ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ
Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (ավազանի անունը Էդվարդ) ծնվել է 1965 թ. հուլիսի 21-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արտիմեդ (նախկինում Աթարբեկյան) գյուղում:
1982-1989թթ. ուսանել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: 1984-1986թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1989թ. մայիսի 7-ին, ձեռամբ Գերշ. Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1990թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր վարդապետ Սկևռացու կյանքն ու մատենագրական ժառանգությունը» թեմայով և ստացել գերազանց գնահատական:
1991թ.հուլիսի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հանդիսապետությամբ, Մայր Տաճար Սուրբ Էջմիածնում, ձեռամբ Գերշ. Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Ձեռնադրությունից հետո աշխատանքի է անցել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում եւ նորաբաց Քիրստոնեական Դաստիարակության կենտրոնում:
1993-95թթ. պաշտոնավարել է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կից և Արարատյան Հայրապետական թեմում գործող կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն:
1995-1999 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է վերակազմավորված ՔԴՔԿ –ի վարիչ-տնօրեն: Մինչև պաշտոնավարության ավարտը Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքներում կազմակերպել է Քրիստոնեական կրոնի դասավանդման ուսուցիչների վերապատրաստում: Այդ ընթացքում ՔԴՔԿ-ի կողմից հրատարակվել է 26 անուն հոգևոր գրականություն` կրոնի դասագրքեր, ուսուցիչների ուսումնական ձեռնարկ: Հիմնադրել է «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը, կյանքի է կոչել «Սիրեցէք զմիմեանս» ամենօրյա, «Խօրան լուսոյ» շաբաթօրյա և մանկական «Առավոտ լուսոյ» կիրակնօրյա կրոնական հաղորդաշարերը:
1996 թ. ներկայացրել եւ պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գրիգոր Տաթեւացու «Հարցմանց» եւ «Ոսկեփորիկ» գրքերի հայրախոսական աղբյուրները» թեմայով:
1996թ. հունիսի 20-ին, Մայր Տաճար Սուրբ Էջմիածնի Խորանին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է մասնավոր վարդապետական չորս աստիճան:
1999 թ. դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:
2000-2002 թթ. Հոգեշնորհ Հայր Սուրբի գլխավորությամբ ավարտին են հասցվում Մուղնու «Սուրբ Գևորգ» և «Սաղմոսավանք» վանական համալիրների, Բյուրականի «Սուրբ Հովհաննես», Ապարանի «Սուրբ Խաչ» և Օշականի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցիների վերանորոգման աշխատանքները և կազմակերպվում է դրանց վերաօծման արարողությունը:
Նշված ժամանակահատվածում հիմնադրվել է նաև «Արագածոտն» երկշաբաթաթերթը:
Նույն շրջանին Մայր Աթոռի և Արագածոտնի մարզային իշխանությունների աջակցությամբ Հոգշ. Տ. Վազգեն վարդապետ Միրզախանյանն իրականացնում է Քրիստոնեական կրոն առարկայի պաշտոնական դասավանդումը Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում:
2002 թ. Հոգշ. Տ. Վազգեն վարդապետ Միրզախանյանը սեպտեմբերի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ:
2003 թ. հունիսի 23-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս:
2007 թվականից Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի, իսկ 2017թվականից` Մայր Աթոռի Կարգապահական և Պարգևատրման հանձնախմբի անդամ:
Թեմակալ առաջնորդի մեծ ջանքերի շնորհիվ 2012 թվականին Վիրահայոց թեմը գրանցվեց Վրաստանի պետռեեստրում` որպես հանրային իրավունքի սուբյեկտ:
2014 թվականին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը նույնպես գրանցվեց Վրաստանի պետռեեստրում:
2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» շքանշանով:
2018 թվականից Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Հայրենիք- Սփյուռք հանձնախմբի ատենապետ:
2002-2019 թվականների ընթացքում Վիրահայոց թեմում կառուցվել, վերանորոգվել և օծվել են շուրջ 46 եկեղեցիներ և մատուռներ՝ Թբիլիսի, Ախալցիխե, Ախալքալաք, Ասպինձա, Բաթումի, Թեթրի-Ծղարո, Ծալկա, Մառնեուլի, Նինոծմինդա քաղաքներում և շրջաններում: Դրանց մեջ առանձնահատուկ նշանակություն են ունեցել Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Թբիլիսի քաղաքում կառուցվել են Թեմի Առաջնորդարանը և «Հայարտուն» կենտրոնը:
Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդության տարիներին, հիմնադրվել են «Հայարտուն», «Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս», «Կարապետ արքեպ. Բագրատունի», «Խրիմյան Հայրիկ», «Ալեքսանդր Մանթաշյանց», «Ռաֆայել Ջավախ», «Սուրբ Գրիգոր Նարեկացի», «Վարդգես Սուրենյանց» և «Կոմիտաս Վարդապետ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնները, որոնցում գործում են երգի, պարի, ժողգործիքների, ասմունքի, վոկալ-գործիքային, համակարգչային ուսուցման, գեղագիտական դաստիարակության խմբակներ և համույթներ, ինչպես նաև նախակրթարաններ, շաբաթօրյա ու կիրակնօրյա դպրոցներ:
Առաջնորդության տարիներին առանցքային նշանակություն ունեցավ Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանի ձեռքբերումը և տեղում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոնի հիմնադրումը:
Թեմի գործունեությունը արդյունավետ դարձնելու նպատակով հիմնվել են կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի, մամլո և լրատվության, իրավական և համագործակցության, ֆինասական, վարչատնտեսական և սոցիալական բաժիններ, ներդրվել է կառավարման ճկուն համակարգ: Թեմը համալրվել է քահանաներով և սարկավագներով, աճել է աշխատակիցների թվաքանակը:
Տպագրվել է «Նորաշեն» հանդեսը, Հայաստանի և Վրաստանի Գրողների, «Վերնատուն» Հայ Գրողների, «Լոռվա Ձոր» հայրենակցական միությունների, պետական և հասարակական կառույցների հետ համագործակցությամբ տպագրվել են մեկ տասնյակից ավելի արժեքավոր գրքեր և ալբոմներ, վրացահայ անվանի գործիչների և պատմական դեմքերի մասին նկարահանվել են ֆիլմեր: Հիմնադրվել է թեմի կայք-էջը:
Նշված ժամանակահատվածում Վրաստանի հայաբնակ քաղաքներում և գյուղերում տեղադրվել և օծվել են տասնյակ խաչքարեր և հուշարձաններ: Նախաձեռնվել և իրականացվել են համահայկական նշանակության հիշատակի և համազգային հոբելյանական տոնակատարություններ:
Վազգեն եպիսկոպոսի առաջնորդության տարիներին թեմի եկեղեցիներ և առաջնորդարան են այցելել Հայաստանի և Վրաստանի նախագահներ, վարչապետներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հիմնվել են համայնքային և հասարակական կազմակերպություններ, զարկ է տրվել հոգևոր–կրթական, մշակութային, երիտասարդական գործունեությանը: Վերականգնվել են ժողովրդական և ծիսական ավանդությունները, մեծ տարածում է ստացել հայկական խոհանոցային մշակույթը, հոգևոր-կրոնական ազգային և պետական տոներին նվիրված` կազմակերպվել են հարյուրավոր արժանահիշատակ միջոցառումներ:
Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանի, Վրաստանի կառավարության, Վրաստանում գործող կրոնական և ազգային համայնքների հետ հաստատվել են գործնական և բարեկամական կապեր, աշխուժացվել է էկումենիկ համագործակցությունը:
Վրաստանի Կառավարության ու Պատրիարքարանի հետ պարբերաբար բանակցություններ են տարվել` հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության և թեմին վերադարձնելու հարցերով:
Սերտ կապեր են հաստատվել Մայր Հայրենիք Հայաստանի, համահայկական կառույցների և աշխարհասփյուռ հայության հետ:
Հոգևոր առաքելության ծրագրերի շրջանակներում Սրբազանը այցելություններ է կատարել մի շարք երկրներ, այդ թվում` Արևմտյան Հայաստան, Ավստրալիա, Արգենտինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կանադա, Ռուսաստանի Դաշնություն, Իսրայել, Լիբանան, և այլն:
2019 թվականի հունիս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և նույն թվականի օգոստոս ամսին նշանակվել Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային Հարցերի գրասենյակի տնօրեն: