Материалы

ՎԱԶԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

20Գերշ.  Տ.  Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանը (ավազանի  անունը  Էդվարդ)  ծնվել  է 1965 թ. հուլիսի 21-ին,  ՀՀ  Արմավիրի  մարզի  Արտիմեդ (նախկինում  Աթարբեկյան)   գյուղում:

1982-1989թթ. ուսանել  և  ավարտել  է  Մայր  Աթոռ   Սուրբ  Էջմիածնի   Գևորգյան  Հոգևոր  Ճեմարանը: 1984-1986թթ.  ծառայել  է  Խորհրդային  բանակում:  1989թ.  մայիսի  7-ին,  ձեռամբ  Գերշ.  Տ.  Հուսիկ   արքեպիսկոպոս   Սանթուրյանի,   ձեռնադրվել  է  սարկավագ:

1990թ. պաշտպանել  է  ավարտաճառ   «Գրիգոր  վարդապետ  Սկևռացու  կյանքն   ու   մատենագրական  ժառանգությունը»   թեմայով  և  ստացել  գերազանց  գնահատական:

1991թ.հուլիսի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն  Ա  Ամենայն   Հայոց   Կաթողիկոսի   օրհնությամբ  և  հանդիսապետությամբ, Մայր  Տաճար  Սուրբ  Էջմիածնում,  ձեռամբ  Գերշ. Տ. Ներսես  արքեպիսկոպոս  Պոզապալյանի, ձեռնադրվել  է  կուսակրոն  քահանա: Ձեռնադրությունից  հետո  աշխատանքի  է  անցել  Գևորգյան  Հոգևոր  Ճեմարանում  եւ  նորաբաց  Քիրստոնեական  Դաստիարակության   կենտրոնում:

1993-95թթ. պաշտոնավարել է որպես Մայր  Աթոռ  Սուրբ   Էջմիածնին  կից  և  Արարատյան  Հայրապետական  թեմում   գործող  կիրակնօրյա  դպրոցների  վարիչ-տնօրեն:

1995-1999 թթ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Ա  Ամենայն  Հայոց  Կաթողիկոսի  տնօրինությամբ  նշանակվել  է  վերակազմավորված  ՔԴՔԿ –ի  վարիչ-տնօրեն: Մինչև  պաշտոնավարության  ավարտը   Հայաստանի   և  Արցախի  մի  շարք  քաղաքներում  կազմակերպել  է  Քրիստոնեական  կրոնի  դասավանդման   ուսուցիչների   վերապատրաստում:  Այդ  ընթացքում  ՔԴՔԿ-ի  կողմից  հրատարակվել  է 26 անուն  հոգևոր  գրականություն`  կրոնի  դասագրքեր, ուսուցիչների  ուսումնական  ձեռնարկ: Հիմնադրել  է «Քրիստոնյա  Հայաստան» երկշաբաթաթերթը, կյանքի  է  կոչել    «Սիրեցէք  զմիմեանս»  ամենօրյա,    «Խօրան  լուսոյ» շաբաթօրյա   և    մանկական   «Առավոտ  լուսոյ»   կիրակնօրյա    կրոնական   հաղորդաշարերը:

1996 թ. ներկայացրել  եւ  պաշտպանել  է  վարդապետական  թեզ «Սուրբ  Գրիգոր  Տաթեւացու   «Հարցմանց»   եւ   «Ոսկեփորիկ»   գրքերի  հայրախոսական  աղբյուրները»   թեմայով:

1996թ. հունիսի 20-ին, Մայր  Տաճար  Սուրբ  Էջմիածնի  Խորանին,  ձեռամբ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Ա  Ամենայն  Հայոց  Կաթողիկոսի, ստացել է  մասնավոր  վարդապետական  չորս  աստիճան:

1999 թ. դեկտեմբերի 1-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ  Ամենայն   Հայոց  Կաթողիկոսի  Հայրապետական  տնօրինությամբ  նշանակվել  է  Արագածոտնի  թեմի  առաջնորդական  տեղապահ:

2000-2002 թթ.  Հոգեշնորհ Հայր Սուրբի գլխավորությամբ ավարտին  են  հասցվում   Մուղնու «Սուրբ  Գևորգ» և  «Սաղմոսավանք»  վանական  համալիրների,  Բյուրականի  «Սուրբ  Հովհաննես»,  Ապարանի  «Սուրբ  Խաչ» և  Օշականի  «Սուրբ  Մեսրոպ  Մաշտոց»  եկեղեցիների  վերանորոգման  աշխատանքները  և  կազմակերպվում է   դրանց  վերաօծման  արարողությունը: 

Նշված  ժամանակահատվածում  հիմնադրվել  է նաև  «Արագածոտն»   երկշաբաթաթերթը:

Նույն  շրջանին  Մայր  Աթոռի  և   Արագածոտնի  մարզային  իշխանությունների  աջակցությամբ  Հոգշ. Տ. Վազգեն  վարդապետ  Միրզախանյանն  իրականացնում  է  Քրիստոնեական  կրոն  առարկայի  պաշտոնական  դասավանդումը  Արագածոտնի  մարզի  հանրակրթական  դպրոցներում:

2002 թ. Հոգշ. Տ. Վազգեն  վարդապետ  Միրզախանյանը  սեպտեմբերի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ  Ամենայն   Հայոց   Կաթողիկոսի  Հայրապետական   տնօրինությամբ   նշանակվել  է  Վիրահայոց   թեմի   առաջնորդ:

2003 թ. հունիսի 23-ին  ձեռամբ  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ  Ամենայն  Հայոց  Կաթողիկոսի  ձեռնադրվել  է  եպիսկոպոս:

2007 թվականից  Գերշ. Տ. Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանը  հանդիսանում է Հայ Առաքելական  Եկեղեցու   Գերագույն   Հոգևոր   Խորհրդի, իսկ 2017թվականից` Մայր  Աթոռի  Կարգապահական  և  Պարգևատրման   հանձնախմբի   անդամ:

Թեմակալ  առաջնորդի  մեծ  ջանքերի  շնորհիվ 2012 թվականին Վիրահայոց թեմը գրանցվեց Վրաստանի պետռեեստրում` որպես  հանրային  իրավունքի  սուբյեկտ:

 2014 թվականին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը  նույնպես  գրանցվեց  Վրաստանի  պետռեեստրում:

2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան»  շքանշանով: 

2018  թվականից  Գարեգին Բ  Ամենայն հայոց  Կաթողիկոսի  տնօրինությամբ  նշանակվել  է  Հայրենիք- Սփյուռք  հանձնախմբի   ատենապետ:

2002-2019  թվականների  ընթացքում   Վիրահայոց   թեմում  կառուցվել, վերանորոգվել  և  օծվել  են  շուրջ 46 եկեղեցիներ  և  մատուռներ՝   Թբիլիսի,  Ախալցիխե,  Ախալքալաք,  Ասպինձա,  Բաթումի,  Թեթրի-Ծղարո,  Ծալկա,  Մառնեուլի,  Նինոծմինդա  քաղաքներում  և  շրջաններում:  Դրանց  մեջ  առանձնահատուկ  նշանակություն են  ունեցել  Թբիլիսիի  առաջնորդանիստ  Սուրբ  Գևորգ  և  Սուրբ  Էջմիածին  եկեղեցիները: Թբիլիսի  քաղաքում  կառուցվել  են  Թեմի  Առաջնորդարանը և «Հայարտուն»  կենտրոնը:

Գերշ. Տ. Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանի  առաջնորդության  տարիներին, հիմնադրվել  են «Հայարտուն»,  «Վազգեն  Առաջին  Ամենայն  Հայոց  Կաթողիկոս»,  «Կարապետ  արքեպ. Բագրատունի»,   «Խրիմյան  Հայրիկ»,  «Ալեքսանդր   Մանթաշյանց»,  «Ռաֆայել  Ջավախ», «Սուրբ  Գրիգոր  Նարեկացի», «Վարդգես  Սուրենյանց»  և «Կոմիտաս  Վարդապետ»  կրթամշակութային  և  երիտասարդական  կենտրոնները,   որոնցում  գործում  են  երգի,  պարի, ժողգործիքների,  ասմունքի,  վոկալ-գործիքային,  համակարգչային   ուսուցման,  գեղագիտական  դաստիարակության  խմբակներ  և  համույթներ, ինչպես   նաև   նախակրթարաններ,  շաբաթօրյա  ու  կիրակնօրյա  դպրոցներ: 

Առաջնորդության տարիներին առանցքային  նշանակություն ունեցավ  Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանի ձեռքբերումը  և  տեղում    «Հովհաննես Թումանյանի տուն»  գիտական-մշակութային  կենտրոնի  հիմնադրումը:

Թեմի  գործունեությունը  արդյունավետ  դարձնելու  նպատակով  հիմնվել  են  կրթության, մշակույթի,  երիտասարդության հարցերի, մամլո և լրատվության, իրավական և համագործակցության, ֆինասական,  վարչատնտեսական  և սոցիալական բաժիններ,  ներդրվել  է  կառավարման  ճկուն  համակարգ:  Թեմը  համալրվել  է  քահանաներով  և  սարկավագներով,  աճել  է  աշխատակիցների  թվաքանակը:

Տպագրվել  է «Նորաշեն» հանդեսը,  Հայաստանի  և Վրաստանի  Գրողների,   «Վերնատուն» Հայ  Գրողների, «Լոռվա  Ձոր»  հայրենակցական  միությունների,  պետական  և  հասարակական  կառույցների   հետ  համագործակցությամբ  տպագրվել  են  մեկ տասնյակից  ավելի  արժեքավոր  գրքեր  և  ալբոմներ,  վրացահայ  անվանի  գործիչների  և  պատմական  դեմքերի  մասին նկարահանվել  են  ֆիլմեր:   Հիմնադրվել  է  թեմի  կայք-էջը:

Նշված   ժամանակահատվածում   Վրաստանի   հայաբնակ    քաղաքներում  և  գյուղերում  տեղադրվել  և  օծվել  են  տասնյակ   խաչքարեր  և  հուշարձաններ:  Նախաձեռնվել  և իրականացվել են  համահայկական  նշանակության  հիշատակի  և  համազգային  հոբելյանական  տոնակատարություններ:  

Վազգեն եպիսկոպոսի առաջնորդության տարիներին  թեմի  եկեղեցիներ  և  առաջնորդարան  են այցելել  Հայաստանի  և  Վրաստանի  նախագահներ,  վարչապետներ  և  բարձրաստիճան  այլ  պաշտոնյաներ: 

Հիմնվել  են   համայնքային   և    հասարակական   կազմակերպություններ,   զարկ  է  տրվել  հոգևոր–կրթական,  մշակութային, երիտասարդական  գործունեությանը:   Վերականգնվել    են   ժողովրդական  և  ծիսական  ավանդությունները, մեծ  տարածում  է  ստացել   հայկական   խոհանոցային   մշակույթը,  հոգևոր-կրոնական  ազգային  և  պետական տոներին  նվիրված` կազմակերպվել են  հարյուրավոր  արժանահիշատակ   միջոցառումներ:

Վրաց  Ուղղափառ Եկեղեցու  պատրիարքարանի, Վրաստանի  կառավարության,   Վրաստանում  գործող  կրոնական  և  ազգային  համայնքների  հետ   հաստատվել  են գործնական   և   բարեկամական   կապեր,  աշխուժացվել  է   էկումենիկ  համագործակցությունը:

       Վրաստանի Կառավարության  ու  Պատրիարքարանի հետ  պարբերաբար   բանակցություններ են տարվել` հայկական  պատմամշակութային  հուշարձանների   պահպանության  և  թեմին վերադարձնելու   հարցերով:

Սերտ կապեր են  հաստատվել Մայր  Հայրենիք  Հայաստանի,  համահայկական  կառույցների  և  աշխարհասփյուռ  հայության  հետ:

Հոգևոր առաքելության ծրագրերի շրջանակներում Սրբազանը այցելություններ է  կատարել  մի  շարք  երկրներ,  այդ  թվում` Արևմտյան  Հայաստան,  Ավստրալիա,  Արգենտինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կանադա, Ռուսաստանի  Դաշնություն,  Իսրայել,  Լիբանան,  և  այլն:

2019 թվականի  հունիս  ամսին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ  Ամենայն  Հայոց  Կաթողիկոսի  տնօրինությամբ  Գերաշնորհ  Տեր Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանը  ազատվել է  Վիրահայոց  թեմի  առաջնորդի  պաշտոնից  և  նույն  թվականի  օգոստոս  ամսին  նշանակվել  Մայր   Աթոռի   Եկեղեցական  Հայեցակարգային   Հարցերի   գրասենյակի   տնօրեն: 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են