշանակվում է Հայրապետական փոխանորդ և նորից գործուղվում Թբիլիսի որպես թեմակալ առաջնորդ` կարգավորելու թեմը, որը նախորդ տարիներին «Ազատ եկեղեցականների» շարժման պատճառով զգալիորեն քայքայված վիճակում էր («Տ. Տ. Գևորգ Զ կաթողիկոսի կյանքը և գործունեությունը», Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1955 թ., էջ 47): 1938 թ. ապրիլի 5-ին խորհրդավոր պայմաններում վախճանվում է Խորեն Ա Կաթողիկոսը և Գևորգ արքեպիսկոպոսը ստանձնում է Ամենայն Հայոց Հայրապետի Տեղապահի պատասխանատու պաշտոնը:
1941 թ. ապրիլի 10-ին Ս. Էջմիածնում հրավիրվում է Ազգային-Եկեղեցական ժողով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության համար: Սակայն նկատի ունենալով, որ պատերազմի պատճառով պատգամավորների թիվը փոքր է, ժողովը հետաձգվում է բարեպատեհ մի ժամանակի, իսկ Գևորգ արքեպիսկոպոսը միաձայնությամբ ընտրվում է Ազգընտիր Տեղակալ Ամենայն Հայոց Հայրապետության: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո, 1945 թ. հունիսի 16-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվում է Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողով, և Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանն ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Օծումը կատարվում է հունիսի 24-ին:
Մեծագործ և իմաստուն Հայրապետը ինը տարի գահակալելուց հետո վախճանվում է 1954 թ. մայիսի 9-ին: Նրա աճյունը ամփոփված է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան մոտ: Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսից, որպես գրական ժառանգություն, մնացել են բազմաթիվ քարոզներ, կոնդակներ և հոգևոր երգեր: