Материалы

ԳԵՎՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԵՐԱՅԴԱՐՅԱՆ

19

ԳԵՎՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԵՐԱՅԴԱՐՅԱՆ ավազանի անունը՝ Կարպիս (Կարապետ), ծնվել է Բուխարեստում (Ռումինիա) 1938 թ. օգոստոսի 29-ին: Հոր անունն է` Ստեփան Սերայդարյան, մոր անունը` Մաքրուհի Հալաջյան: Սկզբնական կրթությունը ստացել է Բուխարեստի հայոց դպրոցում: 1948 թ. ընտանյոք ներգաղթել է Հայաստան եւ ապա՝ սովորելով Լենինականի միջնակարգ դպրոցում, միաժամանակ դպրության ծառայության է անցել տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1952 թ.-ից ուսումը շարունակել է Երեւանում:

1956 թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Հոգեւոր Ճեմարան, որի լրիվ դասընթացը հաջողությամբ ավարտել է 1962 թ.` պաշտպանելով իր ավարտաճառը «Ս. Գրիգոր Նարեկացու Ապարանից խաչի պատմությունը» թեմայով:

1962 թ. սեպտեմբերի 23-ին ձեռնադրվել է սարկավագ եւ վարել մի շարք պատասխանատու պաշտոններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 1964 թ. ապրիլի 12-ին ձեռնադրվել է աբեղա, իսկ 1965 թ. ստացել վարդապետական աստիճան:

1966-1967 թթ. վարել է Նոր-Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը, ապա վերադառնալով Մայր Աթոռ, ստանձնել Մայր Տաճարի թանգարանի վարիչի, ապա Լուսարարապետի օգնականի եւ հետո՝ Վեհափառ Հայրապետի գավազանակրի պարտականությունները:

1970-1972 թթ. Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում դասավանդել է կրոնագիտական եւ պատմական առարկաներ:

1972 թ. Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակով նշանակվել է Վրաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ: 1973 թ. Գեւորգ վարդապետը պաշտպանել է թեզ «Տոմարագիտության դասընթաց» վերնագրով, որն արժանացել է քննական հանձնաժողովի գերազանց գնահատականին: Վեհափառ Հայրապետն այդ աշխատասիրության համար նրան շնորհել է ծայրագույն վարդապետական աստիճան եւ նույն թվականի հոկտեմբերի 30-ին օծել եպիսկոպոս եւ նշանակել թեմակալ առաջնորդ Վրաստանի Հայոց թեմի:

1977 թ. Վեհափառ Հայրապետի հրամանով սեպտեմբերի 15-ից Տ. Գեւորգ եպիսկոպոսը վարել է նաեւ Ս. Գեղարդա վանքի վանահայրության պաշտոնը, մինչեւ նոր վանահոր նշանակումը:

1995 թ. արժանացել է արքության պատվի: Եղել է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:

1998 թվականին Հայ և վրաց ժողովուրդների բազմադարյան եղբայրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Որպես Վիրահայոց թեմի հոգեւոր առաջնորդ, իր պաշտոնավարության տարիներին Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը կատարել է մի շարք կարեւոր աշխատանքներ Վիրահայոց թեմի ներսում: Նրա առաջնորդության շրջանում բացվել են եկեղեցիներ Ջավախքի շրջանում, վերանորոգվել են թեմի գործող եկեղեցիները: 1974 թ. մարմարապատվել է Ս. Գեւորգ եկեղեցու բեմի հատակը: 1977-1978 թթ. Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցու գաջած պատերի 6 շերտ յուղաներկի ծածկույթի տակից հայտնաբերվել եւ վերանորոգվել են XVIII դարի նշանավոր նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի վրձնին պատկանող 16 մեծադիր որմնանկարներ, որոնք 1795 թ. Թիֆլիսի ավերումից հետո վերանորոգված են եղել նկարչի որդու եւ շնորհալի աշակերտի` Մկրտում Հովնաթանյանի կողմից: 1977 թ. Թբիլիսիի Հայոց վանքի գավթից Ս. Գեւորգ եկեղեցու գավիթ են տեղափոխվել Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանի` ծովանկարիչ Հովհ. Այվազովսկու եղբոր (1812-1880 թթ.), Խորեն եպիսկոպոս Ստեփանեի (1840-1900 թթ.), խմբագիրներ Աբգար Հովհաննիսյանի (1849-1904 թթ.) եւ Պետրոս Սիմոնյանի (1830-1911 թթ.) աճյունները:

1979-1980 թթ. վերակառուցվել եւ ընդարձակվել է Վիրահայոց թեմի առաջնորդարանը: 1988 թ. օծվել է Դաղեթ գյուղի Ս. Խաչ մատուռը: 1989 թ. օծվել է նաեւ Շահումյան (Մառնեուլի շրջան) ավանի Ս. Աստվածածին եկեղեցին, ապա իրականացվել են նաեւ վերանորոգչական աշխատանքներ, եկեղեցին օժտվել է զույգ գմբեթներով:

1990 թ. թեմին է հանձնվել Բաթումի հայոց Ս. Փրկիչ եկեղեցին, որը եւ վերանորոգվել է:

1991 թ. բացվել եւ օրհնվել է Մեծարա հայաբնակ գյուղի մկրտարանը «Գուդաուդա»:

Նույն թվականին Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը ընտրվել է Վրաստանի Հայ բարեգործական ընկերության ավագների խորհրդի կազմում:

1992 թ. օծվել է Սուխումիի հայոց Ս. Հարություն աղոթատունը: Նույն` 1992 թ. ավարտին է հասցվել Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցու` երկրաշարժից տուժած հիմքերի եւ պատերի ամրացումը:

1971 թվից շարունակաբար Գեւորգ արքեպիսկոպոսը կազմել եւ հրատարակել է Մայր Աթոռի պաշտոնական օրացույցները հայերեն լեզվով, իսկ 1978 թ.-ից` նաեւ ռուսերենով: Հրապարակել է նաեւ բազմաթիվ հոդվածներ հայկական եւ ռուսական թերթերում ու ամսագրերում, թարգմանել «Տոմարագիտության դասընթաց» աշխատությունը, որը հայ տոմարագիտական աշխատություններից առաջինն է՝ ռուսերեն թարգմանությամբ, տոմարագիտական եւ կրոնագիտական մի քանի գրքերի հեղինակ է։

1996 թ. հիմնվել է թեմի Ս. Եղիա կիրակնօրյա վարժարանը:

Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը վախճանվել է 2002 թ. սեպտեմբերի 11-ին, նրա աճյունը ամփոփված է Թբիլիսիի Ս. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում:

Որպես Վիրահայոց թեմի հոգեւոր առաջնորդ, իր պաշտոնավարության 30 անխոնջ տարիների ընթացքում Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանն իր մեծ ավանդը թողեց վիրահայ հոգեւոր կյանքում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են