Материалы

ՎԱՀԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼԱՄԴԱՐՅԱՆ

tem logo1956-1957 (առաջնորդական տեղապահ) ՎԱՀԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼԱՄԴԱՐՅԱՆ («Էջմիածին» ամսագիր, 1964 թ., ԺԲ, էջ 14-15): Ծնվել է 1928 թ. օգոստոսի 13-ին Քեսաբի շրջանի Գալատուրան գյուղում: Ավազանի անունով` Անդրանիկ: Նախնական կրթությունն ստանում է Գալատուրանի Մեսրոպյան ազգային ուսումնարանում: 1943 թ. տեղափոխվում է Լիբանան և ընդունվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի դպրեվանքը` հոգևորական դառնալու որոշումով:

1945 թ. ներգաղթելով հայրենիք` ընդունվում է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարան` շարունակելու ուսումը: 1949 թ. հունիսի 18-ին ձեռնադրվում է սարկավագ: 1950 թ. ավարտում է հոգևոր ճեմարանը: Աստվածաբանական գիտելիքների մեջ խորանալու համար երջանկահիշատակ Գևորգ Զ Կաթողիկոսի կողմից ուղարկվում է Մոսկվա, որտեղ ռուսական հոգևոր ակադեմիայում երկու տարի հետևում է մասնագիտական դասընթացների: 1954 թ. սեպտեմբերի 12-ին ձեռնադրվում է կուսակրոն քահանա և վերանվանվում Վահան աբեղա:

1956-1957 թթ. վարում է Վրաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը:

1956 թ. հոկտեմբերի 6-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Տ.Տ. Վազգեն Ա Հայրապետից ստանում է վարդապետական աստիճան:

1957 թ. նոյեմբերի 4-ին նշանակվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ: 1960-ական թթ. սովորում և ավարտում է Երևանի պետական համալսարանը:

1964 թ. մայիսի 30-ին Վահան վարդապետը Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Վազգեն Ա Հայրապետից ստանում է ծայրագույն վարդապետական աստիճան` որպես թեզ ներկայացնելով «Ս. Էջմիածնի դպրոցի պատմությունը Դ դարից մինչև Ի դարը» ուսումնասիրությունը: Նույն թվականի նոյեմբերի 29-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ օծվում է եպիսկոպոս` միջնորդությամբ Գերագույն Հոգևոր Խորհրդի և Արարատյան թեմի թեմական խորհրդի:

Վահան եպիսկոպոսը Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդի պարտականությունը վարում է մինչև 1972 թ. աշունը: Այնուհետև մեկնում է Հնդկաստան և հիվանդության պատճառով վերադառնում Երևան` բուժվելու: 1975-1977 թթ. ծառայում է Ս. Գեղարդ վանքում իբրև տեսուչ և վանահայր:

Իր կյանքի վերջին տարիներին Մայր Աթոռից ստանում է կենսաթոշակ: Վախճանվում է Երևանում 1986 թ.: Վահան եպիսկոպոսը աշխատակցել է «Էջմիածին» ամսագրին պատմա-բանասիրական բազմաթիվ հոդվածներով: Նա միառժամանակ եղել է անդամ «Էջմիածին» ամսագրի խմբագրական մարմնի: Ունի բազմաթիվ պատմաբանասիրական հոդվածներ` տպագրված ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան պարբերական մամուլում, ուր որոշ ժամանակ հանդես է եկել Գանձասար գրական ծածկանունով:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են